Անբանակ գեներալների ժամանակը

15/10/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով` այս տարվա ընթացքում երկրի բանակում խաղաղ պայմաններում սպանվել է 9 զինծառայող, ինքնասպանություն է գործել 119-ը»: Ազգային բանակում սպանությունների վիճակագրությունը, թերեւս, հասկանալի դարձնելու անհաջող փորձ է հայաստանյան ԶԼՄ-ներում երեկ տարածված այս տեղեկատվությունը: Գուցե սրա տակ կարելի էր գրել նաեւ Ռուսաստանի բնակչության ընդհանուր թիվը` մոտ 130 միլիոն մարդ: Թեեւ երիտասարդի ընդհատված կյանքը դնել երկրի բնակչության ընդհանուր թվի կողքին եւ այդպիսով նվազեցնել նրա կյանքի գինը` ուղղակի բարոյական չէ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով` 2010թ. Ազգային բանակում զոհվել է 42 զինվոր: Նրանցից միայն ինն է զոհվել հակառակորդի գնդակից: Մնացածին սպանել են իրենց հայրենակիցները: Այս տարի բանակում զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` առնվազն 25 սպանության կամ, ինչպես ընդունված է ասել` ինքնասպանության դեպք է արձանագրվել:

Օրեր առաջ` հոկտեմբերի 8-ին, երկրի նախագահը ստորագրեց 2011թ. աշնանային զորակոչ սկսելու մասին հրամանագիրը: Եվ դրան հաջորդած երկու-երեք օրերի ընթացքում բանակում արդեն երեք երիտասարդ զոհվեց: Հոկտեմբերի 9-ին` 19-ամյա Վլադիմիր Ասատրյանը` Խարբերդից: Հոկտեմբերի 12-ին բանակից եկավ հերթական բոթը` զոհվել է 19-ամյա Յուրի Ներսիսյանը: Եվ դարձյալ Խարբերդից: Հոկտեմբերի 13-ին բանակում զոհվեց 21-ամյա Արամ Մելքոնյանը` Երեւանից: Արդեն անիմաստ է գրել նույն տեքստերը բանակի կոռումպացվածության եւ այնտեղ տիրող գազանային բարքերի մասին: Ոչինչ, միեւնույն է, չի փոխվում: Ակնհայտ է` երկրի ղեկավարությունը քաղաքական կամք չունի` լուծել բանակը նորմալ վիճակի բերելու խնդիրը: Լուծել խնդիրը` նշանակում է` հեղափոխական ռեֆորմներ բանակում, բարձրաստիճան զինվորականների, սպաների ձերբակալություն, քրեական բարքերը փոխարինել նորմալ, մարդկային, օրենքով պաշտպանված փոխհարաբերություններով: Եվ, որ ամենակարեւորն է, դադարել բանակը դիտել` որպես հարստանալու միջոց: Յուրաքանչյուր մահվան դեպքից հետո երկրի ղեկավարը, ոլորտի պատասխանատուները ջուր են ծեծում` տեսախցիկների առաջ բարկացած խոսելով բանակում տիրող իրավիճակից, սպայական անորակ կազմից, մյուս արատներից: Սակայն մահվան վիճակագրությունը, ինչպես տեսնում ենք, չի նվազում:

Եթե բերում ենք ՌԴ-ի բանակում տարվա ընթացքում զոհերի թիվը, արժե անդրադառնալ նաեւ հակառակ օրինակին` Իսրայելի բանակին: Այս երկրի բանակում ծառայություն է անցել բնակչության կեսից ավելին` աղջիկներ ու երիտասարդներ: Իսրայելում բանակից չեն փախչում: Ծառայությունից ազատվում են շաքարախտ, էպիլեպսիա եւ հաշմանդամություն ունեցողները: Առողջական այլ տիպի խնդիրներ ունեցողները (դիցուք` հարթաթաթություն) այնպիսի զորամասերում են ծառայում եւ այնպիսի ծառայություն են անցկացնում, որպեսզի հայրենիքին ծառայելը չլինի սեփական առողջությունը վտանգելու հաշվին: Եթե որեւէ զորամասում ոչ կանոնադրային հարաբերություն է արձանագրվում կամ որեւէ միջադեպ, ուր զինվորի արժանապատվությունը նսեմանում է, զորամասն ուղղակի ցրում են, հրամանատարներն անմիջապես հեռացվում են բանակից, իսկ սպաները կանգնում են դատարանի առաջ: Ըստ Իսրայելի բանակի պաշտոնական տվյալների` վերջին 10 տարիներին նման դեպքեր կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: Բանակում նման իդիլիան մեկ օրում չի ստեղծվել: Յուրաքանչյուր նոր պատերազմ, յուրաքանչյուր կոնֆլիկտ հրամանատարներին ստիպում էր վերադառնալ ոչ կանոնադրային հարաբերություններն արմատախիլ անելու խնդրին: Երկրի քաղաքական ղեկավարությունը հասկանում էր` արտաքին թշնամուն հաղթելու համար բանակը պետք է լինի կայուն եւ միասնական: Մարդիկ, ովքեր զենք են կրում, չպետք է եւ չեն կարող նվաստացնել միմյանց:

«Մենք մեր զինվորների մասին գիտենք ամեն ինչ»,- պատմում է Իսրայելի բանակում աշխատող սոցաշխատակիցը: «Գիտենք` սոցիալական ինչ վիճակում է նրա ընտանիքը»: Բանակում զինվորները պարապում են օրը 11 ժամ: Դա քրտնաջան, մեծ էներգիա պահանջող աշխատանք է: Սակայն, եթե սոցիալական աշխատողը գտնում է, որ զինվորը պետք է շաբաթը կամ ամիսը մի քանի օր անցկացնի իր տանը, իր հարազատների միջավայրում, հրամանատարներից ոչ ոք չի կարող խոչընդոտել այդ որոշմանը: Տանը գիշերել թույլատրվում է շատերին եւ շատ հաճախ: Կան զորամասեր, որտեղից զինվորները երեկոյան տուն են գնում այնպես, ինչպես ընկերությունների աշխատակիցները` աշխատանքային օրվա ավարտին: Յուրաքանչյուր զինվոր իրավունք ունի 28 օրվա մեջ երկու օրն անցկացնել իր տանը: Ընտանիքի, քաղաքացիական կազմակերպությունների հետ հաճախակի շփումները թույլ չեն տալիս կոնսերվացնել, գաղտնի պահել բանակում տեղ գտած ցանկացած զանցանք: Գրեթե բոլոր զինվորներն ունեն բջջային հեռախոսներ, որոնք անջատվում են միայն դասերի, զորավարժությունների ժամանակ: Անգամ բջջային կապի օպերատորները սահմանել են հատուկ գներ զինվորների համար: Իսրայելի բանակում չեն անում այն, ինչ անելն անիմաստ է: Օրինակ` ճաշելու չեն գնում շարքերով: Ճաշի համար նախատեսված է որոշակի ժամանակ, եւ յուրաքանչյուրն իրեն հարմար պահի կարող է գնալ ճաշելու: Սպաները, հրամանատարներն ու զինվորները սնվում են նույն խոհանոցում, նույն սեղանների շուրջ: Զինվորն Իսրայելի լիիրավ քաղաքացի է եւ չի կարող սնվել այլ կերպ, քան հրամանատարը: Յուրաքանչյուր զինվոր զորակոչվելիս ստանում է հատուկ գրքույկ հեռախոսահամարներով, ուր կարող է զանգահարել եւ իրավական օգնություն աջակցել: Կան զինվորներ, ովքեր նախընտրում են ուղղակի կապի մեջ լինել ԶԼՄ-ների հետ: Եվ նման թափանցիկ հարաբերությունները գրեթե զրոյի են հասցնում բանակում ոչ կանոնադրային որեւէ հարաբերություն: Իսրայելի խորհրդարանը` Կնեսետն, ընդունել է եւս մեկ օրենք, որով երաշխավորում է զինվորի որակյալ եւ արժանապատիվ ծառայությունը: Ստեղծվել է զինվորների բողոքների հատուկ հանձնաժողով: Այնտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան զինվորականներ, փաստաբաններ: Զինվորները կամ նրանց ծնողները պարտավոր չեն վազվզել գերատեսչություններով` իրենց կամ իրենց զավակների իրավունքները պաշտպանելու համար: Նրանք հեռախոսով, էլեկտրոնային փոստով կարող են ասել կամ ուղարկել իրենց բողոքները, եւ պետությունը պարտավոր է մեկ առ մեկ քննել դրանք եւ 14-օրյա ժամկետում ընթացք տալ բողոքին:

Բանակում ոչ ոք չի կարող սահմանափակել զինվորների քաղաքացիական իրավունքները: Հրեա զինվորը բանակում պաշտպանված է այնպես, ինչպես պաշտպանված է իր տանը: Եվ, ամենակարեւորը, Իսրայելի բանակը կազմավորված է հետեւյալ սկզբունքով` «Արա՛ ինչպես ես»: Հրամանատարներն այստեղ վազում, ցատկում, սողում եւ սնվում են այնպես, ինչպես իրենց զինվորները:

Մեր հրամանատարների, գեներալների կազմվածքը չի տարբերվում խորոված պատրաստող մսագործների, խոհարարների արտաքինից: Նրանք չեն կարող իրենց զինվորներին ասել` «Արա՛ ինչպես ես»: Մեկ անգամ կքանստելիս մեր գեներալների, բարձրաստիճան զինվորականների բոլոր կոճակները կպայթեն:

Նման որակի զինվորականների պատասխանատվությանն իրենց զավակներին հանձնած ծնողները երկու տարի ապրում են արտակարգ ռեժիմում: Սա` լավագույն դեպքում: Վատագույնի մասին բանակից տեղեկություն ենք ստանում արդեն ամենօրյա պարբերականությամբ: