Հայաստանի ներքաղաքական դաշտում կարծես թե հերթական սկանդալը կամ ջրբաժանն է հասունանում: Այս օրերին նորից քննարկվում է իշխող կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության դուրս գալու հարցը: Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստ էր հրավիրել այդ հարցը քննարկելու համար, բայց դեռ կոնկրետ որոշում չի կայացրել: ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նիստից հետո մեզ հետ հեռախոսազրույցում ընդամենն ասաց, թե քննարկվել են ներքաղաքական հարցեր: Իսկ հարցին, թե ՀՀԿ-ն քննարկե՞լ է արդյոք կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարցը, պատգամավորը կարճ պատասխանեց. «Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, նիստը տեւել է մոտ 1 ժամ, քննարկվել են ներքաղաքական խնդիրներ, եւ քննարկումները շարունակվում են»:
Մեր տեղեկություններով` Ս.Սարգսյանն իր կուսակիցների հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ-ն կոալիցիայից անպայման դուրս է գալու, եթե այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հստակ ու ավելի հիմնավոր երաշխիքներ չտա, որ 2013թ. նախագահական ընտրություններին կպաշտպանեն իր թեկնածությունը: Հիմա պարզապես այդ պայմանն առավել խստությամբ պետք է ներկայացվի Գ.Ծառուկյանին, որն էլ շատ մոտ ապագայում պետք է վերջնական պատասխան տա: Այս հարցի հետ կապված ՀՀԿ-ն հաջորդ շաբաթ նույնպես հրավիրելու է ԳՄ նիստ, որտեղ արդեն ավելի են կոնկրետացնելու այդ խնդրի հետ կապված իրենց առաջիկա քայլերը:
Իսկ այս անգամ Գ.Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, Ս.Սարգսյանին նաեւ պետք է հավաստիացնի, որ չի պաշտպանելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս առաջադրվի ընտրություններում: Ծառուկյանը նաեւ պետք է հավատարիմ մնա այս տարվա փետրվարի 17-ին ստորագրած կոալիցիոն նոր հայտարարության այն պահանջին, ըստ որի` «կոալիցիոն կուսակցությունները միասնական են, նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Այսինքն` այս անգամ արդեն հարցը կտրուկ է դրված, եւ Գ.Ծառուկյանին կարծես թե մանեւրելու հնարավորություն չեն ուզում թողնել: Կամ` ավելի հիմնավոր երաշխիքներ, կամ` դուրս գալ կոալիցիայից: Ի դեպ, ՀՀԿ-ն այդ հարցը պետք է քննարկեր դեռ մեկ-երկու օր առաջ, սակայն, հավանաբար, ավելի հստակեցնելու համար Ս. Սարգսյանն այն հետաձգել էր:
Իսկ կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարցը ներքաղաքական կյանքում կրկին սրվեց երկու շաբաթ առաջ Ռ. Քոչարյանի հայտնի հարցազրույցից հետո, որտեղ նա չէր բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն: Ընդ որում, նա իր վերադարձի համար շեշտել էր 3 գործոն` տնտեսական վիճակի բարելավման բացակայությունը, իր վերադարձի համար հասարակական պահանջարկը եւ իր ներքին համոզվածությունը, թե ինքը կարող է բարելավել ստեղծված իրավիճակը: Եվ այս երեք գործոնների համար էլ նախկին նախագահն ու նրա աջակիցներն արդեն, տեւական ժամանակ է, հիմքեր են ստեղծում: Նախ քննադատում են գործող կառավարությանն ու տնտեսական վատ վիճակը` անկախ այն հանգամանքից, որ քննադատողներն էլ կարող են իրենց «ներդրումն» ունենալ այդ վիճակի ստեղծման մեջ: Երկրորդը` սոցիալական կայքերում ու լրատվամիջոցներում արդեն նրան սատարող խմբերի մասին տեղեկություններ են տարածվում: Եվ երրորդը` այդ ո՞ր քաղաքական գործիչը կամ ուժը կհայտարարի, թե ինքը չի կարող իրավիճակը բարելավել:
Ռ.Քոչարյանի հարցազրույցից ընդամենը 3 օր հետո հարցազրույց է տալիս Գ.Ծառուկյանն ու հայտարարում, թե Ռ.Քոչարյանն ունի քաղաքականություն վերադառնալու քաղաքական ու բարոյական իրավունք: Այնուհետեւ նա նույնպես որոշակիորեն քննադատում է իշխանություններին` ասելով, թե «պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մարդը մնա` Հայաստանում աշխատի, ոչ թե այնքան նեղենք, որ թողնի` նեղացած գնա»: ԲՀԿ ղեկավարը նորից էր հաստատել, որ իրենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայնակ են մասնակցելու: Ավելին, նրա խոսքերով` «երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է»: Իսկ ԲՀԿ-ն համարվում է Ռ. Քոչարյանի ստեղծած եւ մինչ այժմ էլ նրան սատարող ուժ: Ընդ որում, Գ. Ծառուկյանը հատուկ էր այս հարցազրույցը հրապարակել, այնպես չէր, որ լրագրողները նրան «բռնացրել» եւ հարցեր էին տվել: Եվ ահա այս երկու գործիչների` իրար ետեւից արված հայտարարությունները կրկին լարվածություն են ստեղծել նրանց ու ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Եվ նորից հասունացել է կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարցը: Հիշեցնենք, որ իշխանական այդ երկու ուժերի միջեւ լարվածությունը սրվել էր տարեսկզբին, եւ այդ ժամանակ եւս դրված էր կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու կամ կոալիցիոն նոր հայտարարություն ստորագրելու հարցը: Այդ անգամ առիթ էր հանդիսացել Գ.Ծառուկյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է հավաքի քվեների 50+1 տոկոսը: Մինչեւ վերջին օրը` փետրվարի 17-ի առավոտյան հստակ էր, որ ԲՀԿ-ն դուրս է գալու կոալիցիայից, սակայն օրվա երկրորդ կեսին այդ որոշումը փոխվեց, եւ մի քանի շաբաթ տեւած լարված բանակցություններից հետո Գ.Ծառուկյանը ստորագրեց կոալիցիոն հայտարարության տակ: Այն ժամանակ կարծիք կար, թե Գ. Ծառուկյանի այդ որոշման վրա Ռ. Քոչարյանն է ազդել: Բացի այդ, դա սովորական, իրավական որեւէ ուժ կամ պարտավորվածություն չունեցող հայտարարություն կամ պայմանավորվածություն էր, որի խախտումը միայն բարոյական հարթության խնդիր է, ինչը մեր քաղաքական ուժերի համար բոլորովին էլ սկզբունքային չէ: Եվ դեռեւս այդ հայտարարության ստորագրման ժամանակ արդեն կարծիքներ էին հնչում, որ վաղ թե ուշ ԲՀԿ-ն դուրս է գալու կոալիցիայից: Դա տեղի կունենա աշնա՞նը, թե՞ հաջորդ տարեսկզբին` արդեն երկրորդական հարց է: Պարզապես ԲՀԿ-ին դեռ անհրաժեշտ է մնալ կոալիցիայի կազմում, օգտագործել ու ավելի մեծացնել իր վարչական ու ֆինանսական ռեսուրսները, ընտրությունների նախաշեմին նոր դուրս գալ կոալիցիայից: Իսկ ընտրությունների նախօրեին կոալիցիայից դուրս գալու քայլն ավելի հնչեղ կլինի, ինչը կարող է այդ շրջանում դրական ազդեցություն ունենալ ԲՀԿ-ի վարկանիշի վրա: Այս ամենը հասկանում էին նաեւ ՀՀԿ-ում, որտեղ շատերը դեռ տարեսկզբին կողմ էին, որ այդ հայտարարությունը չստորագրվեր, եւ ԲՀԿ-ն դուրս գար կոալիցիայից: Սակայն հիմա խնդիրն ավելի կտրուկ է դրված, եւ կոալիցիայում ԲՀԿ-ի մնալ-չմնալու հարցն, իրենից բխող բոլոր հետեւանքներով, պետք է հստակեցվի մոտ ապագայում: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, մինչեւ ՀՀԿ` նոյեմբերին կայանալիք համագումարը դուրս կգա կոալիցիայից: Այս օրերին քաղաքական շրջանակներում քննարկվում էր, թե ինչ եղանակով է ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալու: Ոմանք չեն բացառում նաեւ, որ ՀՀԿ-ն ուղղակի դուրս կհրավիրի ԲՀԿ-ին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` քննարկվում են մի քանի տարբերակներ: ՀՀԿ-ն պարզապես կարող է հայտարարել, թե ԲՀԿ-ն պարբերաբար խախտել է կոալիցիոն հուշագրի պայմանները: Այստեղ, օրինակ, կարող է հիմք հանդիսանալ Գ.Ծառուկյանի այն հայտարարությունը, թե «երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է»: Կամ` «նախագահական ընտրություններին ո՞ւմ թեկնածությունն են պաշտպանելու», հարցին, նույնիսկ կոալիցիոն նոր հայտարարությունից հետո, ԲՀԿ ղեկավարը երկու անգամ պատասխանել էր, թե «այդ մասին` հաջորդ դասին»: Այդպիսով նա Ս. Սարգսյանին չպաշտպանելու մասին ակնարկ էր արել: Ուստի ՀՀԿ-ն կարող է հայտարարել, թե այս խախտումների պատճառով ԲՀԿ-ին առաջարկում են քննարկել կոալիցիայում մնալու նպատակահարմարության հարցը: Կարող է լինել նաեւ ավելի կոպիտ տարբերակ` ՀՀԿ-ն պարզապես հայտարարի, թե այլեւս չի ցանկանում, որ ԲՀԿ-ն մաս կազմի կոալիցիային: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի մեծամասնություն, եւ կարող էր առանց կոալիցիայի ու ԲՀԿ-ի ինքնուրույն ձեւավորել կառավարությունը: Կարող է նաեւ ընտրվել հնարավորինս մեղմ տարբերակ` ՀՀԿ-ն ոչինչ չհայտարարի, եւ ԲՀԿ-ն պարզապես հայտարարի, թե դուրս է գալու կոալիցիայից: