Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` ՀՀ-ում արված հայտարարությունների պատճառով: Խոսելով Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների մասին` Էրդողանը մեղադրել է Սարկոզիին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերը ներքաղաքական խնդիրները լուծելու նպատակով օգտագործելու մեջ: «Ռոյթերս»-ի փոխանցմամբ, Էրդողանն իր` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներին ուղղված ուղերձում ասել է. «Ֆրանսիայի նախագահը Հայաստան կատարվելիք այցի ընթացքում կողմնակալ խորհուրդներ է տվել Թուրքիային` օգտագործելով այս (Հայոց ցեղասպանության) խնդիրը որպես նախընտրական գործիք: Խորհուրդ տվեք ինքներդ ձեզ, սթափվեք: Ձեր երկրում բնակվում է 600.000 հայ եւ 500.000 թուրք: Մի կողմից` Դուք հարաբերություններ եք պահպանում Թուրքիայի հետ, մյուս կողմից` չեք տեսնում ամբողջական պատկերը եւ նման դիրք եք ընդունում միայն այն պատճառով, որ այդ երկու խմբերի տնտեսական կարողությունները տարբեր են: Ներեցեք, բայց Թուրքիան այն երկիրը չէ, որին հնարավոր է հեշտությամբ կուլ տալ»: