Հոկտեմբերի 14-ին, 12:30-ին Գառնիից 10 կմ արեւմուտք տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ: Երեւան եւ Աբովյան քաղաքներում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ: Երեկ ժամը 12:31-ին եւ 12:32-ին երկրաշարժին հետեւել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 եւ 3.0 մագնիտուդով: Նշենք, որ Գառնիի սեյսմաակտիվ գոտին առավել վտանգավորներից է: Այդ գոտին ունի 15 կմ խորություն եւ 7 մագնիտուդ ուժգնություն: Ըստ փորձագիտական եզրակացության` եթե այս կենտրոնում ուժեղ երկրաշարժ տեղի ունենա (10-11 բալ), ապա հանրապետությանը կհասցնի ամենամեծ վնասները, քանի որ անմիջապես ազդեցության գոտում է գտնվում Երեւան քաղաքը: Հիշեցնենք, որ 1679թ. Գառնիում տեղի էր ունեցել 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որն ավերել էր Երեւանի Նորքի, Քանաքեռի, Նորագավիթի, Նորագյուղի, Ձորագյուղի եւ այլ շատ բնակավայրեր: Ի դեպ, երեկ երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Ռուսաստանի Ամուրի մարզում: 5.9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տինդա քաղաքից 130 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, ցնցումները զգացվել են նաեւ Չիտայում: Զոհերի եւ ավերածությունների մասին դեռեւս հաղորդագրություններ չկան: «Տրանսնեֆտ» ընկերությունը հայտարարել է, որ երկրաշարժի պատճառով ժամանակավորապես դադարեցնում է նավթի առաքումը Չինաստան: