Ազգային խամաճիկության քարտուղարը

13/10/2011

Նախօրեին Երեւանում տեղի ունեցած մի իրադարձություն հերթական անգամ ցույց է տվել մեր «ռազմավարական գործընկերոջ» վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, եւ մեր իշխանությունների ստրկամտությունն ու նվաստանալու անսահման կարողությունը ռուս եղբայրների առջեւ: ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության ոմն խորհրդական` Սերգեյ Ավերչենկո անունով, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ներկայացրել է ՌԴ-ի ակնկալիքները Հայաստանից: Մասնավորապես առաջարկել է վերանայել օտարալեզու դպրոցների մասին վերջին օրինագծի հետ կապված մեր երկրի վերաբերմունքը: «Հայաստանում այնքան էլ շատ չէին այդ օրինագծի օգտին աջակցություն ցուցաբերող ձայները»,- ասել է սույն ռուս պաշտոնյան` ավելացնելով, որ «ռուսաց լեզուն պետք է հայերին, որպեսզի նրանք լավագույնս զգան ռուսներին»: Դրանով չսահմանափակվելով` նա նշել է, թե ՌԴ հաջորդ ակնկալիքը կապված է նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի առաջադրվելու շուրջ հայկական մամուլի արձագանքների հետ: Ավերչենկոն հետեւել է մամուլին եւ զգուշացրել է` «Պուտինի նախագահ դառնալն անհրաժեշտ է Հայաստանին»: «Պուտինը նախագահ էր, նա շատ բան է արել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է նա: Ինքնիշխան որեւէ պետության համար խայտառակ համարվող այս հայտարարություններին ՀՀ իշխանությունները ոչ միայն որեւէ պատասխան չեն տվել, այլեւ փորձել են` հաճույքից նվաղած տոնով արդարանալ ռուս պաշտոնյայի առջեւ: «Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար» հնչեղ անվանումով պաշտոնը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանը, ոչ ավել, ոչ պակաս, ասել է, թե ՀՀ-ում պետությունը վերահսկողություն չունի տպագիր մամուլի վրա: «Մեզ մոտ տպագիր պետական երկու լրատվամիջոց կա, եւ այնտեղ միշտ բարձր մակարդակով են ներկայացվում ռուս-հայկական հարաբերությունները»,- ասել է Բաղդասարյանը` միաժամանակ Ավերչենկոյին վստահեցնելով, որ իրավիճակը հնարավոր է կարգավորել(՞): Այսինքն` խոստացել է` փորձել միջամտել նաեւ անկախ մամուլի գործունեությանը` «դրական վերաբերմունք» ձեւավորելու համար: «Մենք մեծ ուշադրություն կդարձնենք, թե հավելյալ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մամուլն ավելի էֆեկտիվ ներկայացնի»,- ասել է Ա. Բաղդասարյանը, ում զբաղեցրած պաշտոնն այսուհետ կարելի է վերանվանել Ազգային խայտառակության քարտուղար (կամ` Ազգային խամաճիկության քարտուղար): Նույն միջոցառման ժամանակ նվաստացման իսկական շքահանդես է կազմակերպել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` հայտարարելով, որ այդ միությունը ստեղծել է Պուտինին ծառայելու համար: Այս խայտառակ հայտարարություններից անցել է երկու օր, սակայն հայաստանյան որեւէ գերատեսչություն, այդ թվում եւ` առաջին հերթին ԱԳՆ-ն, որեւէ կերպ չի արձագանքել դրանց: Ի դեպ, զարմանալիորեն, ընդդիմությունը եւս, մասնավորապես` ՀԱԿ-ը, նույնպես չարձագանքեց այս հայտարարություններին: Երեւի այն պատճառով, որ եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության համար «ռուսի ասածը օրենք է»: