Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունն ընտրել է 2012 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածուին, ով հաջորդ տարվա գարնանը նախանշված ընտրություններում լինելու է երկրի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի հիմնական մրցակիցը: Նախօրեին անցկացված փրայմերիզի արդյունքներով` Սոցիալիստական կուսակցության թեկնածուն դարձել է կուսակցության նախկին առաջնորդ Ֆրանսուա Հոլանդը: Նա երկրորդ փուլի ժամանակ հավաքել է մոտ 3 միլիոն սոցիալիստ ընտրողների ձայների ավելի քան 50%-ը: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլանդը ստացել է ընտրողների 57.74% ձայները, իսկ նրա մրցակիցը` Մարտին Օբրին` 42.26%-ը: Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար, Օլանդի հիմնական մրցակից Մարտին Օբրին ընդունել է իր պարտությունը եւ հայտարարել, որ աջակցելու է Օլանդին առաջիկա ընտրությունների ժամանակ: Օլանդն արդեն առաջ է անցել գործող նախագահից սոցհարցումների արդյունքներով եւ վստահ գլխավորում է նախագահի թեկնածուների ցուցակը: Հիշեցնենք, որ Օլանդը մինչեւ 2008 թ. գլխավորել է սոցիալիստական կուսակցությունը: Նա եղել է անցած ընտրություններում Սարկոզիի հիմնական մրցակից Սեգոլեն Ռուայալի քաղաքացիական ամուսինը: Սոցիալիստական կուսակցության այս տարվա նախնական ընտրություններում Ռուայալը զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը` հավաքելով կուսակիցների ձայների մոտ 7%-ը: