Պատահական սխա՞լ, թե՞ միտումնավոր խարդախություն

13/10/2011

Իռլանդիա-Հայաստան հանդիպման ցավալի դրվագը, երբ իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսն անարդարացիորեն դաշտից հեռացրեց մեր թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկիին, երեկ բոլորի ուշադրության կենտրոնում էր։

Այն, որ իսպանացի մրցավարը ակնհայտ սխալ թույլ տվեց եւ ըստ էության կանխորոշեց հանդիպման ելքը, կասկածից դուրս է։ Խաղի այդ դրվագի կրկնապատկերը պարզ ցույց է տալիս, որ մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկու ձեռքին գնդակը չի դիպել, ավելին` իռլանդացի հարձակվող Սայմոն Կոքսը հարվածելուց առաջ ինքն է գնդակը ձեռքով կասեցրել։ Այդ մասին, ըստ armsport.am-ի, խոստովանել է հենց ինքը՝ Կոքսը։ «Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Կոքսը Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո նշել է, որ մինչեւ գնդակը կկպներ Ռոման Բերեզովսկիին, ինքը` Կոքսը, խաղացել է ձեռքով։ Նա կարծում է, որ հայերի դարպասապահը սխալմամբ է հեռացվել, հայտնում է BBC Sport-ը։ Կոքսը ավելացրել է, որ չի կարծում, թե գնդակը կպել է Բերեզովսկիի ձեռքին տուգանայինի սահմաններից դուրս»,- գրում է կայքը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թերեւս ամենազուսպն էր իր գնահատականների մեջ. նա միայն շնորհավորել է իռլանդացիներին եւ ասել, որ հպարտանում է մեր ֆուտբոլիստներով։ Իսկ ֆուտբոլիստները շատ վրդովված էին եւ դեռ երկար կհիշեն այս խաղը։ Օրինակ, մրցավարի թույլ տված կոպիտ սխալի մասին խոսել են Ռ. Բերեզովսկին, Յուրա Մովսիսյանը, Սարգիս Հովսեփյանը։ Հարցին, թե խաղից հետո մրցավարն ինչպե՞ս է մեկնաբանել իր քայլը՝ Հովսեփյանը պատասխանել է. «Նա թույլ չտվեց որեւէ մեկին մոտենալ իրեն: Նույնիսկ խաղից հետո, երբ մեր ղեկավարությունը փորձեց հասկանալ, թե ինչու այսպես վարվեց, նա կոպտորեն դուռը փակեց մարդկանց վրա»:

Մրցավարական սխալները, այդ թվում` ճակատագրական, ֆուտբոլում հաճախ են պատահում։ Սակայն` սխալի ի հայտ գալուց հետո, ցավոք սրտի, ոչինչ չի փոխվում։ Օրինակ, եթե ՈՒԵՖԱ-ի համապատասխան մարմինը որոշի, որ իսպանացի մրցավարը կոպիտ սխալ է թույլ տվել, նրան միգուցե նկատողություն հայտարարեն կամ տուգանեն, սակայն խաղի արդյունքը չի փոխվի, հանդիպումը չի վերախաղարկվի։ Սակայն երեկ մամուլում հրապարակվեց մի լուր, որն արդեն կասկած է հարուցում՝ դա պարզապես սխա՞լ էր, թե՞ միտումնավոր արված քայլ։ Մասնավորապես, Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտնել է, որ երկուշաբթի օրը նրա գրասենյակ այցելել են Սլովակիայի ֆուտբոլի մի շարք պատասխանատու անձինք եւ հայտնել, որ տիրապետում են Հայաստան-Իռլանդիա սպասվող ֆուտբոլային խաղի սպասվելիք դատավարության շուրջ կարեւոր տեղեկատվության: Ըստ նրանց, կան կասկածներ, որ իսպանացի դատավոր Իտուրալդե Գոնսալեսը ստացել է կարգադրություն` հանդիպումն այնպես վարելու, որ իռլանդացիներն անցնեն հաջորդ փուլ: Պատճառը բացատրվել է նրանով, որ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտք է Իռլանդիայի հավաքականին, 2010թ.-ի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու ճանապարհին, Ֆրանսիայի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած անարդարության համար: Այդ խաղի ժամանակ հայտնի ֆրանսիացի հարձակվող Թերի Անրին ակնհայտորեն ձեռքով էր խփել գոլը, որը դատավորի կողմից գրանցվել էր որպես մաքուր խաղ: Այս մասին Գրիգորյանը փորձել է տեղյակ պահել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, սակայն ապարդյուն, քանի որ նրանց բջջայիններն անջատված են եղել օրվա ընթացքում:

Եթե ամեն ինչ իրոք այդպես է եղել, ապա գործ ունենք շատ մեծ խարդախության հետ, որը դժվար թե բացահայտվի։ Ա. Գրիգորյանի այդ լուրը երեկ մեծ արձագանք էր ստացել համացանցում։ Օրինակ՝ իռլանդացի լրագրող Շոն Նոլանը երեկ բաց նամակով դիմել էր Գրիգորյանին՝ ցանկություն հայտնելով զրուցել եւ ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ այդ մասին։ Առանց փաստերի դժվար է միանշանակ ասել, որ տեղի ունեցածը միտումնավոր քայլ էր, սակայն մրցավարի գործողության մասին բավականին թափանցիկ ակնարկ է արել նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանը. «Ամեն ինչ պարզ է: Այնտեղ՝ վերեւներում, ամեն ինչ որոշել էին եւ այդպես էլ արեցին: Նախորդ ընտրական փուլում Իռլանդիան դուրս էր մնացել մրցավարական կոպիտ սխալի արդյունքում, այս անգամ էլ նրանց օգտին եղավ ամեն ինչ»։

Ի դեպ, Facebook սոցիալական ցանցի ակտիվիստները բողոքի ալիք են բարձրացրել։ Օգտատերերը մրցավարին նվիրված միջոցառումներ, էջեր, խմբեր են ստեղծում` պահանջելով բողոքարկել մրցավարի կոպիտ սխալը եւ վերախաղարկել հանդիպումը։ Իսկ առավել զայրացած երկրպագուների համար նույնիսկ խաղ է ստեղծվել, որտեղ նրանք կարող են «վրեժ» լուծել իսպանացուց։