Երեկ ԱԺ-ն քննարկման ներկայացրեց «Փոստային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Քննարկման ընթացքում հիմնական տարաձայնությունն այն էր, որ «Հայփոստ» ընկերության ֆինանսական կառավարումը 5 տարով տրվել է «Կոնվերս-ինվեստ» ընկերությանը: Այս փաստն առաջացրել է պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի դժգոհությունը, որը, որպես «Հայէկոնոմբանկի» բաժնետեր, ասաց, որ ֆինանսական կառավարման որոշումը կայացվել է առանց մրցույթ հայտարարելու եւ բոլոր բանկերի համար հավասար պայմաններ չեն ստեղծվել: «Մեր երկրում շատ բան է եղել առանց մրցույթի»,- հակադարձեց Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ավելացնելով, որ «Հայփոստը» մնում է պետական կառույց եւ, եթե հետագայում ֆինանսական կառավարումը լավ չկազմակերպվի, ապա այդ իրավունքը կառավարչից հետ կվերցվի: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ ասաց. «Վերջերս ես հանդիպել եմ մի շարք գյուղերի բնակիչների հետ եւ իմացա, որ, օրինակ, փոստի աշխատողները ստանում են 8 հազար դրամ աշխատավարձ: Բա լավ, ո՞նց կարելի է 8 հազար դրամ ստանալ»: Ա. Բաղդասարյանը Անդրանիկ Մանուկյանին հորդորեց՝ խիստ հանձնարարական տալ, որպեսզի ԱԺ ընդունած օրենքները կիրառվեն, այսինքն՝ «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` 2006թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը պետք է լինի 15 հազար դրամ: