Հայտնի հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը մահացել է դժբախտ պատահարի, այլ ոչ թե ինքնասպանության հետեւանքով: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականներ Սթիվեն Նայֆեհը եւ Գրեգորի Ուայթ Սմիթը մի քանի տարի անցկացրած հետազոտության արդյունքում: Գիտնականներն ուսումնասիրել են Վան Գոգի ընտանիքում պահված նամակները: Նրա մահվան սեփական վարկածը գիտնականները շարադրել են «Վան Գոգի կյանքը» գրքում: Պուլիտցերյան մրցանակակիրներ Նայֆեհն ու Սմիթն ապացուցել են, որ հոգեկան խանգարումով տառապող Վան Գոգը ոչ թե ինքնասպան է եղել, այլ երկու պատանի պատահաբար կրակել են նրա վրա: Գիտնականներին մասնավորապես տարօրինակ էր թվացել այն փաստը, թե ինչպես է մարդը, որն իր կրծքին է կրակել, կարողացել մեկ կիլոմետր ճանապարհ անցնել դրանից հետո: Բացի այդ, չէին հայտնաբերվել նկարչական իրերը, որոնք Վան Գոգը վերցրել էր իր հետ: