«Մեր տղաները փայլուն էին խաղում»

13/10/2011

«Բոլորս ազգովի` ամենայն ուշադրությամբ, հետեւում էինք եւ երկրպագում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին, եւ այդ սեւեռումը, ազգային համախմբումը եւ զարթոնքն ամենաթանկ ձեռքբերումներն են` անկախ այդ խաղի արդյունքներից: Թե ինչո՞ւ արդյունքներն այդպես եղան` չեմ ցանկանում այժմ գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ մեր տղաները փայլուն էին խաղում»,- երեկ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա պարգեւատրման ժամանակ` անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Իռլանդիայի հավաքականի խաղին, իր խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ հավելել է. «Երկու-երեք տարի առաջ ոչ մեկը երազել անգամ չէր կարող մեր ֆուտբոլիստների նման հաջողության մասին: Բայց, ինչպես մեր ժողովուրդն է ասում` տաշած քարը գետնին չի մնա: Իսկ քարը երբեք այդպես հեշտությամբ չի տաշվում. քար տաշելը պահանջում է համբերություն, քրտնաջան աշխատանք, հետեւողականություն եւ նպատակասլացություն: Վստահ եմ, որ մենք` որպես հավաքական միասնություն, որպես Հայաստանի ժողովուրդ, տիրապետում ենք այդ որակներին: Վստահ եմ` ձեզ այսօր շնորհված մրցանակները դրա լավագույն ապացույցն են, քանի որ ձեզնից յուրաքանչյուրն այն վաստակել է ազնիվ ու հետեւողական աշխատանքով»: