«Ապավինենք մեր ուղեղներին»

13/10/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` հոկտեմբերի 12-ին, ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների արժանացած ուսանողներին ու աշակերտներին:

Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի` պարգեւատրված 38 երիտասարդներից 23-ը տարբեր բուհերի ուսանողներ էին, 15-ը` տեխնիկական ուղղվածությամբ կրթօջախների աշակերտներ: Պարգեւները նախագահի կողմից շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ ու այլ տաղանդներ: Հաղթողների համար սահմանվել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ կողմից հովանավորվող անվանակարգերն ու մրցանակները` գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ մասնակից, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ տեղի ունեցավ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Այս տարվա հաղթողները 11 երկրներից էին` ԱՄՆ, Գերմանիա, Բելառուս, Չինաստան, Հնդկաստան, Հորդանան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուկրաինա: «Ես վստահ եմ, որ ապագայում մրցանակաբաշխությունը լինելու է շարունակական, քանի որ այս բնագավառը մեր երկրի զարգացման հեռանկարային ուղղություններից է: Եթե այլ երկրներում ձգտում են արդյունահանել իրենց ընդերքի հարստությունը, ապա մենք ստիպված ենք եւ պիտի պեղենք մեր տաղանդները, ապավինենք մեր ուղեղներին: … Զարգացման այս տեմպը պահպանելու նպատակով մենք խրախուսել եւ խրախուսելու ենք Հայաստանի երիտասարդության հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի երիտասարդները եւ նրանց միավորող ընկերությունները զբաղեցնեն ամենաառաջավոր դիրքերը համաշխարհային շուկայում: Վստահ եմ, որ այս բնագավառի երիտասարդ մասնագետները երբեք չեն բախվելու աշխատանքային զբաղվածության խնդրին: Այդ մասին ինձ բազմիցս ասել են տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաներով զբաղվող բոլոր ընկերությունների ղեկավարները`առանց բացառության: Ավելին, շատ կարեւոր է, որ այդ ընկերությունները մշտապես ներդրում են կատարում իրենց մասնագետների որակավորումը բարձրացնելու` նրանց վերապատրաստելու նպատակով: Այսինքն, յուրաքանչյուր մասնագետ ստանում է հնարավորություն քայլել ժամանակին համընթաց, տեղյակ լինել գիտության նորագույն ձեռքբերումներին, մասնակից լինել առաջընթացին»,- ասել է Ս. Սարգսյանն իր ելույթում: Ըստ Ս. Սարգսյանի` Հայաստանի բարեկեցությունը պետք է կառուցել ստեղծագործական աշխատանքով, քանի որ օգտակար հանածոները մի օր վերջանալու են. դրա օրինակները բազմաթիվ են, կան համաշխարհային պատմության մեջ շատ այդպիսի օրինակներ: Նաեւ նշել է, որ այսօր շուրջ 350 ընկերություններով եւ հազարավոր միջազգային որակի մասնագետներով տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների բնագավառը Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր հավելյալ արժեք ստեղծող եւ ամենաարագ զարգացող ճյուղն է. աճը տարեկան կազմում է շուրջ 25 տոկոս:

 

Ս. Սարգսյանը, կրթական պարգեւների հանձնման արարողությունից հետո, իր ելույթում անդրադարձել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Իռլանդիայի հավաքականի խաղին. «Բոլորս ազգովի` ամենայն ուշադրությամբ, հետեւում էինք եւ երկրպագում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին, եւ այդ սեւեռումը, ազգային համախմբումը եւ զարթոնքն ամենաթանկ ձեռքբերումներն են` անկախ այդ խաղի արդյունքներից: Թե ինչո՞ւ արդյունքներն այդպես եղան` չեմ ցանկանում այժմ գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ մեր տղաները փայլուն էին խաղում: Երեկ Դուբլինում մարզադաշտ դուրս եկած մեր մարզիկները հիմնականում վերջերս են բոլորել իրենց 20 տարին: Նրանք ձեր, սիրելի՛ մրցանակակիրներ, հասակակիցներն են: Երկու-երեք տարի առաջ ոչ մեկը երազել անգամ չէր կարող մեր ֆուտբոլիստների նման հաջողության մասին: Բայց, ինչպես մեր ժողովուրդն է ասում` տաշած քարը գետնին չի՛ մնա: Իսկ քարը երբեք այդպես հեշտությամբ չի տաշվում. քար տաշելը պահանջում է համբերություն, քրտնաջան աշխատանք, հետեւողականություն եւ նպատակասլացություն: Վստահ եմ, որ մենք` որպես հավաքական միասնություն, որպես Հայաստանի ժողովուրդ, տիրապետում ենք այդ որակներին: Վստահ եմ` ձեզ այսօր շնորհված մրցանակները դրա լավագույն ապացույցն են, քանի որ ձեզնից յուրաքանչյուրն այն վաստակել է ազնիվ ու հետեւողական աշխատանքով»: