Ռուսաստանի նախկին օլիգարխ Բորիս Բերեզովսկին անգլիական «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին մեղադրում է իր վստահությունը չարաշահելու եւ պայմանագրերի պայմանները խախտելու մեջ: Բերեզովսկին, Լոնդոնի առեւտրային դատարանում, Աբրամովիչից պահանջել է ավելի քան 6 մլրդ դոլար` նրան անվանելով «բանդիտ»: Դատարանի դահլիճում Բերեզովսկին հայտարարել է, որ Աբրամովիչը 2000թ. պարտադրել է իրական գնից անհամեմատ ցածր գնով իրեն վաճառել նավթային «Սիբնեֆտ» ընկերության իր բաժինը: Նրա խոսքով, այդ ժամանակ Աբրամովիչը իրեն ներկայացրել է` որպես ՌԴ նորընտիր նախագահ «Վլադիմիր Պուտինի մարդ»: Աբրամովիչի փաստաբանը հերքել է Բերեզովսկիի բոլոր հայտարարություններով` ասելով. «Հայցվորը հիմարություններ է դուրս տալիս»: «Սկզբում Աբրամովիչը թաքնվում էր Պուտինի հետեւում` ասելով. «Դա ես չեմ, դա Պուտինն է»,- ըստ BBC-ի` դատարանում հայտարարել է Բերեզովսկին` հավելելով, թե հետագայում «Աբրամովիչն արդեն չէր հիշում Պուտինի անունը, քանի որ ինքն արդեն, ինձ ցավալի է դա ասել, բայց կայացել էր որպես ավազակ»: Աբրամովիչը հերքում է Բերեզովսկիի բոլոր մեղադրանքներն իր հասցեին եւ չի կարծում, թե նա իրավունք ունի փոխհատուցում պահանջել իր կրած վնասների համար: Նա պնդել է, որ ժամանակին միլիոնավոր դոլարներ է վճարել Բերեզովսկիին, բայց` որպես «քաղաքական կնքահայր», եւ ոչ` որպես գործընկեր: Հիշեցնենք, որ այս գործով լսումները Լոնդոնի առեւտրային դատարանում կտեւեն եւս 2 ամիս: