Վերջնագիր կներկայացնե՞ն ԲՀԿ-ին

15/10/2011

Մեր տեղեկություններով, ՀՀԿ երեկ երեկոյան հրավիրած եւ գործադիր մարմնի մոտ 1,5 ժամյա նիստում քննարկվել է կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարցը, որն իշխանական վերնախավում սրվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջերս արված հայտարարությունների պատճառով: Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը չէր բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն, իսկ Գ. Ծառուկյանը շրջանցելով փետրվարի 17-ին ստորագրած կոալիցիոն նոր հայտարարությունը` դեռ չի հստակեցնում, թե նախագահական ընտրություններին ում թեկնածությունն է պաշտպանելու: Եվ ՀՀԿ-ն որոշել է վերջնագիր ներկայացնել ԲՀԿ-ին: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում երեկ չէր հերքել, որ ԳՄ նիստի ժամանակ քննարկել են ԲՀԿ-ի հարցը: Ընդամենը պատասխանել է, որ քննարկել են ներքաղաքական խնդիրներ: «Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, նիստը տեւել է մոտ մեկ ժամ, քննարկվել են ներքաղաքական խնդիրներ, եւ քննարկումները շարունակվում են»,- ասել է նա: Մեր տեղեկություններով` հաջորդ շաբաթ ՀՀԿ-ն կրկին ԳՄ նիստ է հրավիրելու եւ ավելի է կոնկրետացնելու կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարցը: Իսկ Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը տեղյակ չէ կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու մասին խոսակցություններին, եւ ասել է, որ ԲՀԿ-ում նման հարց չի քննարկվում: