«Աստծո տվածը թող ձվածեղի հետ չխառնեն»

16/11/2005 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

ԱԺ ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը ստահոդ որակեց Ապարանի քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի եւ Ապարանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահ Արայիկ Հակոբյանի կողմից հնչեցրած մեղադրանքները, թե ինքն ու «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը փորձում են Ապարանի քաղաքապետ «նշանակել» իրենց «մարդուն»` հաշվի չառնելով ժողովրդի կամքը:

– Արայիկ Հակոբյանը վստահեցնում էր, որ երեւանաբնակ ապարանցիները, այսինքն` դուք եւ Աղվան Հովսեփյանը, ցանկանում եք ուժով փոխել Ապարանի քաղաքապետին, եւ ասաց, որ արդեն սկսել եք ընտրակաշառքներ բաժանել ալյուրի եւ այլ սննդամթերքի տեսքով:

– Հետաքրքիր է, թե «ալյուրին» ո՞նց էին նրանք ասում` «ալո՞ւր», թե՞ «այլուր»… Այդ բառն ինչպե՞ս էին նրանք արտասանում: Եթե մենք Երեւանի ապարանցիներ ենք, Արայիկն էլ` Արագածի ապարանցի է: Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում` Երեւանի ապարանցի, Արագածի ապարանցի: Ապարանցիները մեկն են, որտեղ էլ նրանք լինեն: «Ալուր» ոչ մեկին երբեք չենք բաժանել: Անկախ ընտրություններից` մենք միշտ օգնել ենք մեր հայրենակիցներին: Իսկ ընտրությունների ժամանակ դադարեցրել ենք այդ օգնությունները, որպեսզի նման շահարկումներ չլինեն: Ընտրություններն անցնեն` նորից կօգնենք: Օգնությունները շարունակվելու են` անկախ նրանից, այդ մարդիկ կցանկանա՞ն, թե՞ ոչ: Գործող քաղաքապետը վեց տարի է պաշտոնավարում է, եւ այս տարիների ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե նա դիտավորյալ ոչինչ չի անում, որպեսզի մարդիկ միշտ դժգոհ լինեն: Դա չի՛ ստացվելու, Ապարանը ծաղկեցնելու ենք: Իսկ ինչ վերաբերում է նման հերյուրանքներին, ապա դա թող իրենց խղճին լինի. բամբասելը, իր համերկրացիների հասցեին սուտ ասելն ապարանցիներին հարիր չէ:

– Նրանք պնդում են, որ Ա. Հովսեփյանն իր թիմակիցներով ցանկանում է փոխել Ռ. Պետրոսյանին, քանի որ նա հաճախ չի ենթարկվում «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահ Ա. Հովսեփյանի կայացրած որոշումներին: Օրինակ, ըստ Ռ. Պետրոսյանի, ինքը չի ենթարկվել հայրենակցական միության` Դավիթաշենի թաղապետի թեկնածու Ռուբեն Գեւորգյանի դեմ ընտրապայքար ծավալելու մասին որոշմանը եւ դրա համար այսօր արժանացել է Ա. Հովսեփյանի հալածանքներին: Ըստ նրանց` դա է հիմնական պատճառը, որ դուք ուզում եք իր փոխարեն այնտեղ նշանակել ոմն Գոռ Աբրահամյանի: Սա է՞լ եք հերքում:

– Երեք տարի է արդեն, ինչ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը վերածնունդ է ապրում: Ես չեմ հիշում դեպք, երբ միությունում հարցերը որոշի պատվավոր նախագահը: Նման բան ընդհանրապես չի եղել, միշտ խորհրդակցություն, քվեարկություն է լինում եւ միայն դրանից հետո է կայացվում որոշում: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե մենք ուզում ենք «ոմն» մեկին փաթաթել իրենց վզին, ապա պետք է ասեմ, որ այդ «ոմն» մեկը Ռազմիկի մաթեմատիկայի ուսուցիչը, շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղարը, գործկոմի նախագահի տեղակալն է եղել ու այսօր էլ ղեկավարում է ամերիկյան ծրագրերից մեկը, որտեղ նրա եւ՛ աշխատավարձն է բարձր, եւ՛ ծառայողական մեքենաներ ունի ու ոչ մի կարիք չունի քաղաքապետ դառնալու համար: Միակ բանը, որ նա համաձայնեց մեր այս առաջարկին, այն է, որ մեզ հետ Ապարանը ծաղկեցնելու բարի ցանկություններ ունի: Նա Ապարանի ժողովրդի կողմից հարգված մարդ է: Ոչ մի նորմալ մարդ չէր թողնի իր նորմալ աշխատանքն ու չէր պայքարի քաղաքապետի պաշտոնի համար: Բայց քանի որ գործող քաղաքապետը չի կարողանում աշխատել, որոշեց մի կողմ դնել այդ ամենը: Չգիտեմ` գործող քաղաքապետի ֆիզիկակա՞նը չի թողնում, որ նա աշխատի, թե՞ գիտելիքները չեն բավականացնում: Գուցե` երկուսը միասին, որովհետեւ փաստ է, որ նա վեց տարվա ընթացքում որեւէ բան չի արել քաղաքում, բացի քանդելուց: Դրա համար ենք ուզում, որ Ապարանի քաղաքապետը աշխատող մարդ լինի: Վա՞տ է: Նման քյասիբ համայնքի ղեկավարը պետք է նորմալ աշխատող մարդ լինի: Պետք է գայլի կարգավիճակ ունենա: Ո՞նց է գայլն իրեն կերակրում: Ամենախելոք կենդանին է, չգիտե՞, որ եթե ինչ-որ տեղ պախկվի, ոչ մի որսորդ իրեն չի գտնի, բայց պիտի ուտի, չէ՞, որ կուշտ լինի, ապրի: Մեր այսօրվա համայնքապետերի ամեն մի շարժը պետք է քաղաքին օգուտ բերի, բազմաթիվ ծրագրեր գոյություն ունեն, պետք է վազի, իմանա, տեղերը գտնի, իսկ դրա համար առողջություն ու գիտելիք է պետք ունենալ: Մեր գործող քաղաքապետը ո՛չ առաջինն ունի, ո՛չ էլ երկրորդը: Կրթությունն էլ չի համապատասխանում: Ժամանակն է, որպեսզի մենք մեր քաղաքի քաղաքապետի, մնացած պաշտոնյաների կրթական ցենզը բարձրացնենք: Լավ տղա է, շատ լավ է կռվել, բայց դա չի նշանակում, որ նա կարող է լավ համայնք ղեկավարել: Այս վեց տարիներն ապացուցեցին, որ նա չի կարողանում: Նա կմնա վարչության անդամ, մեզ մտերիմ, բայց քաղաքի բնակիչները մեղավոր չեն, որ Ռազմիկի առողջությունը կամ գիտելիքները չի բավականացնում քաղաքը ղեկավարելու, մի բան անելու համար:

– Ապարանցիներն ասում են, թե գործող քաղաքապետին հեռացնելով` Աղվան Հովսեփյանը փորձում է Ապարանում իր «հեղինակության» խնդիրը լուծել, քանի որ Ապարանի վեց գյուղերում նա չկարողացավ անցկացնել իր թեկնածուներից գոնե մեկին:

– Բացարձակ սուտ է: Ոչ մի համայնքի ընտրություններին Ա. Հովսեփյանը չի խառնվել, ոչ մեկին չի պաշտպանել: Եթե ցանկացել էլ է որեւէ մեկին պաշտպանել` ես եմ դեմ եղել: Նման հարցերով ինքը երբեք չի զբաղվել, իսկ եթե ես ինչ-որ մեկին ցանկացել եմ պաշտպանել, ապա կարեւոր է եղել, թե ինչ է նա արել իր համայնքի համար: Համարյա բոլոր գործող գյուղապետերին պաշտպանել եմ, որովհետեւ նրանք 90 տոկոսով կարողացել էին աշխատել: Ասել եմ` ո՛ւմ ժողովուրդն ընտրի, նրա հետ էլ կաշխատեմ: Ում պաշտպանել ենք` ընտրվել են: Իսկ եթե չցանկանայինք, որ նա ընտրվեր, ծիծաղելի կլիներ կասկածել, որ կիրականացնեինք:

– Այսինքն` ի՞նչ պետք է անեիք:

– Կբացատրեինք, ինչպե՞ս ենք մնացած տեղերում բացատրում, որ ժողովուրդը մեզ հավատում է: Պարզապես ցանկացել ենք մի քիչ զգաստացնել համայնքապետերին: Եթե վատ թեկնածու լիներ` կբացատրեինք, թե ինչու չենք ուզում, որ նա լինի: Ապարանի բոլոր գյուղապետերը մեզ հետ են: Իսկ Աղվան Հովսեփյանի հեղինակությունը բարձր է ոչ միայն մեր տարածքում, այլեւ` ամբողջ Հանրապետությունում: Անիմաստ խոսակցություններ են դրանք, որոնց անդրադառնալն ընդամենը ծիծաղելի է: Շատ դատախազների՞ են ձեռքով բարեւել ու գրկախառնվել կամ օրումեջ տեսել Հանրապետության տարածքներում: Մոռացել են, որ իրենց թաղայինի հայացքն էին որսում ժամանակին, ինչո՞ւ չէ` նաեւ հիմա, որ բարեւ տան, հետը լավ լինեն: Ամեն օր այդ մարդը ժողովրդի հետ է, ո՞նց կարող է չսիրեն, չհարգեն: Թող ժողովրդի փոխարեն չխոսեն:

– Ինչպես գիտեք, Ապարանի երկրապահները, այդ թվում` գործող քաղաքապետը, հատուկ այցելել են Ապարանի պանթեոն եւ զոհված ազատամարտիկների շիրիմների մոտ երդվել են տեր կանգնել ապարանցու թասիբին եւ թույլ չտալ երեւանաբնակ ապարանցիներին ղեկավարել իրենց: Մտահոգիչ չե՞ն նրանց այս քայլերը:

– Այդ երդում ուտողների նկարը տեսել եմ: Հավանաբար դրանք կռված տղերք են անտեղյակ մարդկանց համար: Ճշտեք, թե այդ երդում ուտողներից քանի՞սն են կռվել: Վստահ եմ, մեկ հոգուց բացի` ուրիշին չեք գտնի: Միայն Ռազմիկն է կռված, թող սուտ բաներ չվերագրեն իրենց: Անցել են պատերազմ անելու, սկսելու ժամանակները: Կառուցելու ժամանակն է: Աստծու տվածը թող ձվածեղի հետ չխառնեն: Մենք օգնում ենք այդ քաղաքին: Թասիբի խնդիր չկա, կա պատվի ու պատվախնդրության հարց, որպեսզի քաղաքն ունենա կոմպետենտ քաղաքապետ: Նախկին «զասլուգաները» ոչ մեկին իրավունք չի տալիս գրավելու այն պաշտոնը, որն իրեն համապատասխան չէ: Եթե ժամանակին կռվել են ու վաղն ուզենան Կոնսերվատորիայի ռեկտոր լինել, էլի պիտի ասեի՞նք` կռվել են, թող լինեն: Հիմա պրոֆեսիոնալների ժամանակն է: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Մենք այդ մարդկանց հետ պրոբլեմ չունենք: Անցել են այն ժամանակները, երբ տանկերով ու «պիստալետներով» էին ընտրություններն անցկացնում:

– Իսկ ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ, ըստ ապարանցիների, իրենցից 10-ից 5-ը սեփական զենք ունի, որն այդ օրը պատրաստ են օգտագործել, եթե փորձեն իրենց ուղղորդել: Նրանք խոստանում են այդ օրն Ապարանում «պատերազմել` ինչպես թուրքի դեմ», եթե Երեւանից միջամտեն իրենց ընտրություններին:

– Ծիծաղելի է: Անցել են զենքով խոսելու ժամանակները: Այո՛, ապարանցիների մի մասը վախենում է այդ մարդկանցից, բայց մենք իրենց պաշտպան կկանգնենք: Ոչ մի ճիճու չի կարող զենք բարձրացնել Ապարանում իր ապարանցիների վրա: Այո, Ապարան թուրքի ոտք չի մտել, եղել են նման բաներ, ու մարդիկ մտածում են, որ դա կարող է նորից կրկնվել: Բայց դա 90-ականներին է եղել, երբ չկար պետություն, կայունություն: Թող սուտ բաներով որեւէ մեկին չվախեցնեն: ԱԺ ընտրությունների ժամանակ էլ էին նման բաներով փորձում վախեցնել: Ասում էին` եթե ես չհանեմ իմ թեկնածությունը, կխփեն: Ո՞ւր են այդ խփողները, ի՞նչ եղան բա դրանք: Աշխատելու ժամանակն է: Այդ մանկական խոսակցություններից ոչ մեկը չի վախենում: Նոյեմբերի 20-ին ապարանցին կընտրի իր քաղաքապետին, կընտրվի քաղաքապետ, որը կարող է աշխատել, քաղաքը կկառուցվի: Իսկ նախկին դատվածները թող սուտ հերյուրանքներ չտարածեն: Ասում են` իբրեւ մարդկանց ենք ազատում աշխատանքից, դատապարտյալների ենք ազատ արձակում, որ մեզ պաշտպանեն… Ո՞ւմ ենք ազատել, թող մեկի անունը տան: Ընտրություններն անցկացնելու համար մենք, բացի ժողովրդից, ոչ մեկի կարիքը չունենք: