Բանակում վերջին երկու-երեք ամիսների ընթացքում արձանագրված դեպքերն իրենց դաժանությամբ ցնցեցին հասարակությանը: Զինվորների սպանությունները, ինքնասպանության դեպքերը թույլ են տալիս մտածելու, որ բանակում գողական օրենքները հոգեւոր արժեքներից զորավոր են: Ավելին` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես է հայ մարդը` հայ մարդու հետ հարաբերվում (սկսած շարքային զինծառայողից` մինչեւ հրամանատար ու բուժակ), գալիս ենք մի եզրահանգման` քրիստոնեությունը դավանող պետության մեջ մի առանձին հակաքրիստոնեական «պետություն» է գործում, որտեղ սպանում են, միմյանց անարգում են, սիրելու փոխարեն` ատում են, եւ չեն ներում ու չեն ներվում: Դեռեւս 1997թ. այն ժամանակվա ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի միջեւ համաձայնագիր է կնքվել, ըստ որի` Զինված ուժերը հոգեւոր սպասավորների կարիք ունի, եւ այդ ինստիտուտը ներդնելու անհրաժեշտություն կա: Ի դեպ, մասնավորապես եվրոպական երկրներում այդ ինստիտուտը վաղուց ներդրված է, եւ հաշվի առնելով նաեւ հանցագործությունների ցուցանիշների էական կրճատումը` փորձագետները հոգեւոր սպասավորի աշխատանքը բավական արդյունավետ են համարում: Այլ կերպ ասած` զորամասում հոգեւոր սպասավորի ներկայությունը նաեւ ենթադրում է բռնության, սպանության եւ այլ ոտնձգությունները կանխարգելող երաշխիք: Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հոգեւոր սպասավոր Սուրեն սարկավագ Գեւորգյանը Զինված ուժերում հոգեւոր սպասավորների գործունեությանը մեծ կարեւորություն է տալիս: Բացի քարոզներից, հոգեւոր դասաժամերից եւ անհատական աշխատանքից, զորամասերում նշվում են բոլոր եկեղեցական տոները: Ս. սարկավագ Գեւորգյանի հավաստմամբ` բանակի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության միջեւ կա մշակված ծրագիր, որի համաձայն` հոգեւորականներն աշխատում են: Այն իր մեջ ներառում է կրոնը, պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, որը մատուցվում է զինվորականներին եւ զինծառայողներին: Նշենք նաեւ, որ վերջերս զորամասերում անցկացված սոցհարցումների ժամանակ` «Զորամասում ամենաշատն ո՞ւմ եք վստահում» հարցին զինվորների 65%-ը պատասխանել է` հոգեւոր սպասավորին:
– Հոգեւոր դասերից, քարոզներից եւ միջոցառումներից զատ, զինվորներին պարտադիր հարցնում եմ` կա՞ն արդյոք հարցեր: Նրանց կողմից հնչեցված հարցերը հաճախ ինձ ապշեցնում են: Հարցեր են, որոնք երբեւէ չեն հնչել, եւ զարմանք, հիացմունք են առաջացնում: Լինում են նաեւ խոստովանություններ, որոնք շատ տարբեր են` եւ՛ ընդհանրական, եւ՛ անհատական խոստովանություններ, որովհետեւ մարդը միշտ դրա կարիքն ունի: Բոլոր անհատական խոսակցությունները մնում են զինվորի եւ հոգեւորականի միջեւ: Փառք Աստծո, անգամ ինքնասպանության փորձերի դեպքեր են կանխվել: Նման քայլի պատրաստվող զինվորը մինչ օրս ինձ զանգահարում եւ շնորհակալություն է հայտնում, որ այդ քայլին չդիմեց: Միայն աղանդավորական կառույցների գործունեության դեպքում կարող են միջամտումներ լինել, քանի որ այն սպառնում է պետության եւ եկեղեցու անվտանգությանը:
– Որո՞նք են զինվորի` ինքնասպանություն կամ սպանություն կատարելու շարժառիթները: Ենթադրում եմ, որ զինվորների նեղ անձնական խնդիրներից եւ հոգեբանական դժվարություններից ամենատեղեկացվածը Դուք եք: Ի վերջո, երիտասարդներն իրենց հոգին «բացում» են Ձեր առջեւ:
– Ասեմ իմ անձնական կարծիքը: Երկու պատճառ կա` հայհոյանքը եւ անտարբերությունը: Փորձը ցույց է տալիս, որ լուրջ դերակատարում ունի նաեւ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքը: Վերջերս նման դեպքեր արձանագրվեցին` ծնողների հետ խնդիրներ, ամուսնալուծություն, որն անդրադարձել էր զինվորի վիճակի վրա: Սա անհատական խնդիրներից է, իսկ բանակի ընդհանուր միջավայրում հիմնական խնդիրը հայհոյանքն է:
– Հայհոյանքով շփումն ընդունված է նաեւ հրամանատարական կազմի շրջանում:
– Իրենց ասելով` նաեւ հրամանատարական կազմի կողմից է լինում հայհոյանք, ինչո՞ւ չէ` նաեւ զինվորներն են հրամանատարական կազմին հայհոյում: Հիմնականում զինվորը` զինվորի հետ հարաբերության մեջ հայհոյանքը շատ տխուր վերջաբան է ունենում: Անցյալ տարվանից սկսած եկեք դիտարկենք մեզ հայտնի դեպքերը, դրանց մեծ մասը հայհոյանքի պատճառով է եղել: Դա կանխելու համար ես մի մեթոդ հնարեցի. կիրակի օրերին զինվորներին ուխտագնացության եմ տանում, բայց ոչ բոլորին: Գալիս են այն զինվորները, ովքեր քիչ են հայհոյում, գիտեն աղոթքները եւ իմ դասերին պատշաճ վարքագիծ են դրսեւորում: Այս պարագայում զգալի պակասում է հայհոյանքը, հավատքը ավելանում է, ինչ-որ բան փոխելու նպատակասլացություն եմ տեսնում:
– Պարզ է, որ հայհոյում են դաստիարակության պակաս ունեցողները, բայց, բոլոր դեպքերում, չե՞ք կարծում, որ անառիթ հայհոյանք չի լինում:
– Առիթները լինում են տեղին եւ անտեղի, ինչպես որ մարդը մեղքը գործում է կամա եւ ակամա: Հայհոյանքի երեւույթն անհասկանալի է, որովհետեւ, ինչպես Քրիստոսն է ասում` ինչ-որ մտնում է մարդու բերանը` դա մարդուն չի պղծում, այլ պղծում է բերանից դուրս եկածը: Հայհոյող մարդը պղծվում է, եւ հետեւանքներն այսօր մենք շատ պարզ տեսնում ենք: Անգամ, երբ զինվորին հարցնում ես` ինչո՞ւ է հայհոյում, նա չի կարողանում բացատրել: Դիմացինին հայհոյում է, կողքից միջամտում են, ու դառնում է ողբերգություն: Քրիստոնեական մի սկզբունք կա. եթե մարդն Աստծուն չի հավատում` կարող է ամեն ինչի հավատալ: Եթե քո դիմացինին չսիրես` Աստծուն չես կարող հավատալ: Մարդն Աստծո պատկերով ստեղծված էակ է, ու եթե նա չսիրելով` հայհոյում է այդ էակին, ուրեմն չի կարող սիրել նաեւ Աստծուն: Երբ մի օր նա հասկանա, որ դիմացինն իր նման Աստծո պատկերով էակ է, որը կարող է մի օր էլ իրեն հայհոյել` այլեւս չի անի այդ բանը: Միշտ ասում եմ` եթե մի տեղ հաց եք ուտում` երբեք մի հայհոյեք: Ինչպե՞ս կարող եք տանը կամ ձեր ծնողներին հայհոյել: Շատերն են սթափվում եւ ձերբազատվում հայհոյանքի սովորությունից: Այդ սկզբունքը քարոզելով` ես բավական մեծ արդյունք տեսա իմ աշխատանքի մեջ:
– Ըստ որոշ պաշտոնյաների` բանակը մեր հասարակության հայելին է: Բանակում առկա երեւույթների շղթան հասարակությունից է գալիս: Համամի՞տ եք այդ տեսակետի հետ:
– Ես զինվորներին միշտ մի օրինակ եմ բերում. Ասում եմ` երբ ձեր ծնողները բանակից զորացրվում էին` իրենց հետ ի՞նչ էին տուն բերում: Թավշապատ մի ալբոմ` բազում նկարներով, ընկերների հասցեներով, ծաղիկներով ու պատկերներով ձեւավորված: Օրագրի պես մի բան էր, որը գեղագիտական տեսքով էր արտահայտվում: Մեր ծնողները երբ զորացրվում էին` իրենց հետ պատմություն, լավ ու վատ, ուրախ ու տխուր օրեր էին տուն բերում, որոնք մինչ օրս անգամ մեր համար է թանկ: Այսինքն` տարիների իրենց հիշողությունը, բավական չէ, մնում է իրենց տանը, դեռ մի բան էլ` իրենց զավակներն են այդ հիշողությունը սրբության պես պահում-փոխանցում: Այսօր մեր զինվորները զորացրվելիս` իրենց հետ ոչինչ չեն տանում տուն: Այսօրվա զինվորին հուշում ես, միտք ես տալիս, բայց… Հիմա զինվորների միակ նպատակն այդ երկու տարին հաղթահարելն ու մտածելն է, թե ի՞նչ անեն, որ զորացրվեն: Իրենց հետ տուն են տանում բարկություն, վրեժ, ոմանք հայհոյելով են գնում, ոմանք` թեեւ քիչ է լինում, բայց օրհնելով: Ես դեպք գիտեմ, որ ծնողն ինքն էր հրահրել հանցագործության: Ի դեպ, զինվոր կա` 6-րդ դասարանի կրթություն չունի, գրել չգիտի: 5-րդ դարում Եղիշեն ասում էր` բոլոր չարիքների սկիզբը տգիտությունն է:
– Չե՞ք կարծում, որ բանակի հրամանատարական կազմը պատասխանատվության ամենամեծ մասնաբաժինն ունի: Հանցագործությունների պատճառ են դառնում նաեւ հենց կիսագրագետ, վայրենի վարքագիծ դրսեւորող հրամանատարները:
– Հակոբ պատրիարք Նալյանն ասում էր` միաբանությունից փոքրերը մեծանում են, իսկ անմիաբանությունից մեծերը` փոքրանում են: Հոգեւորականներն ու զինվորականները պետք է միաբանվեն: Ես շատ ուսյալ զինվորականներ եմ տեսել: Անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է նա երդման արարողության ժամանակ խոսքը սկսել եւ ելույթն ավարտել Ներսես Շնորհալու խոսքերով: Բայց եղել են զինվորականներ, որոնք անգամ չեն իմացել, թե ով է հոգեւորականը: Փոքրիկ կասկածի դեպքում էլ հոգեւորականը պետք է սկսի զինվորի հետ աշխատել: Եթե նա նույնիսկ աղանդավոր չէ, այլ աթեիստ է` պետք է նրա հետ էլ աշխատել: Աշխատում եմ նույնիսկ ճաշարանի աշխատողների հետ, որովհետեւ, եթե անգամ մեկը լինի աղանդավոր կամ աթեիստ` հոգեւորականի գործը տապալվում է: Ի վերջո` աթեիստն էլ քարոզում է, որ Աստված չկա: Հոգեւորականը գիշերը չի մնում զորամասում, մնում է սպան, եւ նա յուրաքանչյուր կասկածի դեպքում պետք է գիտեցածը փոխանցի հոգեւորականին: Հաճախ հրամանատարները, սպաները փորձում են իրենք խնդիրը հարթել, մինչդեռ հոգեւորականի միջամտությունը սպասվող միջադեպերը կանխելու համար ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ: Մյուս կողմից` նրանք չեն տեսել եւ չգիտեն այդ աշխատանքի էֆեկտիվությունը: Մեծամասամբ մեծ հարգանք ունեն հոգեւորականների նկատմամբ, եւ իմ բոլոր հրամանատարները եղել են առաքինի մարդիկ: Սեւանի ոստիկանության կայազորում աշխատելու ժամանակ ոստիկանապետի խնդրանքով ես սկսեցի այցելել մեկուսարաններ: Աներեւակայելի փոփոխություն եղավ, անգամ մկրտություն եղավ: Մեղավոր մարդկանց ապաշխարության կարգ եղավ, աղանդավոր մարդը դարձավ քրիստոնյա, մեղավոր մարդուն ներում շնորհվեց: Այսինքն` երբ զինվորականն աջակցում է հոգեւորականին, նրա աշխատանքը կարեւորում է, անձամբ ինքն էլ է մասնակցում դասերին, հանդիպումներին: Դա հոգեւորականին մեծ ուժ է տալիս, քանի որ նրա կողքին է տվյալ հաստատության ղեկավարը:
– Միջադեպի կամ վիճաբանության առիթ հանդիսացող որեւէ ինֆորմացիա տիրապետելիս հրամանատարական կազմը Ձեզ տեղեկացնո՞ւմ է այդ մասին: Այսինքն` Ձեզ տրամադրո՞ւմ են գաղտնի ինֆորմացիաները, որոնք իմանալով` Դուք կարող եք կանխել հանցագործությունը կամ միջադեպը:
– Լինում են, երբ անհասկանալի պատճառներով հոգեւորականին տեղյակ չեն պահում, բայց հիմնականում տեղեկացնում են: Պետք է հասնել այն մակարդակին, որ նրանք հանցագործություն կամ ինքնախեղում բացահայտելու ժամանակ գիտակցեն հոգեւորականի մասնակցության անհրաժեշտությունը:
– Տարօրինակ է, Դուք բանակում քարոզում եք իրար սիրելու, ներելու մասին Աստծո պատվիրանները: Մինչդեռ բանակից ստանում ենք հիմնականում սպանության, ատելության, բռնության պատկեր:
– Իրար չներելու, չսիրելու երեւույթները բոլոր դարերում եղել են: Անգամ Քրիստոսի ժամանակ` Քրիստոսին տեսնելով էլ չեն արել նրա պատգամները, ուր մնաց` մեր օրերում կատարեն: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ զինվորները շատ դեպքերում լսում եւ կատարում են: Խնդիրն այլ է. եթե մարդն իր ընտանիքում չի տեսել, որ ծնողներն իրար ներեն, սիրեն, հարգանքով վերաբերվեն, հարեւանը հարեւանին ների` զինվորն էլ զորամասում չի կարող ներել: Հոգեւորականի աշխատանքն է միայն կոտրում հոգեբանական այդ բարդույթները եւ դրդում վերանայել քրիստոնեական պատգամների էությունը: Յուրաքանչյուր ամիս Մայր Աթոռում ժողով է գումարվում: Բոլոր հոգեւոր սպասավորները զեկուցագրերով ներկայանում են` տեղեկացնելով զորամասում գրանցված դեպքերի մասին, որտեղ քննարկվում են խնդիրներն ու անելիքները: Բանակի հոգեւոր առաջնորդության ջանքերով տպագրվեց զինվորի աղոթագիրքը, եւ այսօր զինվորն ունի թե՛ աղոթագիրք, թե՛ Նոր Կտակարան: Մարդ, որը գիտի Աստծո պատվիրանները` չի կարող գնալ հանցագործության: Երբ հայհոյանքի փոխարեն` մարդը սկսում է աղոթքով հաց ուտել, անգամ ճաշի համն է ուրիշ լինում: Ընտանիքներում` քաղաքացիական կյանքում, դպրոցներում պետք է զավակներին հայհոյանքի փոխարեն` աղոթք ու պատվիրանները, Աստվածաշունչ կարդալ սովորեցնել: Գարեգին Առաջինն ասում էր` երեխայի դաստիարակությունը սկսվում է դպրոցական նստարանից: Ծնողները պետք է պատրաստ լինեն, որ իրենց զավակները պիտի ծառայեն, բայց այսօր նրանք ավելի շատ պատրաստ են նրան, որ չպիտի ծառայեն: