Վրաց միլիարդատեր եւ նորաթուխ ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլին այլեւս Վրաստանի քաղաքացի չէ: Վրաստանի ամենահարուստ գործարարը, ով ընդամենը 10 օր առաջ էր հայտարարել, թե պատրաստվում է սեփական կուսակցությունը հիմնել եւ պայքարել առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն կազմելու համար, երեքշաբթի երեկոյան զրկվել է վրացական անձնագրից: Պատճառը այլ երկրի` Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալն էր: «2004թ., երբ Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն է ստացել, միաժամանակ նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է դարձել: Վրաստանի օրենսդրության համաձայն` այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում վրացական անձնագիրը ավտոմատ կերպով անվավեր է ճանաչվում»,- «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչը: Իսկ թե ինչո՞ւ իշխանություններն անցած 7 տարիներին չէին հիշում Իվանիշվիլիի երկրորդ անձնագրի մասին, վրաց պաշտոնյաները չեն մեկնաբանում: Անկախ վերլուծաբանների կարծիքով, սակայն, ակնհայտ է, որ նախագահ Սահակաշվիլին եւ նրա շրջապատը խիստ անհանգստացած են մոտ 6 միլիարդ դոլար կարողության տեր Իվանիշվիլիի քաղաքական հավակնություններից: Իշխանություններին նաեւ մտահոգում են Իվանիշվիլիի սերտ կապերը Վրաց ՈՒղղափառ եկեղեցու եւ թբիլիսցի մի շարք հեղինակավոր մտավորականների հետ: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ էլ Իվանիշվիլին հատուկ հայտարարություն էր տարածել` խստորեն քննադատելով Սահակաշվիլիի կառավարման ոճը` նշելով, թե կառավարման 7 տարիների ընթացքում Սահակաշվիլին բազմաթիվ սխալներ է թույլ տվել: Այն, որ Իվանիշվիլիին վրացական քաղաքացիությունից զրկելը քաղաքական ենթատեքստ ունի, անուղղակիորեն հաստատում է նաեւ Սահակաշվիլիի կողմնակիցների հնչեցրած մեկնաբանությունների ընդհանուր տոնայնությունը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` պատգամավոր Պավլե Կուբլաշվիլին հայտարարել է. «Ռուսաստանում պետք է հասկանան, որ վրացական քաղաքականությունն ու լրատվամիջոցները չեն վաճառվում: Պուտինից պարտք վերցված փողով հնարավոր չէ Վրաստանում քաղաքականությամբ զբաղվել»: Մեկ այլ իշխանամետ պատգամավոր էլ` Լաշա Թորդիան, նշել է. «Համոզված եղեք, որ ռուսական փողերը երբեք չեն ներթափանցի վրացական քաղաքականություն: Ռուսաստանը բազմիցս է փորձել այս կամ այն օլիգարխի միջոցով կառավարել Վրաստանում ընթացող պրոցեսները, բայց միշտ անհաջողության է մատնվել: Ռուսաստանն իր այս փորձերի համար սխալ երկիր եւ սխալ հասարակություն է ընտրել»: