ՀԱԿ անդամ, ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ը հրաժարվել է արտահերթ ընտրությունների պահանջից: Նրա խոսքով` ՀԱԿ-ի այդ պահանջը վերաձեւակերպել են նախագահի հրաժարականի պահանջով: «Մի օր պահանջում եք` խորհրդարանական, մյուս օրը` նախագահական ընտրություններ: Խորհրդարանն ու հանրապետության նախագահը դա նույն մարդիկ են, ըստ էության, պահանջեք երկուսի հրաժարականը: Խորհրդարանում նախագահն ունի մեծամասնություն, ուրեմն խորհրդարանը նախագահինն է»,- հեգնել է ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, Ռաֆիկ Պետրոսյանն ասել է. «Ռոբերտ Քոչարյանը դեռ տարիքով երիտասարդ քաղաքական գործիչ է եւ իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել երկրի քաղաքական կյանքում: Բայց մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեր կուսակցության անդամը չի եւ ՀՀԿ-ում ոչ ոք նրան պադդերժկա չի անի»: Իսկ ասուլիսին ներկա ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանն ասել է. «Նա ասում է, թե իր վերադարձի հասարակական պահանջ կա: Երեւի իրենց տանն է արել այդ հարցումը»: