Որը որից հետո…

13/10/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մի հին, սակայն հայաստանյան տնտեսական դաշտի ներկայիս զարգացումները դիպուկ բնորոշող անեկդոտ կա։ Աղվեսը տեսնում է, որ բոլոր կենդանիները վախեցած վազում են անտառով։ Մի կերպ կանգնեցնում է նապաստակին ու հարցնում՝ ի՞նչ է եղել, ինչի՞ց եք էսպես լեղապատառ փախչում։ «Ինչ պետք է լինի, առյուծը նոր հրաման է արձակել. արու կենդանիներից ով երեք ամորձի ունի, մեկը կտրում է»,- ասում է նապաստակը։ Աղվեսն էլ, բնականաբար, զարմանում է՝ բայց էս բոլոր փախչողներիդ մոտ երեք հա՞տ է, որ վախեցել եք։ «Չէ, նորմալ՝ 2 հատ։ Բայց ինքը նախ` կտրում է, հետո նոր` հաշվում»։ Առաջին հայացքից ոչնչի հետ չասոցիացվող այս անեկդոտն իրականում ցույց է տալիս, թե ինչ աբսուրդ ու, մեղմ ասած, անցանկալի հետեւանքների կարող է բերել տրամաբանական թվացող որոշումը, եթե խախտվում է գործողությունների հաջորդականությունը։

Խոսքը կրկին վերաբերում է հաջորդ տարվա բյուջեին եւ այն 101 միլիարդ լրացուցիչ հարկերին, որոնք պետք է հավաքագրվեն հաջորդ տարի։ Այդ մասին արդեն բավականին շատ է գրվել։ Սակայն ամեն օր այս թեմային ավելացնելու բան է առաջանում։

Բյուջեն ավելացնելը լավ բան է, սակայն այն դեպքում, եթե դա չի արվում բիզնեսի առանց այն էլ ծանր հարկային բեռը ավելի ծանրացնելու միջոցով։ Այսինքն՝ սկզբում լրջորեն եւ իրապես (ոչ թե «Doing Business»-ների համար) պետք է բարելավվի բիզնես միջավայրը՝ ապահովվի նորմալ մրցակցություն, պայքար մղվի կոռուպցիայի դեմ, պաշտպանված լինեն ներդրողների շահերը, ապահովված լինի օրենքի կիրառումը, եւ այլն։ Այդ ամենից հետո նոր միայն կարելի էր մտածել հարկերը շեշտակի ավելացնելու մասին։ Թեպետ մտածելու կարիք էլ չէր լինի. հարկերն ինքնըստինքյան կավելանային տնտեսության աշխուժացման արդյունքում։ 3 օր առաջ մոտավորապես նույն միտքն էր արտահայտել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը. «Չենք կարծում, որ 101 միլիարդը շատ մեծ բեռ է` եթե հարկումն իրականացվում է ըստ ճյուղերի հավասարապես, եթե ստվերային տնտեսության աստիճանը կտրուկ է նվազում, եթե մենք «արտոնյալ» հարկային-իրավական դաշտում աշխատող գործարարների քանակը կտրուկ նվազեցնում ենք: Այդ դեպքում այդ 101 միլիարդը հնարավոր է հավաքել»։

Հիմա փորձենք հասկանալ։ Հարկումն իրականացվում է հավասարապե՞ս, «արտոնյալ» բիզնեսմենների քանակը կտրուկ նվազո՞ւմ է, կամ ստվերային տնտեսության աստիճա՞նն է կտրուկ նվազում։ Իհա՛րկե ոչ։ Իսկ հույս կա, որ հաջորդ տարի այդ «կտրուկ» փոփոխությունները կիրականանան, եւ Հայաստանի բիզնես միջավայրը միանգամից կբարելավվի։ Դարձյալ ոչ։ Այդ դեպքում ստացվում է, որ քանի որ այդ պայմանները ապահովված չեն, ուրեմն 101 միլիարդը լա՜վ էլ ծանր բեռ է, որը դժվար է հավաքել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, հավաքվեց, կնշանակի` պետությունը վարվում է անեկդոտի առյուծի պես՝ նախ` կտրում է, հետո` «գցում-բռնում»։

Սակայն երեկ կառավարության ղեկավարը փորձել է ցույց տալ, որ դա այնքան էլ այդպես չէ։ Այսպես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարությունում ընդունել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամներին եւ նրանց հետ քննարկել է հաջորդ տարվա հարկային փաթեթը։ Հիշեցնելով, որ հարկ է լինելու հավաքել լրացուցիչ 101 միլիարդ դրամ՝ վարչապետն ասել է. «Այս խնդիրը լուծելու համար թիրախավորել ենք այն ոլորտները, որոնցում պետք է բացահայտենք առկա եկամուտները: Դրանց մի մասը պետք է մուտքագրվի պետական բյուջե` մեր առջեւ դրված խնդիրն իրականացնելու համար: Այսինքն, մի կողմից` պետք է նվազեցնենք բյուջեի դեֆիցիտը, իսկ մյուս կողմից` չնվազեցնենք ծախսերը: Դրա միակ ճանապարհն ավելի շատ հարկեր հավաքելն է, ինչի համար էլ փորձելու ենք հայթայթել լրացուցիչ եկամուտներ, որոնք բիզնեսին լուրջ հարված չեն հասցնի, սակայն, միեւնույն ժամանակ, թույլ կտան լուծել այս կարեւոր տնտեսական խնդիրը»։ Սակայն հավաքի բուն նպատակը ոչ թե հարկերի մասին հիշեցնելն էր, այլ հավաստիացնելը, որ պետությունը բիզնեսի մասին էլ է մտածում։ «2012-ին մտադիր ենք միջոցառումներ իրականացնել նաեւ բիզնեսի զարգացումը խթանելու համար: Պետական բյուջեի միջոցների մի մասն էլ ուղղվելու է այս քաղաքականության իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որի համաձայն` տարեկան 1,5 միլիարդ դրամ պետք է ներդրվի տեղական ձեռնարկություններին օժանդակելու համար, որն էլ կնպաստի վերջիններիս ապրանքների արտահանմանը, միջազգային կապերի հաստատմանը եւ այլն: Այսինքն, մի կողմից մենք փորձում ենք հավաքագրել եկամուտներ, մյուս կողմից` դրանք ծախսել արդյունավետ կերպով` սոցիալական խնդիրների, աղքատության կրճատման եւ բիզնես միջավայրի զարգացման համար: Այս բարդ խնդիրն իրականացնելու համար կառավարությունն ակնկալում է նաեւ ձեր աջակցությունը»,- ասել է վարչապետը։ Փաստորեն՝ վարչապետը փորձել է հավաստիացնել, որ կառավարությունը ամեն ինչ անելու է բիզնեսի համար, եւ առաջնահերթը հարկ հավաքելը չէ։

Սակայն մի քիչ դժվար է հավատալ։ Նախ՝ տարեկան 1.5 միլիարդ դրամը ծիծաղելի փոքր թիվ է տեղական արտադրողներին օգնելու համար։ Դրանով առավելագույնը կարելի է մի քանի կոնֆերանս ու սեմինար կազմակերպել գործարարների համար, որոնց միակ օգուտը սուրճի ընդմիջումն է։ Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով, երբ էկոնոմիկայի նախարարը վերջին շրջանում այցելում է տարբեր մասնավոր հիմնարկներ եւ հարցնում, թե ի՞նչ խնդիրներ ունեն, ինչո՞վ կարող է կառավարությունը օգնել, նրանցից շատերը իբր թե կատակով պատասխանում են` օգնել պետք չէ, կարեւորը՝ չխանգարեք։

Երկրորդ՝ եթե կառավարությունն իրո՛ք ցանկանում է ինչ-որ բան անել բիզնեսի համար, ապա պետք է հրավիրեր ոչ թե Արսեն Ղազարյանին ու նրա միության անդամներին, այլ լրիվ ուրիշ մարդկանց (կամ՝ նաեւ ուրիշ մարդկանց)։ Նախ՝ արդյունաբերողների եւ գործարարների միությունը այսքան տարիների ընթացքում որեւէ անգամ լուրջ հակասություն չի ունեցել կառավարության հետ եւ սկսել է ընկալվել որպես օժանդակ, փաստացի պետական կառույց։ Սա արդեն տարօրինակ է, որովհետեւ բիզնեսը մի՛շտ պայքարի մեջ է կառավարության հետ։ Եվ երկրորդ, թերեւս, ավելի կարեւոր հանգամանքը։ Հարկերի շեշտակի ավելացման դեմ հանդես եկողների հիմնական մտահոգությունն այն է, որ հարկային բեռի ծանրությունից ամենից շատ տուժելու են մանր ու միջին գործարարները։ Այսինքն՝ առաջին տեղում դրվում է փոքր բիզնեսի գոյատեւման խնդիրը, քանի որ մեծ բիզնեսը բավական ռեսուրսներ ունի դիմանալու հարկային եւ այլ տիպի պետական գրոհներին։ Իսկ այս խնդրի պարագայում Արդյունաբերողների եւ գործարարների միությունն ընդհանրապես անելիք չունի. այն ներկայացնում է հիմնականում խոշոր բիզնեսը եւ, բնականաբար, պաշտպանում նրանց շահերը։ Բավական է նշել Ա. Ղազարյանի ղեկավարած կառույցի մի քանի անդամների՝ Ջերմուկ Գրուպ, Միկա Լիմիթեդ, Ֆլեշ, Մուլտի Գրուպ, Սիլ Գրուպ, Կոկա Կոլա, Իմեքս Գրուպ («Իդեալ» համակարգի խանութներ), Երեւանի կոնյակի գործարան, Աշտարակ կաթ եւ այլն։ Սրանք Հայաստանի ամենախոշոր բիզնեսներն են։ Այսինքն, Ա. Ղազարյանի նշած «արտոնյալ» բիզնեսմենների մի մասին (եթե ոչ` մեծ մասին) պետք է փնտրել հենց նրա միության անդամների մեջ։ Իհարկե, կառույցի կազմում կան նաեւ ոչ խոշոր ընկերություններ, սակայն Արդյունաբերողների եւ գործարարների միությունը երբեք չի պաշտպանի մանր բիզնեսի շահերը, եթե դա հակասում է մեծ բիզնեսի շահերին։ Օրինակ՝ որեւէ մեկին հայտնի՞ է, որ այս կառույցն անդրադարձել է ապամոնտաժված կրպակների խնդրին։

Ինչեւէ, խնդիրն ամենեւին էլ Արդյունաբերողների եւ գործարարների միությանը քննադատելը չէ։ Այն կամավոր հիմունքների վրա գործող եւ մասնավոր մարդկանց շահերը ներկայացնող կառույց է, որն իրավունք ունի ցանկացած դիրքորոշում հայտնել այն հարցի նկատմամբ, որն իրեն հետաքրքիր է։

Խնդիրը պետության մեջ է, որը փորձում է խոշոր գործարարներին ներկայացնող կառույցը հասարակության աչքին ներկայացնել` որպես ողջ բիզնես դաշտի ներկայացուցիչ, եւ նրանց հետ ինչ-ինչ հարցեր քննարկելով՝ ցույց տալ, որ մտածում են բիզնես մթնոլորտի մասին։ Մի խոսքով, եթե վերադառնանք նյութի սկզբում նշված անեկդոտին, ապա մեր կառավարությունը ոչ թե հետո է հաշվում, այլ՝ ամենասկզբում, սակայն այնպես, ինչպես իրեն հարմար է։