Բուժիչ նամակներ

18/10/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Էխինացեա ծիրանագույն
Էխինացեյա պուրպուրնայա

ECHINACEA PURPURAE

Պրերիայի հրաշք, ոսկե ծաղիկ, մթնշաղի արեւ. այդպես են անվանել էխինացեան Հյուսիսային Ամերիկայի արեւելքում ապրող բնիկները։ Echinacea թարգմանաբար նշանակում է` «փշավոր», բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա, երկտուն, մինչեւ 150 սմ բարձրությամբ բույս է։ Աճում է տափաստաններում, ոչ խիտ անտառներում, լավ է հարմարվում ավազակավային հողերի վրա, ցրտադիմացկուն է։ Բույսից ստացված մեղրը շատ արժեքավոր է։ Մշակվում է ԱՄՆ-ում, Հարավ-սլավոնական երկրներում, Չեխիայում, Գերմանիայում, Ռուսաստանի հարավում եւ այլ երկրներում, դեկորատիվ եւ դեղագործական նպատակներով։ Բույսի արմատի մեջ պարունակվում է. մոտ 7%-ական տոկոս շաքար եւ ինուլին, բետաին, ճարպ, խեժ։ Վերգետնյա մասում` ֆլավոններ, օրգանական թթուններ (եղերդակ, ֆերոլ, սուրճ), դաբաղանյութ, սապոնին, բույսին բնորոշ էխինացինաթթու, էխինագլիկոզիդ, էխինոլոն սպիրտ։ Բույսի բոլոր մասերը պարունակում են եթերային յուղ, ֆերմենտներ, կալիում, կալցիում, արծաթ, մոլիբդեն, մարգանեց, ցինկ, սելեն, կոբալտ։ Իր հակամանրէ հատկությունների շնորհիվ բույսը հնագույն ժամանակներից օգտագործվել է վերքերի բուժման համար եւ միջատների, թունավոր օձերի խայթոցների դեմ։

Ի տարբերություն հակամանրէ դեղերի, բակտերիաները չեն կարողանում «հարմարվել» էխինացեայի` իրենց համար կործանիչ ազդեցությանը։ Էխինացեայի հակամանրէ ազդեցությունը հատկապես ուժեղ է, երբ նա օգտագործվում է ակնամոմի հետ համատեղ։ Էխինացեան նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, այն օգտագործվում է նաեւ հոմեոպատիայում։ Այս երկու` հակամանրէ եւ ադապտոգեն հատկությունները կարեւոր են օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար եւ ետվիրահատական շրջանում։ Այս ուղղությամբ հատկապես մեծ հաջողությունների են հասել Գերմանիայի դեղագործները, այնտեղ արտադրվում է մոտ 200 դեղամիջոց, որոնց մեջ օգտագործվում է էխինացեան։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են ոգեթուրմը, ջրային թուրմը, եփուկը, հյութը։

Թուրմ

Բույսի 1 ճ/գ չորացրած վերգետնյա մասը (տերեւը, ծաղիկը, ցողունը) 10 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ ջերմապահում։ Քամեք։ Բաժանեք 6 մասի, խմեք 2 օրվա ընթացքում, սնվելուց 30 րոպե առաջ։

Եփուկ

Բույսի 1 թ/գ չորացրած տերեւին ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք, մինչեւ հովանա։ Քամեք։ Բաժանեք 3 մասի, խմեք սնվելուց առաջ։

Ոգեթուրմ

Բույսի 50 գրամ չոր հումքին (վերգետնյա մասը) ավելացրեք 500 մլ ջուր, 15 րոպե եռացրեք փակ տարայի մեջ, անջատեք կրակը։ Ավելացրեք 500 մլ 70%-ոց սպիրտ, թրմեք 1 շաբաթ, պարբերաբար խառնեք։ Քամեք։ Խմեք 20-ական կաթիլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ` ջրի հետ։

Էխինացեայի պատրաստուկներն օգտագործեք մեկ շաբաթ, ընդմիջեք 3 օր եւ շարունակեք այդ կերպ 30 օր, քանի որ այն պարունակում է լյարդի համար վնասակար նյութեր, արդյունավետ է էխինացեայի եւ կաթնափուշի սերմի համատեղ օգտագործումը.

– Կաթնափուշի 0,5 թ/գ մանրացրած սերմը խմեք ջրի հետ (առավոտյան եւ ցերեկը) կամ`

– Խառնեք դաղձի եւ կաթնափուշի յուղերը (1։3), խմեք մեկական թ/գ, օրը 2-3 անգամ։

Կաթնափուշն ունի լյարդի վնասված բջիջները վերականգնելու հատկություն, եւ այս բույսը հաճախ է հանդիպում մեր հայրենիքում։

Էխինացեայի ոգեթուրմն օգտակար է ցիստիտի, նեֆրիտի, հեպատիտի, մրսածության, գրիպի, հասարակ հերպեսի, բրոնխիտի, տոնզիլիտի, պնեւմոնիայի, շագանակագեղձի բորբոքման եւ ադենոմայի, ստամոքսի խոցի, փորկապության, դիֆթերիայի, տիֆի, կանացի հիվանդությունների դեպքում։

Թուրմն օգտագործում են թրջոցների ձեւով` փսորիազի, էկզեմայի, ֆուրունկուլյոզի, մկանացավի, կոտրվածքների բուժման համար, նաեւ արթրիտի, պրոստատի եւ հորմոնալ ֆոնի խանգարման դեպքում։ Եփուկը խորհուրդ է տրվում ստամոքսի խոցի, հոդացավի, այտուցի դեպքում։ Բույսի պատրաստուկները մաքրում են արյունը, լավացնում հիշողությունը եւ տեսողությունը, մարդը դառնում է ավելի ուշադիր, աշխատունակ եւ լավատես։ Էխինացեայի պատրաստուկները խմեք մինչեւ ժամ 19-ը։

Հակացուցումներ եւ զգուշացումներ։ Բույսի պատրաստուկները հակացուցված են մինչեւ 6 տարեկան երեխաներին, հղիներին, լեյկոզի, տարածված կարծրախտի, թոքախտի, ալերգիայի դեպքում։

Հարկ ենք համարում նշել, որ էխինացեան հմուտ բժշկի ձեռքերում կարող է դառնալ էտիոտրոպոթերապիայի հրաշալի գործիք, երբ հեռացվում են հիվանդության բուն պատճառները, այլ ոչ թե դրա հետեւանքները։ Բույսը լայնորեն կիրառվում է քիմիաթերապիայի, ռադիացիոն ճառագայթման, հակամանրէ դեղերի առաջացրած բացասական հետեւանքների վերացման համար։ Դեղատներում վաճառվում է էխինացեայի հյութով պատրաստված ոգեթուրմ «Իմմունալ», «Էխինացեա Պլյուս», այլ դեղորայք։

Դեղատոմսեր

Խպիպ. 0,5 թ/գ էխինացեայի ծաղիկները 1 ժամ թրմեք 100 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, առավոտյան եւ կեսօրին։ Շարունակեք 20 օր։

Մրսածություն, գրիպ. Խառնեք 1 ճ/գ կիտրոնի հյութը, 1 թ/գ մեղրը, 1-ական ճ/գ չորացրած մորի, մասուր, կարկադե, ավելացրեք 500 մլ եռջուր, եփեք 10 րոպե։ Գոլ վիճակում ավելացրեք 20-30 կաթիլ էխինացեայի ոգեթուրմ։ Բաժանեք 2 մասի, խմեք գոլ վիճակում։

Դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ

– Խառնեք չորացրած 100 մլ ծավալ զբաղեցնող եղինջի տերեւը եւ 2 թ/գ էխինացեայի խոտը, 2 ժամ թրմեք 500 մլ եռջրով ջերմապահում։ Քամեք, խմեք օրվա ընթացքում։

– Խառնեք էխինացեայի եւ գինգո-բիլոբա դեղատնային ոգեթուրմերը (1։1), խմեք 20-ական կաթիլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։

– Խառնեք եղեսպակի եւ էխինացեայի չորացրած խոտերը (1։1)։ Հումքի 1 թ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք առավոտյան։

Պահպանեք վերը նշված խորհուրդները։