Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետեւանքով այժմ Երեւանի կայազորի հոսպիտալում «սուր պսիխոզ» ախտորոշմամբ պառկած 19-ամյա զինծառայողի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարօրինակ համարեց, որ այս գործով դեռ որեւէ մեկը չի ձերբակալվել: Նախնական տեղեկություններով` զորամասում ծառայակիցները ստորացրել են զինվորի արժանապատվությունը, բռնության եւ ծաղրուծանակի են ենթարկել երիտասարդին, նույնիսկ ծխախոտ են հանգցրել մարմնին: Այդ զինծառայողների շրջանակը հայտնի է, բայց նրանք դեռ ազատության մեջ են: Հայրը, ով տեսել է որդուն հոսպիտալում, այսպես է նկարագրել նրա վիճակը. «Անտանելի վիճակ, կապույտ… ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ, ու սրտից է բողոքում, ասում է` քացով միշտ սրտիս էին խփում», – ասել է Մկրտչյանը: Նա դեպքի մասին իմացել է սեպտեմբերի 27-ին, թեեւ միջադեպն ավելի շուտ է եղել: Միջադեպի պատճառների մասին զինվորի հայրը պատմել է. «Զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը, տղես էլ ասել է, թե` ի՞նչ եք անում, տղե՛րք, նման բան անո՞ւմ են, դա իմ պատիվն է, պիտի տանեմ, ցույց տամ, որ ես ծառայել եմ, ու էդ կռիվը սկսվել է»: Քրեական գործը հարուցված է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու հատկանիշներով: ՊՆ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ առաջիկայում հնարավոր է` այս գործով ձերբակալություններ լինեն: