Երեկ ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն սողանքի վայրում փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հողաշերտի տակ հայտնաբերվել է եւս երկու մարմին, որոնց ինքնությունը դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ տվյալ վայրում հոկտեմբերի
10-ին արդեն հայտնաբերվել էին անհետ կորածների ցուցակում նշվող` 1973թ. ծնված Արմեն եւ 1964թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների, իսկ հոկտեմբերի 11-ին` 1939թ. ծնված Նորայր Միրզոյանի մարմինները: Երեկ առավոտյան տվյալներով` անհետ կորած էին համարվում Վրաստանի երկու քաղաքացիներ` 1992թ. ծնված Արթուր Գուրգենի Հակոբյանը եւ 1949թ. ծնված Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: Ի դեպ, նշենք, որ մինչ օրս սողանքի գոտուց դուրս է բերվել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 27 ավտոմեքենա: Հիշեցնենք նաեւ, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ տեղի ունեցած սողանքը լարված իրավիճակ է ստեղծել ամբողջ հանրապետությունում: 130մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհ` այն ամբողջովին դարձնելով անանցանելի: