Հոկտեմբերի 16-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են ՀՀ Զինված ուժերի ժամկետային 3 զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը «panorama» կայքի թղթակցի հետ զրույցում ասել է, թե ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեցել են կարճատեւ արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չեն ունեցել դուրս գալ Երեւանի կայազորի տարածքից: Նրա խոսքով` որպես կանոն, զինվորները կարճատեւ արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարության կողմից: «Տվյալ դեպքում այդ զինվորները, հետեւելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երեւանի կայազորի տարածքից եւ ուղղություն վերցրել դեպի Սեւան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս տեղի է ունեցել ավտոպատահարը»: Վ. Գասպարյանը կոչ է արել զինծառայողների ծնողներին եւ ազգականներին` զերծ մնալ անհարկի միջամտություններից, որոնց հետեւանքով խախտվում են զինվորական կանոնակարգերը` բոլոր անցանկալի հետեւանքներով: «Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների»,- ասել է Վ. Գասպարյանը: