Ներկա իշխանությանն այլընտրանք կարող է լինել միայն նախորդ իշխանության շրջանակից դուրս գտնվող ուժը: Երեկ նման հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Նա նաեւ հայտարարել է, թե առաջիկա ընտրություններին դաշինքներով գնալու համար ցանկացած քաղաքական ուժի համար կարեւոր է հասարակական «պատվերը»: Այսինքն, ըստ Խուրշուդյանի` եթե հասարակության մոտ լինի համախմբման եւ միասնական ուժով ներկայանալու պատվեր, ապա հավանական է, որ դա տեղի ունենա: Հ. Խուրշուդյանը երեկ հայտարարել է, որ այսօր իրենք համագործակցում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ. «Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք այդ ուժի հետ, ողջունում ենք նրանց մուտքը քաղաքական դաշտ, մենք պարբերաբար հանդիպում ենք նրանց հետ»,- ասել է նա: Անդրադառնալով ՀԱԿ-ին, Հ. Խուրշուդյանն ասել է, թե «Ժառանգության» դռները բաց են ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցության համար, «նույնիսկ` անպարկեշտ ընդդիմախոսների»: «Եթե մեր կուսակցության քաղաքականության համար հիմք հանդիսանային այլ քաղաքական ուժի հայտարարությունները, կսմիթները, լուրջ չէր լինի նաեւ ժողովրդի վերաբերմունքը մեր նկատմամբ: Մենք ավելի լուրջ հարձակումներ ենք տեսել տարբեր կողմերից, բայց մենք վեր ենք կանգնում տարբեր տեսակի ցեխարձակումներից: Մենք շարունակում ենք մնալ միասնության կողմնակիցը, բայց միայն` երկրի համար արդյունավետ այլընտրանքի ապահովման տեսանկյունից»,- ասել է նա: