Հանդիպե՞լ են

15/10/2011

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, վերջերս հանդիպել են ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի իր ելույթում Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենք պետք է ավելի շատ հաշվի նստեն ԲՀԿ-ի հետ, որովհետեւ ԲՀԿ-ն կուսակցություն է, իսկ «ՀՀԿ-ն օպորտունիստների խումբ է, ոչ թե կուսակցություն»: Լ. Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ն որակել էր «հայաստանածին» կուսակցություն, որը ձեւավորվել է բնականորեն, իր առաջնորդի տնտեսական կարողությունների եւ մի ռեգիոնալ հատվածում` Կոտայքի մարզում ունեցած ազդեցության շնորհիվ: Տեր-Պետրոսյանը նաեւ ասել էր, որ ինքը չի կասկածում, որ կուսակցությունն անունը չի կապի Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ ով իր անունը կապեց Քոչարյանի հետ, իր վրա կվերցնի Մարտի 1-ի պատասխանատվությունը: Եվ այս հայտարարությունից հետո, որոշ աղբյուրների համաձայն, տեղի է ունեցել ՀԱԿ եւ ԲՀԿ ղեկավարների հանդիպում: Բացի այդ, ըստ նույն աղբյուրների, դրան հաջորդել եւ շարունակվում են բանակցություններ երկու ուժերի հնարավոր միավորման շուրջ: Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե այդ մասին տեղեկություն չունի: