Վերջին շրջանում արեւմտյան կառույցների «հատուկ խաղաքարտն» է դարձել «սահմանամերձ համագործակցության զարգացումը»: Դրա տակ հիմնականում նկատի ունեն հետեւյալը. եթե նույնիսկ երկու պետություններ իրար հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեն, նրանց` իրար հետ սահմանակից շրջանները միանգամայն կոռեկտ ու փոխշահավետ համագործակցում են: Այս թեմայի շուրջ մեր հարցերին պատասխանում է Ռուսաստանի Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի փորձագետ Անդրանիկ Դերենիկյանը:
– Բացատրեք խնդրեմ ընթերցողների լայն շրջանակների համար, թե սովորաբար ի՞նչ նկատի ունեն «սահմանամերձ համագործակցություն» հասկացության տակ:
– Որպես կանոն` գործնականում օգտագործվում է այն սահմանումը, որ ներկայացված է 1980թ. Մադրիդում կնքված Տարածքային միավորումների եւ իշխանությունների սահմանամերձ համագործակցության մասին Եվրոպական շրջանակային Կոնվենցիայում: Ռուսաստանի Դաշնությունը, 2002թ. միանալով այդ կոնվենցիային, համաձայնել է հենց այդ սահմանման հետ: Կոնվենցիայով սահմանվում է, որ սահմանամերձ համագործակցություն ասելով` հասկանում են երկրների համաձայնեցված գործողություններ, որոնք ուղղված են հարեւան տարածքային միավորումների ու իշխանությունների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու խրախուսմանը, որոնք գտնվում են փոխհամաձայնության ձգտող երկու եւ ավելի կողմերի իրավասության տակ, ինչպես նաեւ` ցանկացած համաձայնագրերի ու պայմանավորվածությունների կնքում, որոնք անհրաժեշտ են վերոնշյալ նպատակներին հասնելու համար: Կոնվենցիայում նշվում է նաեւ, որ սահմանամերձ համագործակցությունն իրագործվում է տարածքային միավորումների եւ իշխանությունների իրավասությունների շրջանակում, որոնք սահմանվում են կողմերից յուրաքանչյուրի ներքին օրենսդրությամբ: Ընդ որում` այդ իրավասությունների սահմաններն ու բնույթը չեն կարող փոփոխվել այս Կոնվենցիայով: Իմ կարծիքով` այս ձեւակերպումը բավականաչափ ճշգրիտ է եւ հակիրճ եւ սկզբունքորեն ճիշտ է արտահայտում «սահմանամերձ համագործակցություն» հասկացության էությունը:
– Ըստ Ձեզ` որքանո՞վ է Ձեր նշած ձեւակերպումը համապատասխանում հետխորհրդային պետությունների միջեւ սահմանամերձ համագործակցության շահերին:
– Կարծում եմ` ընդհանուր առմամբ համապատասխանում է: Սակայն, եթե մենք իսկապես մտածում ենք համագործակցության զարգացման եւ խորացման մասին, ապա, օրինակ, ԱՊՀ շրջանակներում սահմանամերձ շրջաններ կարող էին համարվել ՌԴ բոլոր սուբյեկտները եւ ԱՊՀ մյուս երկրների բոլոր սուբյեկտները, այսինքն` շրջաններն ու մայրաքաղաքները: Սա տրամաբանական կլիներ, քանի որ, օրինակ, Սվերդլովսկի կամ Նիժեգորոդսկի շրջանները միանշանակ կարող են շահագրգռված լինել Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի կամ Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ: Ընդ որում` այդ երկրներն ընդհանուր սահման կարծես թե չունեն, բայց ընդհանուր նախագծերի հիմքեր կան:
– Բերեք խնդրեմ սահմանամերձ համագործակցության Ձեզ հայտնի հաջողված օրինակներ:
– Եվրոպայում բավականին հաջող ինտեգրացիոն գործընթացները, ինչին մենք ականատես ենք վերջին 30 տարիներին, հիմնականում խթանվում էին հենց սահմանամերձ համագործակցությամբ, ինչը եւ ցույց տվեց, որ բոլոր հիմքերը կան ինտեգրացիայի` ամենատարբեր ուղղություններով ընդլայնման համար, ինչպես ֆիզիկական, այնպես էլ բովանդակային առումով: Եվ եթե այսօր Եվրոպայում սկսել են բոլորիս հայտնի խնդիրները ծագել, ամենից առաջ` ֆինանսատնտեսական ոլորտում, ապա դրանց պատճառը ոչ այնքան օբյեկտիվ ներքին գործոններն են, որքան նպատակաուղղված արտաքին ազդեցություն` յուրօրինակ «տրոյական ձիերի» օգտագործմամբ: Եթե խոսենք հետխորհրդային տարածքում հարաբերականորեն հաջողված օրինակներից, ապա կարող ենք հիշատակել Ռուսաստանի ու հարեւան Բելառուսի եւ Ուկրաինայի սահմանակից շրջանների համագործակցության մասին: Հայտնի է նաեւ, որ սահմանամերձ համագործակցության փորձ ունեն Կալինինգրադի, ինչպես նաեւ` Սիբիրի ու Հեռավոր Արեւելքի մի շարք շրջաններ: Խոսելով ԱՊՀ մյուս երկրների մասին` կարելի է նշել Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի համագործակցությունը Չինաստանի Սինձյան-Ույգուրսկի Ինքնավար շրջանի հետ:
– Խոսելով սահմանամերձ համագործակցության մասին` մենք սովորաբար նկատի ունենք տնտեսական համագործակցությունը: Որքանո՞վ է արդարացված նման մոտեցումը:
– Այդ կարծրատիպը ավելի շուտ կապված է հնարավոր օգուտը` հենց հիմա ու հենց այստեղ, եւ ցանկալի է` կանխիկ գումարով տեսնելու մեր ցանկության հետ: Այնինչ, իրականում, սահմանամերձ համագործակցությունը ենթադրում է նաեւ հումանիտար կապերի ընդյալնման հնարավորություն, մասնավորապես` կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում: Սահմանամերձ համագործակցության շրջանակներում կարող են բավականին լայն հնարավորություններ բացվել շրջակա միջավայրի պահպանության, ջրօգտագործման, պատմական հուշարձանների պահպանության ու վերականգնման հետ կապված գործողությունների կոորդինացման համար: Մեծ հնարավորություններ կան կապված նաեւ զբոսաշրջության ու հանգստի զարգացման հետ:
– Ձեր կարծիքով` ի՞նչ առաջնահերթ պայմաններ են պետք սահմանամերձ համագործակցության ընդլայնման համար:
– Կարծում եմ` առաջին հերթին պետք է դրսեւորվի շահագրգիռ կողմերի բարի կամքը: Իսկ դրա համար միջպետական հարաբերությունները պետք է հիմնված լինեն միմյանց հանդեպ բարձր վստահության ու փոխադարձ հարգանքի վրա: Եթե խոսենք ԱՊՀ երկրների միջեւ սահմանամերձ համագործակցության մասին, ապա այստեղ հաջողության կարեւոր պայմանը իշխող շրջանակների կողմից այն փաստի գիտակցումն է, որ մեր բազմակողմանի զարգացմանը Արեւմուտքը չի օգնելու, քանի որ շահագրգռված չէ մրցակիցներ ունենալու մեջ: Թե ինչպես են մեզ օգնել վերջին 30 տարիներին, մենք հիանալի տեսնում ենք: Հատկապես արժե նշել, որ սահմանամերձ համագործակցությանը խոչընդոտող կարեւոր գործոն է անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերի բացակայությունը: Բավականին տարօրինակ է, որ ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց այդպես էլ չի մշակվել միասնական օրենսդրական բազա: Որպեսզի դրանում համոզվենք, կարող ենք վերլուծել մեր երկրների օրենսդրությունների պրոբլեմները: Եվ այստեղ կարելի է նորից հիշատակել համագործակցելու իրական կամքի պակասը եւ անհասկանալի հույսերը, թե ինչ-որ մեկը օգնության է գալու: Իսկ իրականում մենք կարող ենք հույս դնել միմիայն հետխորհրդային տարածքի ներսում խորը ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա:
– Իսկ ըստ Ձեզ` կարո՞ղ է արդյոք սահմանամերձ համագործակցության գործընթացն ընթանալ, ասենք, հակառակ այս կամ այն պետության կենտրոնական իշխանությունների կամքի:
– Մենք վատ ենք պատկերացնում, թե ինչպես կարելի է իրագործել սահմանամերձ համագործակցության նախագծերը` հակառակ պետության իշխանությունների կամքի, որը պետական ինչ-ինչ քաղաքականություն է վարում: Իհարկե, եթե երկրում ստեղծված է ինստիտուցիոնալ հիմք, որը կապահովի սահմանամերձ համագործակցության զարգացման բարեհաջող նախապայմաններ, ապա այդ դեպքում ամենաբարձր մակարդակի պետական պաշտոնյայի քմահաճույքներն արդեն միակ վճռորոշ գործոնը չեն լինի, որ կազդեն այս ուղղությամբ ընթացող աշխատանքների հաջողության վրա: Սուբյեկտներն իրենք պետք է հանդես գան հետաքրքիր նախաձեռնություններով` չսպասելով կենտրոնից եկող հրահանգներին: