Երեքշաբթի օրը Կիեւում հնչած դատավճիռն այն եզակի դեպքերից է, երբ պաշտոնական Ռուսաստանն ու Արեւմուտքը միակարծիք են, եւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճռի դեմ կոշտ հայտարարությունները հնչում են թե՛ Բրյուսելից, թե՛ Մոսկվայից: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Կիեւի Պեչորսկի դատարանը Յուլյա Տիմոշենկոյին դատապարտեց 7 տարվա անազատության: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Պեկինում հայտարարել է, թե Տիմոշենկոյի դեմ դատավճիռն իր մոտ տարակուսանք է առաջացնում: «Ես լավ տեղեկացված չեմ, թե ինչ է գրված այդ դատավճռում, սակայն, եթե դատելու լինեմ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունից` նրան դատել են Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը ստորագրելու համար: Մինչդեռ Տիմոշենկոն ոչինչ չի ստորագրել. այդ պայմանագիրը ստորագրել են «Գազպրոմը» եւ «Նեֆտոգազը»»: Պուտինի խոսքով` իր համար Տիմոշենկոն ո՛չ բարեկամ է, ո՛չ էլ ընկեր, ավելին` Տիմոշենկոն միշտ էլ արեւմտամետ հայացքներ է ունեցել: «Իսկ ես միշտ էլ համոզված եմ եղել, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան միայն կշահեն, եթե ջանքերը միավորեն հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ինտեգրման գործընթացներին մասնակցելու հարցում»,- ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Տիմոշենկոյի գործով դատավճիռը հստակ հակառուսական ենթատեքստ ունի, Տիմոշենկոյին, ըստ էության, դատել են մի պայմանագրի համար, որը գործող պայմանագիր է եւ իրավաբանական ուժ ունի թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում: