Նույնիսկ պաշտոնյաներն են սիրում «Էկզոտարիում» ցուցահանդեսը

18/10/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ` ԱՄՆ-ում, տնային պայմաններում կենդանի պահելու մշակույթ կա: Այդպիսով նրանք իրենց երեխաներին նաեւ սովորեցնում են ինչ-որ մեկին խնամելու, հոգատարություն դրսեւորելու եւ, որ ամենակարեւորն է` ինչ-որ մեկի նկատմամբ պատասխանատվություն կրելու:

Նրանք նաեւ հակված են իրենց տան անկյուններում բնության փոքրիկ «կտոր» ստեղծել, քանի որ այն դրական ազդեցություն է թողնում մարդու հոգեբանության վրա: Վերջին տարիներին ամեն ինչ արվեց, մասնավորապես, երեւանցիներին բնությունից հեռացնելու համար: Մայրաքաղաքը թաղվեց բետոնի մեջ: Այսօր արդեն նույնիսկ քաղաքային իշխանություններն են հասկանում, որ անհրաժեշտ է վերականգնել կանաչ գոտիներն ու ստեղծել կենդանիների հետ շփման համար նախատեսված տարածքներ: «Հայ Արտ» մշակութային կենտրոնում, արդեն երեք տարի է, գործում է «Էկզոտարիում» ցուցահանդեսը, որը մեր քաղաքի համար նորամուծություն է եւ հասարակական տարբեր շերտերի համար դարձել է սիրելի վայր: «Էկզոտարիումի» տնօրեն, Կենդանաբանական այգու ակվատերարիումի բաժնի վարիչ Կարեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ցուցահանդեսի այցելուների մեջ տարիքային սահմանափակում չկա: Գալիս են տարեցներ, երեխաներ եւ նույնիսկ սիրահարված զույգեր: Չնայած դրան, Կ. Մարտիրոսյանը ցուցահանդես կազմակերպելու գաղափարը կյանքի կոչելիս` հասարակության անտարբերությանն արժանանալու մտավախություն ունեցել է: «Զարմանալի մեծ արձագանք եղավ, եւ մինչ օրս էլ մեծաքանակ այցելություն ունենք: Ցուցադրվում են կաթնասուններ, սողուններ, թռչուններ, միջատներ: Ընդհանուր առմամբ 120 կենդանատեսակ է դրված ցուցադրության, իսկ գլխաքանակը 300-ից ավելի է: Սա լուրջ ցուցադրություն է, որովհետեւ անգամ կենդանաբանական այգիները 250-300 գլխաքանակով են աշխատում: Կենդանիներից բոլորն էլ հազվադեպ են, եւ շարքային կենդանաբանական այգիներում չեք հանդիպի»,- ասում է Կ. Մարտիրոսյանը` վստահեցնելով, որ այդ կարծիքը նաեւ հայտնում են ցուցահանդես այցելած, մասնավորապես, օտարերկրյա մասնագետները, որոնք հիմնականում կենդանաբանական այգիների ներկայացուցիչներ են: Կ.Մարտիրոսյանի կենդանիների անձնական «հավաքածուում» կան այնպիսի հազվադեպ կենդանատեսակներ, որոնք, բացի այն, որ չկան մեր Կենդանաբանական այգում, չկան նաեւ ԱՊՀ եւ մի շարք այլ երկրներում նույնպես: «Մոսկվայի, Լենինգրադի, Սան Լուիսի, Կանադայի կենդանաբանական այգու մասնագետներն այցելելով մեր ցուցահանդես` ուղղակի ապշել էին` ծանոթանալով իմ կենդանատեսակներին: Նաեւ մի շարք կենդանիների` անազատ պայմաններում բազմացումների վերաբերյալ իրենց գնահատականն ինձ համար շատ կարեւոր էր, որովհետեւ շատ կենդանաբանական այգիներում չեն կարողանում բազմացնել, օրինակ` բծավոր գենետաները եւ այլն»,- ասում է նա: Այսօր «Էկզոտարիումը» համարվում է մեր քաղաքի կենդանիների անկյունը: Մարդիկ բետոնե պատերից ներս մտնելուն պես հայտնվում են արեւադարձային երկրներին հատուկ մի տարածության մեջ, որտեղ իրենց զգում են քաղաքի մեջ եւ քաղաքից դուրս: Ցուցահանդեսի շեշտադրումն արված է ինտերակտիվ ցուցադրություն ունենալու վրա, ինչը ենթադրում է կենդանիների հետ շփում ոչ միայն ճաղերից դուրս, այլեւ` ճաղերից ներս: «25-ից ավելի ձեռնասուն կենդանիներին, օրինակ` կապիկներին, թութակներին, շինշիլաներին, ականջավոր աղվեսներին, ոզնիներին ու օձերին այցելուները, հատկապես մանուկները, կարող են սիրել, շոշափել, շփվել: Նպատակն այն է, որպեսզի մարդիկ հասկանան, որ, օրինակ, օձերը կամ այլ կենդանատեսակներն այդքան էլ վախենալու չեն: Պետք է նշեմ, որ այսօր արդեն փայլուն արդյունքներ ունենք: Այս ընթացքում մարդ եւ կենդանի շփումը, կարելի է ասել` մարդկանց շատ բան է սովորեցրել»,- վստահեցնում է Կ. Մարտիրոսյանը` հավելելով, որ ունեն այցելուներ, որոնք այնքան հաճախ են գալիս «Էկզոտարիում», որ նրանցից այլեւս մուտքի տոմս չեն պահանջում: Մեկ անգամ, ցուցահանդես եկած մարդն անպայման գալիս է երկրորդ, երրորդ անգամ եւ դառնում են «Էկզոտարիումի» մշտական այցելուները: Երեք տարի շարունակ գործող ցուցահանդեսը, ըստ Կ. Մարտիրոսյանի` մեր համաքաղաքացիների մեջ նոր մշակույթ է ձեւավորել: Օրինակ` եթե նախկինում ծնողները նախընտրում էին իրենց երեխաներին տանել սրճարան կամ մեկ այլ փակ տարածք, ապա այսօր նախընտրում են նրանց բերել բնության միջավայր: «Մեր հասարակության մոտ նախկինում կենդանիների վերաբերյալ կարծրատիպ կար, ասում էին` գազանանոց, ու մենակ այդ բառի մեջ արդեն որոշակի վերաբերմունք կա: Հիմա կենդանուն սիրելու մշակույթ կա: Այցելուներ ունենք, որ իրենց հետ կապիկների համար մի տոպրակ բանան են բերում կամ խնդրում են, որ թույլ տանք ինչ-որ մի կենդանու խնամքով զբաղվեն: Հավատացե՛ք, որ մարդու մեջ մի բան փոխվում է, երբ սկսում է կենդանուն սիրել, հոգ տանել նրա մասին: Մարդն ավելի բարի ու հումանիստ է դառնում»,- ասում է Կ. Մարտիրոսյանը` վստահեցնելով, որ մարդկանց մոտ նաեւ կոտրվել է սողունների նկատմամբ ունեցած հակակրանքը: Ի դեպ, հարկ է նշել, որ «Էկզոտարիումը» միայն ցուցահանդես չէ, քանի որ լինելով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` այն նաեւ անվճար հիմունքներով խորհրդատվական ծառայություններ է մատուցում հատկապես էկզոտիկ կենդանի պահող մեր քաղաքացիներին. «Շատերն են հարցնում` ինչո՞ւ եք անվճար անում: Կարող է տարօրինակ է, որովհետեւ փող աշխատելու շանսերը մեծ են, բայց իմ գերխնդիրը մշակույթ ձեւավորելն է: Ուզում եմ մարդիկ հասկանան, որ կենդանին կոշիկ չի: Քաղաքի քարն ու բետոնն այնքան շատ է, որ մարդուն փոխելը, հետ բերելն էլ դժվար է: Ինչպիսի քաղաք ունենք, այնպիսին էլ բնակչությունն է դառնում: Չնայած` շատ մեծ փոփոխություն եմ զգում, մարդիկ էլ են բնության պահանջը զգում եւ փնտրում քաղաքի այն հատվածները, որոնք կմոտեցնեն բնությանը»: Կ. Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ցուցահանդեսի ակտիվ այցելուներից են նաեւ մեր պետական պաշտոնյաները, մեծահարուստները, հայտնի մարդիկ, որոնք իրենց երեխաներին, թոռներին բերելով կենտրոն` փորձում են երեխաների մեջ կենդանիների հանդեպ սեր առաջացնել: Թեեւ «Էկզոտարիումի» տնօրենը չցանկացավ պետական պաշտոնյաների կոնկրետ անուններ նշել, այդուհանդերձ ասաց, որ ցուցահանդեսի ակտիվ այցելուներից է, օրինակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, շատ պատգամավորներ կան, ովքեր իրենց երեխաների կամ թոռնիկների հետ մշտապես այցելում են։ «Անկեղծ ասած` դա ինձ շատ է ուրախացնում: Մեզ մոտ մի ստերեոտիպ կա ձեւավորված, որ բոլոր պատգամավորները կամ փող ունեցողները վատ մարդիկ են: Պրոլետարիատի հոգեբանությունն էս ազգի միջից դուրս չի գալիս: Կենդանի սիրող մարդը չի կարող սրիկա լինել: Էստեղ գալիս են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց` կենդանու հետ շփումը կարող է նկարագրել իրենց մարդկային տեսակը»,- ասում է նա:

Ինչեւէ, «Էկզոտարիում» ընկերությունը երեք տարի շարունակ իր ծախսերով գոյատեւում է «Հայ Արտ» մշակութային կենտրոնում: Մուտքի տոմսերի գումարով կարողանում են, մասնավորապես ձմռանը, տարածքի ջեռուցման, կենդանիների ամենօրյա կերի, ինչպես նաեւ` խնամքի խնդիրները լուծել: «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տարածքը շատ հարմարավետ է նման ցուցադրության համար, սակայն հարկ է նկատել, որ փոքր-ինչ ներդրում կատարելու դեպքում այս ցուցահանդեսը կարող էր ավելի մեծ արձագանք գտնել ինչպես տեղացիների, այնպես էլ` զբոսաշրջիկների մոտ: Սողունների «ապրելատեղը», թռչունների վանդակները, մեղմ ասած, այնքան էլ բարվոք վիճակում չեն: Կ. Մարտիրոսյանն ասում է, որ շատ ծրագրեր կան, որոնք կյանքի կոչելով` կարելի է Հայաստանի մասշտաբով մեծ միջոցառումներ կազմակերպել, սակայն դրանք ֆինանսական մեծ ծախսեր են պահանջում: Վերջերս նա նաեւ Լեռնային Ղարաբաղում է ցուցահանդես կազմակերպել, որը ճիշտ է` մեծ արձագանք է ստացել, այդուհանդերձ` Կ. Մարտիրոսյանը ֆինանսական մեծ կորուստներ է ունեցել: Ներկայումս նա աշխատում է Հայաստանի մարզերում շրջիկ ցուցահանդեսներ կազմակերպելու ծրագրի վրա, որի համար առայժմ` սպասում է մարզկենտրոնների ղեկավարների աջակցությանը: «Դա պարզ է, որ ես անում եմ առանց շահույթ ակնկալելու, որովհետեւ կենդանասեր եմ, էնտուզիազմով եմ այս ամենին վերաբերվում, բայց աջակցության կարիք ունեմ, որովհետեւ կենդանատեսակները, գլխաքանակը շատ մեծ է: Այսինքն` կազմակերպչական ահռելի աշխատանք է պահանջվում, բայց, հավատացեք, մարզերի ժողովրդին այս ամենը շատ կոգեւորի: Մանավանդ, որ նրանց մեծ մասը Կենդանաբանական այգի այցելելու հնարավորություն չունի: Կենդանաբանական այգիների գործունեությունը վնասով է, որովհետեւ գործարան չի, արտադրանք չի տալիս, այլ միայն սպառում է: Մանավանդ էկզոտիկ կենդանիների խնամքը, կերը շատ թանկ է ու ծախսատար: Այսինքն` չես կարող որպես բիզնեսի նայել սրան: Ինձ համար իմ կենդանիների հավաքածուն մշակութային օջախ է»,- ասում է Կ. Մարտիրոսյանը: Թեեւ Կ. Մարտիրոսյանը հակված է մեծ ծրագրերի իրականացման հարցում հույսն իր վրա դնել, բայցեւ գիտակցում է, որ պետական աջակցություն ունենալու պարագայում կարելի է իր կենդանիներով շատ գեղեցիկ միջոցառումներ կազմակերպել Հայաստանում: