Մեղրը փոխարինել չուպա-չուպսով

18/10/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Տեր Եսայի քահանա Արթենյանի դատական հայցն ընդդեմ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամների` իրավապաշտպան կազմակերպությունների համար հրաշալի առիթ է` քննադատել Հայ Առաքելական եկեղեցին, պնդել, որ ինչպես օլիգարխները` տնտեսության մեջ, մեր եկեղեցին էլ ցանկանում է մենաշնորհ ունենալ հոգեւոր ոլորտում: Ինքս Հայ Առաքելական եկեղեցու անդամ եմ եւ շատ լուրջ դժգոհություններ ունեմ մեր հոգեւոր վերնախավից: Շատ կցանկանայի, որ մեր կաթողիկոսը, բարձրաստիճան հոգեւորականները պակաս արծաթասեր լինեին. լինեին ժուժկալ, աստվածավախ մարդիկ: Սակայն նրանցով դատել մեր եկեղեցու, մեր ավանդույթների մասին եւ ի հակադրություն` լքել Հայ Առաքելական եկեղեցին ու անդամակցել տարբեր աղանդների, նման է մեղրը չուպա-չուպսով փոխարինելուն:

Այո՛, եկեղեցական մեր վերնախավն այնպիսին չէ, ինչպիսին կցանկանայինք տեսնել: Սակայն ցույց տվեք կրոնական որեւէ աղանդի վերնախավի, ով ավելի համեստ ու աստվածավախ կյանքով է ապրում: Անհասկանալի միջոցներով, պերմանենտ կառուցում են ու կառուցում` շքեղ առանձնատներ, դահլիճներ, շենքեր: Մեր քահանաների խոսքը, Պատարագը փոխարինել հավաքներով, ուր բեմում շամանների պես այսուայնկողմ վազվզող ու ձեռքերը թափահարող մարդիկ են, այնքան անհամարժեք ընտրություն է: Բավական է տեսնել աղանդավորական հավաքույթների մասին պատմող` համացանցում տեղադրված հոլովակները: Մեր հայրենակիցները կանգնած են խմբերով, քարոզիչը ամբիոնի մոտ բարձր ձայնով բացականչություններ է անում, ձեռքը դնում մարդկանց ճակատին, վերջիններս սկսում են հիստերիկ ծիծաղել ու ուշաթափվել: Լսվում են ինչ-որ անհասկանալի, ներեցեք, բայց բառաչանք հիշեցնող ձայներ, էքստազի մեջ գտնվող հավատացյալները գալարվում են: Սա թողնում է սարսափ ֆիլմի տպավորություն: Ավելին, պարզվում է` այնպիսի մարդիկ են հարում աղանդավորական շարժումներին, որոնց վարքը, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, դժվար է աստվածահաճո համարելը:

Եվ այս ամենին միանում են նաեւ իրավապաշտպանները, ովքեր սոփեստության, ճարպիկ բառախաղերի միջոցով ձեւացնում են, թե չեն նկատում իրականությունը: Ոչ ոք չի կարող ժխտել, որ յուրաքանչյուր մարդ ունի խղճի, դավանանքի ազատություն: Աստված ինքն է մարդուն տվել կամք` ազատ ընտրություն անելու: Սակայն թող մարդկանց կրոնական իրավունքները պաշտպանող իրավապաշտպանները բարձրաձայն ասեն` կցանկանա՞ն, որ իրենց զավակը հարի աղանդներից որեւէ մեկին, հաճախի նման հավաքույթների: Շատ ընտանիքների համար սա ողբերգություն է:

Լինել աղանդավոր` չի նշանակում` լինել վատ մարդ: Եվ հակառակը: Բազմաթիվ ազնիվ մարդիկ են հարում տարբեր աղանդների: Նրանք, ինչպես եւ յուրաքանչյուր բանական արարած, փորձում է փնտրել, գտնել Ճշմարտությունը: Եվ այդ ճանապարհին ազգային պատկանելությունը, սեփական ժողովրդի պատմությունը, ավանդույթները ոմանց թվում են անէական ատրիբուտ: Կարելի է հաճույքով եւ ինքնամոռաց լսել որեւէ ամերիկացի քարոզիչ ոմն Սմիթի կամ Ջոնսի, սակայն դա տրամաբանական կլիներ, եթե ծանոթ լինեին, դիցուք, Գրիգոր Տաթեւացու, Նարեկացու գործերին: Ընթերցեին, գտնեին, որ պակաս խորն է ու թույլ, քան Սմիթի քարոզները, ու սկսեին փնտրել այդտեղ: Նրանք, ովքեր հարում են զանազան աղանդների, մեր մշակույթը չեն կրում: Հետեւաբար, չեն էլ կարող փոխանցել. աղանդավոր են դառնում նաեւ նրանց զավակները: Եվ երբ աղանդների տարածման դեմ պայքարի ռազմավարություն է քննարկվում Ազգային անվտանգության խորհրդում, ամենեւին պետք չէ հումորի խոշոր վարպետ ձեւանալ, սրամտել ու քննադատել այդ քայլի անհրաժեշտությունը:

Աղանդների դավանաբանական տարբերություններն ու նրբությունները չեմ ուսումնասիրել: Իմ հիմնավորումներն են` որ եթե ծնողդ տարեց է, հիվանդ կամ նրա բնավորությունը քեզ հաճելի չէ, չես թողնի նրան, այդպես էլ` եկեղեցին է, հավատքը: Իմ բոլոր հիմնավորումներին աղանդների ներկայացուցիչներն ունեն մեկ պատասխան` Աստված մեկն է եւ բոլորինը: Որ Աստված, եկեղեցին չեն կարող ազգային լինել: Ինձ թույլ եմ տալիս պնդել, որ մեր բազում իրավապաշտպաններից, աղանդավորներից ու, առհասարակ, մարդկության մեծագույն մասից, ավելի լուրջ, փաստարկված ու խորն է Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոեւսկու կարծիքն այս թեմայով: Իր «Դեւերը» վեպում գրողը խոսում է իր հերոսներից մեկի` Շատովի շուրթերով: (Ի դեպ, Դոստոեւսկու այս գործը իր կյանքի վերջին տարիներին թարգմանում էր թարգմանիչ, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը: Չգիտեմ, հասցրե՞ց նա ավարտել այն: Ներկայացվող հատվածի իմ թարգմանությունը, հասկանալի է, սիրողական է): Ըստ այդմ` «Գիտությանն ու բանականությանը ժողովուրդների կյանքում վերապահված է եղել, այժմ էլ է՛, երկրորդական, սպասարկու դերեր: Ժողովուրդները կազմավորվում ու շարժվում են այլ, անհասկանալի ու անբացատրելի սկիզբ ունեցող ուժով: Դա վերջին հասնելու ու, միաժամանակ, վերջը ժխտելու անհաղթահարելի ցանկությունն է: Ես դա համարում եմ «Աստծո փնտրտուք»: (…) Բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում եւ իրենց գոյության բոլոր շրջաններում ունեցել են մեկ նպատակ, եւ դա է՛ իր, անպայման ի՛ր, սեփակա՛ն Աստծո փնտրտուքը եւ հավատը նրա հանդեպ` որպես միակ ճշմարիտի: Դեռ երբեք չի եղել, որ բոլորը կամ շատ ժողովուրդներ ունենան ընդհանուր Աստված: Սակայն յուրաքանչյուրի Աստվածը միշտ եղել է առանձնահատուկ: Ժողովուրդների ոչնչացման նշան է, երբ աստվածները սկսում են ընդհանուր դառնալ: Երբ աստվածներն ընդհանուր են դառնում, աստվածները մեռնում են, նրանց հետ` եւ՛ հավատը, եւ՛ ժողովուրդները: Որքան ուժեղ, հզոր է ժողովուրդը, այնքան առանձնահատուկ է նրա աստվածը: Դեռեւս չի եղել ժողովուրդ` առանց կրոնի: Այսինքն` առանց չարի ու բարու մասին պատկերացումների: Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր սեփական պատկերացումները չարի ու բարու մասին եւ իր սեփական բարին ու չարը: Երբ շատ ժողովուրդների մոտ բարու ու չարի մասին պատկերացումները սկսում են ընդհանրանալ, այդ ժամանակ մահանում են ժողովուրդները, եւ այդ ժամանակ սկսում է լղոզվել ու անհետանալ չարի ու բարու սահմանագիծը: Երբեք բանականությունն ի զորու չի եղել որոշել չարն ու բարին եւ անգամ տարանջատել չարը բարուց, անգամ մոտավորապես: Յուրաքանչյուր ժողովուրդ այնքան ժամանակ է ժողովուրդ, քանի դեռ ունի իր սեփական աստվածը եւ մյուս բոլոր աստվածներին ժխտում է անվերապահորեն: Քանի դեռ հավատում է, որ իր աստծով կհաղթի եւ աշխարհից կքշի մյուս բոլոր աստվածներին: Այդպես հավատում էին բոլոր ժողովուրդները, ամեն դեպքում` բոլոր հզո՛ր ժողովուրդները, ովքեր գլխավորում էին մարդկությունը: Եթե հզոր ժողովուրդը չի հավատում, որ ինքն է միակ ճշմարտության կրողը (ընդ որում, բացառապե՛ս ինքը), եթե չի հավատում, որ միայն ինքն է ի զորու եւ կոչված հարություն տալու բոլորին եւ փրկելու սեփական ճշմարտությունը, նա նույն րոպեին դադարում է լինել հզոր ժողովուրդ եւ նույն պահին վեր է ածվում էթնոգրաֆիկ զանգվածի: Իսկապե՛ս հզոր ժողովուրդը երբեք չի կարող հաշտվել մարդկության մեջ երկրորդական, անգամ ոչ այնքան առաջնային դերով: Նա ձգտում է բացառապես առաջին դերին: Ով կորցնում է այս հավատը, նա արդեն ժողովուրդ չէ»: Կարդացե՛ք կամ վերընթերցեք «Դեւերը»: Անգամ, եթե դրա համար ոչ ոք գրանտ չի առաջարկում: