Բուժիչ նամակներ

15/10/2011

Ծնեբեկ

Ծնեբեկը (լատ. Asparagus offieinalis L., ռուս. հտՈՐՋՈ) ծնեբեկազգիների ընտանիքին պատկանող, հաստ կոճղարմատով, ճյուղավորված ցողունով բազմամյա բույս է: Ցողունը պատված է մսոտ ու մանր բողբոջներով եւ նման է կանաչ ցորենի հասկի: Լուսասեր, ջերմասեր ու խոնավասեր բույս է, աճում է թփուտներում, մացառներում ու քարքարոտ վայրերում: Գոյություն ունեն ծնեբեկի 100-ից ավելի տեսակներ (խոտաբույս, կիսաթփուտ, լիաններ), մի մասը դեկորատիվ է: Ամենաշատ տարածվածը ուտելի (սպիտակ) ծնեբեկն է: Բարբառներում ծնեբեկը կոչվում է ծնէփակ (Ղարաբաղ), ծնէփուկ (Ջուղա), մալաժոր, մարանճու, սափաոնիա, Հերացին այն անվանում է ծնելբեկ, Ամիրդովլաթը` հալիոն, կոչվում է նաեւ ասպուրակ, որ լատիներեն ասպարագուսի հայեցված ձեւն է: Սեւ կորիզի ու կարմիր կլորավուն պտուղների համար ծնեբեկը Բուլանըխում կոչվել է շանհաղող:

Ըստ Հրաչյա Աճառյանի` ծնեբեկ բառը կազմված է ծին եւ բեկ արմատներից, եւ այդպես է կոչվում, քանի որ ուտում են միայն շատ մատղաշ ընձյուղները: Ըստ Հայկազյան բառարանի` նշանակում է մատղաշ, նորածին ծիլ: Հունարեն ասպարագուս բառն իմաստով նման է հայերենին եւ նշանակում է մատղաշ, նորածին ծիլ: Աճառյանը հիլիոն, հալիոն բառն արաբերեն կամ պարսկերեն է համարում, կա նաեւ հիլիոնուտ բառը, որ նշանակում է ծնեբեկով առատ տեղ: Մարանճու բառը ծնեբեկի հոմանիշն է, պարսկերեն բառ է, նշանակում է` օձափայտ, օձախոտ:

Ծնեբեկի հայրենիքը Միջերկրականի ավազանն է, տարածաշրջանի ժողովուրդներին հայտնի է հին ժամանակներից: Պատկերված է եգիպտական սարկոֆագների վրա, հին հույները ծնեբեկից հյուսված պսակով զարդարում էին նորապսակներին` որպես նրանց միության օրհնության խորհրդանիշ: Ըստ առասպելի` Թեզեի կողմից հետապնդվող գեղեցկուհի Պերիգոնան հասնելով ծնեբեկի դաշտ, խնդրում է իրեն թաքցնել` խոստանալով երբեք ծնեբեկ չքաղել, չուտել եւ չայրել: Ծնեբեկը Պերիգոնայի խնդրանքը կատարում է, որից հետո ծնեբեկ ուտելը, ըստ երդման, դառնում է դատապարտելի:

Հռոմեացիները ծնեբեկին վերագրում էին կայտառեցնող հատկություն եւ մելամաղձոտ մարդկանց խորհուրդ էին տալիս ծնեբեկ ուտել: Հավանաբար կայտառ մնալու համար էին հռոմեացիները վզներից որպես թալիսման` ծնեբեկ կախում: Հռոմեացի երգիծաբան Անթեյը, նկատի ունենալով ծնեբեկի փարթամությունը եւ մի արմատից բազմաթիվ ծիլեր արձակելը, հայտարարում էր. «Քանի որ ծնեբեկը տալիս է նորանոր ծիլեր, պետք է լավ ազդեցություն թողնի պերճախոսության վրա եւ առաջացնի նորանոր մտքեր, որովհետեւ բառը լեզվի համար նույնն է, ինչ ծիլն արմատի համար»: Ֆրանսիացի գրող Բրիլյար-Սավարեն «Համի ֆիզիոլոգիա» աշխատության մեջ գրում է, որ ինը մուսաներից բացի, գոյություն ունի նաեւ 10-րդը` Հեստերիան, որը հոգում է համի հաճույքները եւ հավակնում աշխարհի կառավարմանը, քանի որ աշխարհը ոչինչ է առանց կյանքի, իսկ ամենը, ինչ ապրում է, սնվում է… Հետեւաբար` ամենակարեւորն ուտելն է: Հեստերիան նախընտրում է ապրել այն վայրերում, ուր ծնեբեկ է աճում:

Հռոմի անկումից հետո ծնեբեկը մոռացության տրվեց: Դրա սերմերը 1271թ. Եվրոպա են բերում խաչակիրները, բայց դեռեւս XIX դ. ծնեբեկը հազվագյուտ բանջար էր, քանի որ որոշակի արգելքների ենթարկվելով` դարձել էր տիրող դասակարգին պատկանող եւ զրկվել լայն տարածումից: 1820թ. Գերմանիայում հրատարակված «Ուլմյան այգեգործություն» աշխատության մեջ ասվում է, որ բանջարաբույծներին արգելվում է շուկայում ծնեբեկ վաճառել, քանի որ 1768թ. կառավարության որոշմամբ այն մատուցվում էր միայն թագավորական սեղանին: Ծնեբեկը Ռուսաստանում հայտնվում է 1733թ. եւ արքունիքում դառնում մոդայիկ բանջար:

Ծնեբեկը հնում նախ եւ առաջ դեղաբույս էր: Հին Հռոմում ծնեբեկի բուժիչ հատկությունների մասին տրակտատներ են գրել:

Բուժական նպատակով օգտագործում են ծնեբեկի արմատի եւ ընձյուղների թուրմը: Արմատը հանում են վաղ գարնանը կամ աշնանը, լվանում, բացօթյա չորացնում ու պահում հերմետիկ տուփերում: Մատղաշ ընձյուղները հավաքում են վաղ գարնանը ու գործածում թարմ վիճակում: Ամիրդովլաթը նշում է, որ ցավազրկող է, բացում է լյարդի ու երիկամների խցանումը, ավելացնում սերմնագոյացումը, արմատը գործածում են միզակապության, ատամնացավի, դեմքի ցանավորման, միզակապության ժամանակ: Հերացին արմատը համարել է ստամոքսը մաքրող, ջերմն իջեցնող, միզամուղ եւ հակառեւմատիկ միջոց: Սերմը ներքին ընդունման ձեւով օգնում է ստամոքսացավին, վերացնում քրտինքի տհաճ հոտը: Ըստ Ամիրդովլաթի` սերմը հակաբեղմնավորիչ է, ավելացնում է կնոջ կաթը, դեղնուկի պատրաստուկների մաս է կազմում: Բույսի մեջ պարունակվող ասպարագինը սրտի վրա թողնում է հանգստացնող ազդեցություն:

Ծնեբեկը հարուստ է C, PP, B խմբի վիտամիններով, կալիումական աղերով, կալցիումով, ֆոսֆորով, երկաթով: Սննդի մեջ գործածում են մատղաշ ընձյուղները:

1. Ծնեբեկը տապակում են. մանր կտրատում, խաշում, քամում ու յուղով (ձեթով) ու ձվով տապակում:

2. Թանապուրի (սպաս) մեջ են գործածում. թանը եփում են` շարունակ խառնելով, ավելացնում են ձվի դեղնուցի ու ալյուրի խյուս (ակնկապ), սռնած ձավար ու ծնեբեկ:

3. Աղցան են պատրաստում. խաշում են, քամում ջուրը, վրան աղ ու քացախ ավելացնում:

6. Օշարակ են պատրաստում. թարմ ընձյուղի հյութը եւ շաքարը լցնում են ամանի մեջ եւ պահում ջրաբաղնիքի մեջ, խառնում են մինչեւ թանձրանալը:

7. Սուրճ են պատրաստում ծնեբեկի պտուղներից:

 Անժելա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ