Ալիեւը սպասում է Պուտինին

18/10/2011

«Մինչ օրս հավատում ենք, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով»,- արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Հայկական զինված ուժերը պետք է դուրս գան ադրբեջանական բոլոր տարածքներից, իսկ ադրբեջանցիներն էլ պետք է իրավունք ունենան վերադառնալու Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղին կարելի է տալ ինքնավարության կարգավիճակ»,- ասել է Ալիեւը: Խոսելով շփման գծում առկա իրավիճակի մասին, Ալիեւն ասել է, թե այն փխրուն է, եւ չկա խաղաղություն: Ադրբեջանի նախագահը նաեւ հավելել է, որ այսօր իր երկրում կա մեկ միլիոն փախստական, եւ, ինչպես միշտ, պնդել է, թե Ղարաբաղը ադրբեջանական տարածք է: Ալիեւը նշել է, որ ադրբեջանական կողմը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ շուրջ 12-15 հազար մարդ է կորցրել:

Ադրբեջանի նախագահը համոզված է, որ իր երկիրը իրավունք ունի ցանկացած ճանապարհով կարգավորել այս խնդիրը, եւ, որ միջազգային նորմերն այդ իրավունքը պաշտոնական Բաքվին տալիս են: «Հայաստանը գաղափար է առաջ քաշել, որ որոշակի առումներով հետաքրքրված է Եվրամիությանն անդամակցելու հարցում: Իսկ Դուք Եվրամիությանը անդամակցելու քայլ երբեւիցե արե՞լ եք». «Ալ-Ջազիրա»-ի այս հարցին ի պատասխան` Ալիեւը նախ ասել է, թե տեղյակ չէ, որ Հայաստանը նման հայտարարություն է արել: Ինչ վերաբերում է իր երկրին, ապա, նրա փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն եւ Բրյուսելը այսօր բավարարված են այն համագործակցությամբ, որ առկա է: Խոսելով Կրեմլ Վլադիմիր Պուտինի սպասվող վերադարձի մասին` Ալիեւը կարծիք է հայտնել, թե ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունները Պուտինի օրոք էլ կմնան այդպիսին: «Կարծում եմ, որ Պուտինի նախագահ դառնալով` կշարունակվի նրա ադրբեջանական քաղաքականությունը։ 2003-2008 թվականներին, երբ Պուտինը նախագահ էր, մենք բազմիցս հանդիպել ենք նրա հետ: Նա քանիցս այցելել է Բաքու, իսկ ես` Մոսկվա: Ադրբեջանի հետ կապված Ռուսաստանի քաղաքականության հիմքը փաստացիորեն դրել է հենց Վլադիմիր Պուտինը: Պուտինն Ադրբեջան այցելած Ռուսաստանի առաջին նախագահն է (2001): Պատկերացրեք, որ Ադրբեջանի անկախության ձեռք բերմանը հաջորդած 10 տարիների ընթացքում Ռուսաստանի նախագահը ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջան: Այդպիսով, նախագահ Պուտինի ադրբեջանական այցը շրջադարձային կետ հանդիսացավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Այդ պահից սկսած` հետագա 10 տարիների ընթացքում մենք շատ մեծ հաջողություններ ենք արձանագրել երկկողմանի հարաբերությունների զարգացման գործընթացում: Խոսքը քաղաքական, տնտեսական, էներգետիկ ոլորտներում համագործակցության մասին է: Մենք ստորագրել ենք նաեւ սահմանագծման համաձայնագիր։ Դա նաեւ պատմական փաստաթուղթ է: Ես կարծում եմ, որ ներկայումս Ռուսաստանն ու Ադրբեջանը բարիդրացիական հարաբերությունների վառ օրինակ են: Այդ քաղաքականության հիմքը դրվել է Վլադիմիր Պուտինի կողմից, իսկ նախագահ Մեդվեդեւը շարունակել է այն: Դրա համար էլ մենք վստահ ենք, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է»,- հայտարարել է Ալիեւը: Նա նաեւ վստահեցրել է, թե Ադրբեջանը ժողովրդավարական պետություն է, իսկ Եվրախորհրդարանը պարբերաբար քննադատում է պաշտոնական Բաքվին, քանի որ Եվրոպայում ուժեղ է հայկական լոբբին: Խոսելով Ադրբեջանի էներգետիկ ոլորտի մասին` Ալիեւն ասել է. «Այսօր մեր արտահանման հիմքում ընկած է նավթը: Հիմա մենք արդյունահանում ենք մոտ 1 միլիոն բարել նավթ, որի մեծ մասն արտահանվում է: Ինչ վերաբերում է գազին, ապա մենք միայն ոչ վաղ անցյալում ենք վերածվել գազ արտահանող երկրի: Սակայն մեր գազի արտահանումը դեռեւս սահմանափակվում է տարածաշրջանային շուկայով: Մենք գազի վիթխարի պաշարներ ունենք: Ադրբեջանի ապացուցված գազային պաշարները կազմում են մոտ 2.6 տրիլիոն խորանարդ մետր: Սակայն, ի տարբերություն նավթի, գազի բիզնեսում փոխադրման համակարգը պետք է անմիջապես հասնի սպառողին: Դրա համար, հավանաբար, պետք է կառուցվեն նոր խողովակաշարեր, կամ էլ ընդլայնվեն արդեն գործողները: Մենք այդպիսի պլաններ ունենք, եւ ես կարծում եմ, որ 7-10 տարի անց Ադրբեջանն աշխարհում ավելի հայտնի կլինի իր գազով, քան նավթով»: Ալիեւը նաեւ նշել է, որ եթե ժողովուրդը ցանկանա, ապա ինքը երրորդ անգամ կառաջադրի իր թեկնածությունն Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում: