Անաշխատ եկամուտներ

13/10/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցնող տնտեսական շաբաթը ինչ-որ իմաստով սակագների շաբաթ էր: Հայաստանում գործող սակագների մասին բավական շատ տեղեկատվություն հրապարակվեց: Շատ ու տարօրինակ: Նախ՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթը տպագրեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հարցազրույցը: Լրագրողը հարցրել էր. «Ճի՞շտ է, որ «ԱրմենՏելը» երկու տարուց ավելի ցանկանում է իջեցնել ֆիքսված հեռախոսակապի սակագները, բայց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ձեզ թույլ չի տալիս դա անել»: Գլխավոր տնօրենը ոչ հաստատել էր, ոչ էլ՝ հերքել: Նրա պատասխանից կարելի էր ենթադրել, որ նման բան եղել է, բայց ինքը բաց տեքստով դա չի ասի: Հետո կատարվածն ավելի հետաքրքիր էր: Թերթի խմբագրությունը երկու հերքում-պատասխան էր ստացել: Մեկն` «ԱրմենՏելից», մյուսը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Հանձնաժողովը նույնիսկ օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտեր էր մեջբերել: Մեջբերել էր` բացատրելով, որ ըստ օրենքի` իրենք սակագնի առավելագույն չափն են հաստատում: Իսկ ընկերությունները սակագինը նվազեցնելու իրավունք ունեն` առանց այդ քայլն իրենց հետ համաձայնեցնելու: Չնայած ակնհայտ է, որ խոսքն այս դեպքում ոչ թե գործող օրենքի մասին է, այլ դրա կիրառման: Պարզ ասած, խոսքն այն մասին է, թե որքանով են ազատ տնտեսավարող ընկերություններն իրենց իրավունքների կիրառման հարցում: Բայց այս մասին` մի փոքր հետո: Հիմա շարունակենք իրադարձությունների թվարկումը: Երեկ Հանրային ծառայությունների հանձաժողովը հայտարարեց, որ համաձայնել է «ԱրմենՏելի» կողմից իրացվող ինտերնետի մեծածախ գնի նվազեցման առաջարկի հետ: Հետո Հայաստանի էլեկտրական ցանցերի ներկայացուցիչը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ առաջիկա երկու տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձանա: Այն, որ ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլ գործող բոլոր մյուս սակագները այդ ժամանակահատվածում չեն բարձրանալու, բոլորը գիտեն: Դա շատ պարզ քաղաքական բացատրություն ունի: Առաջիկա երկու տարին ընտրական են: 2012-ին խորհրդարանական ընտրություններ են, իսկ 2013-ին՝ նախագահական: Մեր անկախության պատմական փոքրիկ փորձը հնարավորություն է տալիս ենթադրել, որ իշխանությունները միշտ ինչ-որ մեթոդ գտնում են թանկացումների գործընթացը նախընտրական շրջանից հետո տեղափոխելու: Բայց խոսքը ոչ թե թանկացումների` այլ սակագները նվազեցնելու մասին է: Հետեւաբար, տրամաբանական պատասխանի է սպասում այն հարցը, թե «Ինչո՞ւ են մեր իշխանությունները խոչընդոտում սակագների նվազեցման գործընթացին»: Հառաջաբանորեն (ապրիորի) եկեք հրաժարվենք այն հնարավոր պատասխանից, որ իշխանությունները սեփական ժողովրդի թշնամին են: Ես անձամբ այդ կարծիքին չեմ: Ուստի հակված եմ ավելի տրամաբանական բացատրության: Հանրային ծառայությունների սակագները մակրոտնտեսական ցուցանիշների վրա մեծ ազդեցություն ունեն: Որովհետեւ դրանք իրենց բնույթով հանրային մասշտաբ ունեն: Ուստի լուրջ մուտքեր են ապահովում բյուջեի համար: Տեսեք, երբ ՀԷՑ-ը դիմեց մեկ կվտ-ի սակագինը 25 դրամից 30 դարձնելու համար, կառավարությունն` ի դեմս Հանրային ծառայությունների հանձնաժողովի, ուրախ-ուրախ համաձայնեց: Որովհետեւ այդ գումարում բյուջեն իր փայն ունի: Միայն ԱԱՀ-ի տեսքով 25 դրամից 5-ը մտնում է բյուջե: Իսկ 30դրամի պարագային արդեն՝ 6 դրամ: Միայն այս հարկատեսակի գծով ոչինչ չանելով` կառավարությունը մոտ 4 մլրդ դրամից ավելի ժողովրդի գրպանից «քաշեց» բյուջե: Փոխանակ հարկային վարչարարությունը կատարելագործելու` ստվերային տնտեսության դեմ պայքարելու ու այլ նման բաների: Իհարկե, հարազատ կառավարությունը կարող է արդարանալ, որ անձնական ծախսերի համար չի մտնում ժողովրդի գրպանը, այլ պետբյուջեի: Բայց սակագների դիմաց շուկայականից ավելի վճարող հարկատուի համար դա բացատրություն չի: Հատկապես որ, գնաճը միայն սպառողին չի խփում, այլեւ գործարարներին (այս դեպքում, իմա՝ գործատուներին): «ԱրմենՏելը» մի քանի տարի շարունակ Հայաստանի խոշորագույն հարկատուն էր: Հիմա՝ խոշորագույններից է: 2009-ին ցուցակում հինգերորդն էր եւ մուծել էր մոտ 14 մլրդ դրամ: Հեռահաղորդակցման ոլորտի մյուս խոշոր ընկերությունը` «Ղ Տելեկոմը» («Վիվա Սել»)՝ չորրորդն էր` 16 մլրդ դրամ մուծումով: 2010թ. «Ղ Տելեկոմը» կրկին 4-րդն էր` մոտ 13.6 մլրդ դրամով: «ԱրմեՏելը»՝ երրորդը՝ 14.8 մլրդ դրամով: Այս տարվա առաջին կիսամյակում այս ընկերությունը 4-րդն է: Այսինքն` կառավարությանը պիտի որ ձեռք չտա սակագները նվազեցնելու փաստը: Ցածր սակագինը նվազեցնելու է հարկային դաշտում գործող այս ու մյուս ընկերությունների հարկային մուծումները: Դրա համար հեռահաղորդակցման ոլորտի ընկերությունները ստիպված են տարբեր «փաթեթային» առաջարկներ մոգոնել, փորձելով պահել ոլորտում ունեցած իրենց դիրքը: Իր հարցազրույցում «ԱրմենՏելի» գործադիր տնօրենն ասում է, որ գտել են եկող տարվանից ֆիքսված հեռախոսակապի ավելի ցածր սակագնով փաթեթ առաջարկելու ձեւը: Այս անգամ Հանրային ծառայությունների հանձնաժողովը ստիպված համաձայնելու է: Որովհետեւ ֆիքսված հեռախոսակապի ոլորտում մայրաքաղաքում հայտնվել է երկրորդ ընկերություն: Երկրորդ, արագ աճող եւ իր ծառայությունների դիմաց ավելի ցածր վարձավճար պահանջող ընկերություն: Կապիտալ մեծ ներդրումներ կատարող «Յուքոմ» ընկերությունը տնտեսավարման իր ագրեսիվ քաղաքականությամբ մեծ փոփոխություններ է առաջացրել: Այս ընկերությունը նոր է, հավանաբար հարկային որոշակի արտոնություններ ունի: 2011-ի խոշոր հարկատուների ցուցակում 339-րդ տեղում է` 116 մլն դրամ հարկային մուծումներով: Այս պահին պիտի որ արդեն կառավարությունը մտածի իր համար «ոսկե ձվեր» ածող խոշոր հարկատուների մասին: Այս դեպքում նա համաձայնել է նվազեցնել ինտերնետի մեծածախ վաճառքի արմենտելյան սակագինը: Թե դրանից ի՞նչ բաժին կհասնի սպառողին` հայտնի կդառնա մեկ-երկու ամսից: Իսկ հունվարի 1-ից պարզ կլինի, թե որքանով կկարողանա «ԱրմենՏելը» նվազեցնել ֆիքսված հեռախոսակապում գործող սակագները: Բայց մի բան ակնհայտ է: Հարազատ կառավարությունը հեշտ ու հանգիստ չի համաձայնի հարկային մուտքերի նվազման հեռանկարի հետ: Որովհետեւ այդ հեռանկարը նրան կստիպի աշխատել: Աշխատել՝ բյուջեի մուտքերն ապահովելու համար: Մի բան, որ հավանաբար ամրագրված չէ կառավարության գործունեության ծրագրում: Ոչ անցած տարիների, ոչ էլ՝ եկող տարվա: