Ցույց տվեք էսթետիկական ձեր չափորոշիչները

15/10/2011

Հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներում վերամբարձ կռունկներ, շինարարների խմբեր եւ նրանց գործունեությունը հսկող ոստիկաններ հայտնվեցին: Պարզվեց` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգով ապամոնտաժում են կենտրոնական փողոցներում տեղադրված գովազդային վահանակները: Ըստ քաղաքապետի` այդ վահանակները, որոնք պատկանում են գովազդային մի քանի գործակալությունների` չեն համապատասխանում էսթետիկայի եվրոպական չափանիշներին եւ փչացնում են քաղաքի տեսքը: Ըստ մեր տեղեկությունների` քաղաքապետի որոշման համաձայն` պետք է ապամոնտաժվեն «Նուշիկյան ասոցիացիայի» (թվով 14), «Էգա» (թվով 20), «Յունիքորն-Գրուպ», «ԱՆ-1», «Արաբելա» եւ «Հիմեքս գրուպ» ընկերությունների սեփականությունը հանդիսացող ընդհանուր թվով 52 գովազդային վահանակներ:

Գիշերը, ապամոնտաժման ժամանակ, դեպքի վայրում հավաքված լրագրողների հետ զրույցում «Յունիքորն գրուպ» ընկերության սեփականատեր, Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ, գործարար Գուրգեն Արսենյանն ասել է, որ քաղաքապետի` 5 օրվա ընթացքում վահանակներն ապամոնտաժելու վերաբերյալ որոշումը հնարավորություն չէր տվել նշյալ ընկերություններին` օրենքով նախատեսված կարգով բողոքարկելու այն: Գ. Արսենյանը նշել է, որ մտադիր է քաղաքապետարանի այդ գործողությունների իրավաչափությունը բողոքարկել դատական կարգով: Ի դեպ, մեզ հետ զրույցում «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը եւս նշեց, որ ընկերությունը դիմել է դատարան` ընդդեմ Երեւանի քաղաքապետի այդ որոշման:

Պարզվում է` դեռեւս սեպտեմբերի սկզբից Երեւանի քաղաքապետարանն` ի դեմս Կարեն Կարապետյանի, հարց է բարձրացրել այն մասին, որ Մաշտոցի պողոտայի գովազդային վահանակները փակում են Մատենադարանի տեսարանը, եւ հարց է դրվել գովազդային ընկերությունների առջեւ` նոր առաջարկներ ներկայացնել քաղաքապետարանին: Սակայն, խնդիրը նրանում է, որ այդպես էլ չի ասվել, թե ինչ առաջարկների մասին է խոսքը: Գործարարներն առաջարկել են` ապամոնտաժելու փոխարեն` սկզբում նախ հասկանալ` ի՞նչ առաջարկներ է իրենցից սպասում քաղաքապետարանը, էսթետիկական ինչպիսի՞ չափորոշիչներ են պահանջում, ինչպիսի՞ դիզայնով քաղաքային գովազդային վահանակներ է պատկերացնում քաղաքապետարանը: Ի վերջո, ո՞վ է ճաշակ թելադրողը. կա՞ էսթետիկական խորհուրդ, թե՞ ճաշակը թելադրում է, ասենք, քաղաքապետը: «Որո՞նք են էսթետիկայի չափորոշիչները, ո՞ւմ ճաշակով ենք չափում, տվեք էսթետիկայի այդ չափորոշիչները: Ինչ-որ մեկի ճաշակով չի որոշվում` մեկին դուր է գալիս, մյուսին` ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցչից պահանջել է Գ. Արսենյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արազ Բաղդասարյանը Գ. Արսենյանի եւ լրատվամիջոցների ներկայությամբ ասաց. «Մենք ձեզ առաջարկել ենք այստեղ տեղադրված վահանակների փոխարեն` ներկայացնել ավելի արդիական առաջարկներ, որոնք հարիր կլինեն մեր քաղաքին, որոնք օգտագործվում են եվրոպական քաղաքներում, որոնք չեն փակի Մատենադարանը, որը մեր ազգային արժեքներից մեկն է: Հիմա էլ ունեք այդ առաջարկները ներկայացնելու իրավունք եւ մենք պատրաստ ենք քննարկելու ձեզ հետ»: «Իմ իրավունքների շրջանակը ես լավ գիտեմ: Դուք ինձ առաջարկում եք, որպեսզի ձեզ ներկայացնեմ գովազդային վահանակների նոր տարբերակներ, որոնք իմ ընկերության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություննե՞ր են առաջացնում»,- հակադարձեց Գ. Արսենյանը: «Մենք առաջարկել ենք` սկզբում քննարկել, հասկանալ, թե քաղաքապետարանն ինչպիսի՞ վահանակներ է պատկերացնում, ինչպիսի՞ դիզայնով, եվրոպական ո՞ր քաղաքների օրինակով, ո՞ր մոդելներին է նախընտրություն տրվում, հետո նոր` փոխել դրանք ժամանակի ընթացքում: Ի վերջո, այդ ամենը ճիշտ կազմակերպելու համար լրացուցիչ ծախսեր եւ ժամանակ է պահանջվում: Առջեւում Նոր տարի է, տարբեր կազմակերպությունների հետ գովազդների տեղադրման պայմանագրեր կան կնքված, առաջարկել ենք 1-2 ամիս սպասել, քննարկել, համատեղ որոշում կայացնել եւ հետո նոր քայլեր ձեռնարկել: Ի վերջո, քաղաքապետարանի այս քայլից հետո պատվիրատուները կարող են դատի տալ գովազդային այս ընկերություններին, որոնց հետ կնքված պայմանագրեր կան, եւ պահանջեն վերադարձնել իրենց վճարած գումարները: Ավելին, վահանակների վրա տեղադրված պաստառները գովազդի պատվիրատուների սեփականությունն է, եւ նրանք կարող են ետ պահանջել դրանք: Բոլորիս համար անակնկալ էր Երեւանի քաղաքապետի այս որոշումը, եւ մեր ընկերությունն էլ է դիմել դատարան` ընդդեմ Երեւանի քաղաքապետի այդ որոշման»,- ասաց Գ. Նուշիկյանը:

Գիշերը` վահանակների ապամոնտաժման գործընթացի ժամանակ, Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ա. Բաղդասարյանը, որ մինչ այդ խոսում էր եվրոպականին համապատասխան էսթետիկական չափանիշների անունից, մտքերի ընթացքը փոխում է` ասելով, թե վահանակների դեմ «վարչական վարույթը հարուցվել է այն պատճառով, որ տեղադրված գովազդային վահանակները խախտում են Երեւան համայնքի` որպես սեփականատիրոջ իրավունքները: Ավագանու 37N որոշմամբ ցանկացած վահանակ, որի թույլտվության ժամկետը լրացել է, կամ դադարեցվել է գովազդային վահանակը տեղադրելու թույլտվությունը, 5-օրյա ժամկետում գովազդային կազմակերպությունը պարտավոր է իր վահանակն իր միջոցների հաշվին ապամոնտաժել եւ տարածքը բերել նախկին տեսքին»: Վերջինս վարչական վարույթ հարուցելու մասին քաղաքապետի որոշումը բացատրում է այն հանգամանքով, որ գովազդային այդ ընկերությունները քաղաքապետարանի հետ չունեն հողի վարձակալության կամ ենթավարձակալության պայմանագրեր: Գուրգեն Արսենյանն այս առիթով նկատեց, որ` այո, իր ընկերությունը չունի հողի վարձակալության պայմանագիր, սակայն` ոչ իր մեղքով. «Իսկ քաղաքապետարանը դիմե՞լ է գովազդային այդ ընկերություններին` հողի վարձակալության կամ ենթավարձակալության պայմանագրեր կնքելու առաջարկով: Մենք դատարան կներկայացնենք բոլոր այն փաստաթղթերը, նամակները, գրությունները, որոնցով դիմել ենք քաղաքապետարան, վարձակալության այդ պայմանագրերը կնքելու նպատակով, եւ մերժում ենք ստացել: Մեզանից որեւէ մեկը չի ցանկանում անօրինական գործունեություն ծավալել: Մենք օրենքի պահանջներից չենք խուսափել երբեւէ»: Ի դեպ, Երեւանում որեւէ գովազդային վահանակ չունի հողի վարձակալության պայմանագիր, բայց բոլոր այդ ընկերությունները տարիներ շարունակ դիմել են քաղաքապետարան, սակայն հարցը մշտապես հետաձգվել է` վարձակալության դիմաց վճարումների սակագների բացակայության պատճառով: Վերջերս սահմանվել են սակագները, որոնց համաձայն` 1քմ հողի վարձակալության համար տարեկան արժեք է սահմանվել կադաստրային արժեքի 30%-ը: Տվյալ դեպքում այն կազմում է 18.000 դրամ:

Գ. Արսենյանը նաեւ անդրադարձավ վահանակների ապամոնտաժման խնդրի տնտեսական կողմին: Նա նշեց, որ քաղաքի կենտրոնական մասերում տեղակայված յուրաքանչյուր վահանակի դիմաց ընկերությունը համայնքային եւ պետական բյուջեին տարեկան վճարում է 1,2-1,3 մլն դրամ: Քաղաքապետի այս քայլով, փաստորեն, վնաս է հասցվում նաեւ քաղաքային եւ պետական բյուջեին:

Ըստ քաղաքապետարանի աշխատակցի` կազմակերպությունները հնգօրյա ժամկետ ունեին քաղաքապետի որոշումը բողոքարկելու համար, ինչը չեն արել: Սակայն իրավաբաններն այլ կարծիքի են: Ըստ «Յունիքորն» ընկերության փաստաբան Արթուր Գրիգորյանի` ընկերությունը, ըստ վարչական դատավարության օրենսգրքի, քաղաքապետի որոշումը բողոքարկելու երկամսյա ժամկետի իրավունք ունի: Ընկերությունն արդեն իսկ նման հայց է ներկայացրել, պահանջելով` որպես հայցի ապահովման միջոց` կասեցնել ապամոնտաժման գործընթացը մինչեւ` գործի քննության ավարտը: Խնդիրը, սակայն, նրանում է, որ հայցի ապահովման վերաբերյալ որոշումը կարող է կայացվել յոթօրյա ժամկետում, այսինքն`ապամոնտաժման գործողությունների ավարտից հետո:

Երեկ բոլորը փորձում էին հասկանալ, թե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եվրոպական չափանիշներ ասելով` ի՞նչ նկատի ունի: Ո՞վ է ճաշակ թելադրողը, կամ եվրոպական ո՞ր քաղաքի օրինակը նկատի ունի քաղաքապետարանը: Մեր տեղեկություններով` քաղաքապետարանի «սրտին եւ ճաշակին մոտ» են Կարապի լճի մոտակայքում եւ Երեւանի կենտրոնի որոշ հատվածներում տեղադրված եռանկյունաձեւ-եռակողմ այլումինե գովազդային վահանակները (որոնք, որքան հայտնի է` «Շարմ» ընկերության «փայլուն» մտահղացումն էր): Գովազդային ընկերությունների սեփականատերերը փորձում են ու չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչ է իրենցից պահանջում քաղաքապետարանը: Եվրոպական ո՞ր քաղաքի գովազդային վահանակներն են հավանում Երեւանի քաղաքային իշխանությունները: «Ասեք` իմանամ, որո՞նք են այդ եվրոպական չափորոշիչները: Օրինակ, Ռիո դը Ժանեյրոյում, անձամբ եմ տեսել, որ դրանք արգելված են, եւ զարմացել եմ: Բայց դա էլ է չափանիշ: Ասեք` իմանանք, առաջնորդվենք դրանցով»: (Ի դեպ, քաղաքապետարանի երիտասարդ ներկայացուցիչը մինչ Գ. Արսենյանի հետ զրուցելը կարծում էր, թե Ռիո դը Ժանեյրոն Արգենտինայում է գտնվում): Օրինակ, Փարիզում այդ գործառույթներով զբաղվում է JCDecaux ընկերությունը: Հատուկ Փարիզի համար դիզայն է մշակված:

Մի քանի տարի առաջ մի առիթով այցելել էինք ֆրանսիական աշխարհահռչակ JCDecaux ընկերություն, որը դեռեւս 1964 թվականից զբաղվում է փողոցային պաստառների, գովազդավահանակների, թերթերի եւ այլ տեսակի կրպակների, հասարակական ավտոմատացված զուգարանների, հասարակական նստարանների, փողոցային լույսերի, այսպես ասած` «փողոցային կահույքի» ձեւավորմամբ եւ սպասարկմամբ: Համաշխարհային շուկայի ամենամեծ դերակատար այս ընկերությունն աշխարհի 45-ից ավելի երկրների 400.000-ից ավելի գովազդային ընկերությունների հետ է համագործակցել: Այս ընկերությունը համագործակցելով աշխարհի տարբեր քաղաքների քաղաքային իշխանությունների հետ` տվյալ քաղաքին համապատասխան վերոնշյալ ապրանքատեսակների համար դիզայն է մշակում: Միգուցե Երեւանի համար եւ՞ս պետք է մշակել նման դիզայն: Բայց դրա իրականացման համար ժամանակ եւ ֆինանսական լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ գովազդային ընկերությունների համար: Գ. Նուշիկյանի հետ զրույցում, երբ նշեցինք JCDecaux-ի փորձի մասին, նա ասաց, որ քաղաքապետարանի հետ զրույցում իրենց կողմից առաջարկվել են JCDecaux-ի փորձի եւ գովազդային վահանակների դիզայնը ընդունել որպես մոդել, որոնք եւս մերժվել են` ասելով, թե դրանք ստանդարտ վահանակներ են:

Քաղաքապետարանը, փաստորեն, գործարարներին պատշաճ կերպով չի ծանուցել իր ցանկությունների, իր գործողությունների մասին, ավելին, բոլոր առաջարկները մերժել է: Թերեւս դա է պատճառը, որ «Յունիքորնի» փաստաբանը մտածում է, որ այդ քայլով Երեւանի քաղաքապետը մարդկանց զրկում է սեփականությունից` խլելով նրանց բիզնեսը:

Հարց է ծագում, եթե Երեւանի քաղաքապետարանն այդքան մտածում է քաղաքի եվրոպական չափանիշներին համապատասխան գեղագիտական տեսքի, քաղաքացիների իրավունքների մասին, ինչո՞ւ, օրինակ, չի վերանորոգում Երեւանի բոլոր շենքերի վերելակները, որոնք մարդկանց կյանքին վտանգ են սպառնում, չի վերանորոգում վթարային շենքերը, աղբից չի մաքրում քաղաքը, շենքերի շքամուտքերը չի վերանորոգում: Նման դեպքերում պատճառաբանություն է տրվում, թե գումար չկա այդ աշխատանքներն անելու համար: Փոխարենը` քաղաքային եւ պետական բյուջեն զրկում են այդքան մուտքերից: Մարդկանց օրվա հաց ապահովող կրպակներն ապամոնտաժվում են, ու փոխարենը` փողոցներում հյութեր ու կոկա-կոլաներ վաճառելու տգեղ եւ հակահիգիենիկ նոր կետեր են բացվում: Ի դեպ, հյութեր եւ զովացուցիչ ըմպելիքներ եվրոպական քաղաքներում չեն վաճառվում: Իսկ, օրինակ, Ստամբուլում, այո, կարող եք հանդիպել նման երեւույթի: Ինչպե՞ս հասկանալ քաղաքապետի այս երկակի պահվածքը: Գովազդային ընկերությունները սպասում են, թե ո՞ւմ, ո՞ր ընկերություններին Երեւանի քաղաքապետը թույլ կտա գովազդային վահանակներ տեղադրել Երեւանի կենտրոնում` իրենց փոխարեն:

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ