Սահմանադրական «այո»-ի քարոզարշավի ընթացքի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ հերթական ասուլիսն էր հրավիրել «Այո» շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանը: Վերջինս երեկ ներկայացրեց մի քանի տպավորիչ թվեր:
Այսպես. «այո» քարոզարշավի համակարգող խորհուրդը հանդիպումներ է ունեցել հանրապետության 115-ից ավելի համայնքներում, եւ այդ հանդիպումները դեռ շարունակվում են: Մյուս կողմից էլ՝ համակարգող խորհրդի մեջ ընդգրկված կուսակցություններն իրենց քարոզարշավի ընթացքում 130-140-ից ավելի հանդիպումներ են ունեցել: Այս թվերի շարքը Մ. Շահգելդյանը շարունակեց ավելի տպավորիչ թվերով: «Այո» քարոզարշավի համակարգող խորհուրդներն իրազեկման գործընթաց են իրականացնում, եւ այս շրջանակներում 250-280 հանդիպումներ են տեղի ունեցել»,- հայտարարեց նա: Սակայն կարծիք կա, որ «այո» քարոզող որոշ գործիչների «քարոզներից» հետո ավելանում են «ոչ»-ի կողմնակիցները: Այս ցանկում առաջին հերթին նշվում են Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի եւ միավորված կոմունիստ Յուրի Մանուկյանի անունները: Սրանից ելնելով՝ չի՞ նախատեսվում արդյոք «այո» քարոզողների կազմի վերանայում: Երեկ պատասխանելով այս հարցին, Մ. Շահգելդյանը վստահեցրեց, որ հանդիպումների ընթացքում, որտեղ մասնակցում են վերոնշյալ երկու գործիչները, մարդիկ նրանց ուշադրությամբ լսում են եւ նույնիսկ ընկալում: «Այդ քաղաքական գործիչները հստակ կերպով ներկայացնում են հարցի եւ իրավական, եւ քաղաքական կողմը: Մենք տեսնում ենք մեր հանդիպումների եւ, հատկապես, մեր այդ երկու գործընկերների հանդիպումների էֆեկտիվությունը»,- վստահեցրեց Մ. Շահգելդյանը, ով սակայն ձեռնպահ մնաց այդ էֆեկտիվությունն ապացուցող սոցիոլոգիական հարցումների արդյունքները հրապարակել: Նրա հավաստմամբ՝ իրենց կողմից կատարվող ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ իրազեկման եւ քարոզչության գործողությունը ցանկալի արդյունք է տալիս, եւ այսօր «այո» քվեարկելու հակվածությունն ունեցող մարդկանց քանակն ավելանում է: «Ավելանում է նաեւ ակտիվության տոկոսը, այսինքն՝ այն մարդկանց քանակը, ովքեր ցանկություն ունեն գնալ եւ իրենց կարծիքն արտահայտել»,- պնդում է նա: Պրն Շահգելդյանը սակայն թվեր այդպես էլ չհրապարակեց՝ դրանք թողնելով սոցիոլոգիական կենտրոններին: «Մենք, իհարկե, մեր հետազոտությունները կատարում ենք եւ գուցե մի օր այդ թվերն էլ կներկայացնենք»,- հայտարարեց նա: Նկատենք սակայն, որ այն, որ Մ. Շահգելդյանն այդպես էլ չհրապարակեց այդ թվերը, ինքնին արդեն բավական է՝ ենթադրելու համար, որ սահմանադրական «այո»-ի գործերն իրականում այնքան էլ լավ չեն: Քանզի դժվար է պատկերացնել, որ եթե հարցումների արդյունքում պարզվեր, որ հանրության, ասենք, 60%-ը կողմ է սահմանադրական փոփոխություններին, Մհեր Շահգելդյանը կկարողանար զսպել այդ թվերը ներկայացնելու գայթակղությունը: Նա սակայն երեկ ներկայացրեց իրենց կողմից կատարված մի ուսումնասիրության արդյունք, որի համաձայն` բնակչության շրջանում փոփոխությունների հետ կապված իրազեկման խնդիր կա: «Այսօր այդ տեղեկությունները ստանալու պահանջը որոշակիորեն բավարարվում է, եւ իրազեկման փուլից անցում ենք կատարում քարոզչական փուլ»,- մանրամասնում է «Այո» շտաբի պետը: Ինչեւէ, Մ. Շահգելդյանի գնահատմամբ՝ հանրաքվեի քարոզարշավը նորմալ է ընթանում, եւ քաղաքական ուժերը կարողանում են ներկայացնել իրենց մոտեցումները թե՛ հանդիպումների ընթացքում, թե՛ ԶԼՄ-ներով: Նկատենք սակայն, որ ողջ հեռուստաեթերը ողողված է միայն «այո»-ն քարոզող տեսահոլովակներով, որոնց համար էլ, ինչպես պարզվեց, «այո» քարոզողները չեն վճարում: «Հեռուստատեսային քարոզչության համար մենք այսօրվա դրությամբ վճարում չենք կատարում: Կան իրազեկման հետ կապված մի քանի հոլովակներ, որոնք Կոորդինացիոն խորհրդի գործունեության արդյունք չեն»,- երեկ հայտարարեց Մ. Շահգելդյանը: Վերջինս երեկ նաեւ նշեց, որ «ԶԼՄ-ները հանդես են գալիս որպես գործընկեր կառույցներ, եւ դա կարեւոր է հատկապես ժողովրդավարացման համար»: Նկատենք միայն, որ այդ նույն ժողովրդավարացման համար կարեւոր է այն, որ ԶԼՄ-ները նաեւ «ոչ»-ի «գործընկեր կառույցները» լինեն: