ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Հանդիպման մասնակիցները կարեւորել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ` տնտեսական, մշակութային կապերը եւս զարգացնելու եւ խորացնելու անհրաժեշտությունը: Ս. Սարգսյանը հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի նաեւ տնտեսության զարգացմանն ու այդ ոլորտում երկու երկրների միջեւ գործակցության ակտիվացմանը: Սերժ Սարգսյանն ու Եգիպտոսի դեսպանը հայ-եգիպտական կապերի ամրապնդման գործում մեծապես կարեւորել են նաեւ եգիպտահայ համայնքի դերը: