Դատական համակարգի հանդեպ ունեցած ՀՀ քաղաքացիների անվստահությունն այնքան է խորացել, որ դատապրոցեսները հաճախ վերածվում են փողոցային մակարդակի վիճաբանությունների: Դատավորներն իրենք էլ հաճախ հայտնվում են ամոթալի վիճակում, քանի որ քաղաքացին դատարանում չկարողանալով ապացուցել իր իրավունքը` անձնական վիրավորանքներ է ուղղում «արդարադատություն» իրականացնողին, որը որոշումների մեջ խիստ սուբյեկտիվ է եւ օրենքները կիրառում է երկակի ստանդարտներով: Երեկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում լսվում էր Աշտարակի քաղաքապետարանի ներկայացուցիչ Էդուարդ Քալանթարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը: Մենք խոստացել էինք հետամուտ լինել այս խնդրին եւ լուսաբանել դատական նիստերը: Հիշեցնենք, որ Աշտարակի քաղաքապետարանն` ի դեմս քաղաքապետ Գագիկ Թամազյանի, Գայանե Սիմոնյանին պատկանող 3800քմ հողատարածքի 1100քմ-ն յուրացրել էր: Գ. Սիմոնյանի ներկայացուցիչ Սիմոն Սիմոնյանը վստահեցնում էր, որ այդ հողատարածքը Գ. Թամազյանը հավանաբար վաճառել է մեկ այլ անձի: Ընդ որում, այս ամենն արվել է գաղտնի կերպով: Վերջերս Կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանումից Ս. Սիմոնյանին են տրամադրել սեփականության իրավունքի վկայականը, որում 3800քմ հողատարածքի փոխարեն ամրագրված է 2700քմ սեփականություն: Ի դեպ, Ս. Սիմոնյանը վստահեցնում է, որ այդ կեղծիքն այնքան անփույթ են կատարել, որ Աշտարակի քաղաքապետարանի ակտերում եւ մատյաններում Գ. Սիմոնյանին պատկանող սեփականությունը տարբեր չափերով է ներկայացված, փաստաթղթերում եղած թվերը չեն համընկնում մեկը մյուսի հետ: 2010թ. հոկտեմբերին Ս. Սիմոնյանը դիմել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով. «Վերականգնել հողատարածքը հողի սեփականության իրավունքի պետական ակտով, նախնական իրադրային հատակագծով ու չափերով»: Քննության առնելով Աշտարակ քաղաքի հողային բարեփոխումների եւ սեփականաշնորհման հանձնաժողովի որոշումը, համաձայն որի` Գ. Սիմոնյանին սեփականության իրավունքի պետական ակտով հատկացվել է 0.38 հա վարելահող, ինչպես նաեւ` մի շարք այլ փաստաթղթեր, դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ Գ. Սիմոնյանի: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աշտարակի քաղաքապետարանին պարտավորեցրել էր վերականգնել 09.11.1995թ. Ա 032534 հողի սեփականության իրավունքի պետական ակտով Գ. Սիմոնյանի ընտանիքին սեփականաշնորհված 0.38 հա հողատարածքի նկատմամբ խախտված իրավունքը: Այս վճռից անցել էր երեք ամիս, սակայն Աշտարակի քաղաքապետարանը ոչ դիմել էր ՀՀ Վերաքննիչ դատարան, ոչ էլ կատարել էր դատարանի պահանջը: Հուլիս ամսին, սակայն, Աշտարակի քաղաքապետը «զարթնել» եւ որոշել է, այնուամենայնիվ, հարցերը Վերաքննիչ դատարանում լուծել: Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը վաղուց լրացել էր, եւ ըստ օրենքի` դատարանը չպետք է այդ բողոքը վարույթ ընդուներ: «Ես վստահ եմ, որ քաղաքապետ Գ. Թամազյանն օգտագործելով իր դիրքը եւ կապերը, փորձում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի էությունը Վերաքննիչ դատարանում փոխել: Դատարանի գործողությունները վկայում են, որ նա վճիռ է գնելու, դա միանշանակ է: Վերաքննիչ դատարանը, փաստորեն, նրանից կարող է մի երկու տարի հետո էլ բողոք ընդունել»,- մեզ հետ զրույցում վրդովված ասում է Ս. Սիմոնյանը, որի մեկնաբանությանը կանդրադառնանք ստորեւ: Մինչ այդ ներկայացնենք երեկվա դատական նիստը, որը ոչ թե դատապրոցես էր, այլ` իսկական թատրոն: Նախ նշենք, որ բողոքող կողմը` Աշտարակի քաղաքապետարանի ներկայացուցիչը չէր ներկայացել դատարան: Նիստը սկսելուն պես Ս. Սիմոնյանը միջնորդություն ներկայացնելով` բացարկ հայտնեց դատավորներ Գ. Մատինյանին, Լ. Գրիգորյանին եւ Ա. Թումանյանին: Անկեղծ ասած` նրանք այնքան շփոթվեցին, որ դատարանում խոր լռություն տիրեց: «Դուք բողոքն ընդունել եք վարույթ Արագածոտնի դատարանի արձակած վճռից երեք ամիս անց: Դուք խախտել եք ժամկետները, եւ ես այստեղ արդարություն չեմ տեսնում: Ես Ձեզ չեմ վստահում, չեմ ցանկանում, որ դուք իրականացնեք դատավարությունը, եւ բացարկ եմ հայտնում»,- վրդովված հայտարարեց Ս. Սիմոնյանը` կոշտ գնահատականներ ուղղելով դատավորների հասցեին: «Խնդրում եմ, առանց որակավորումների ձեւակերպեք Ձեր ասելիքը»,- վիրավորված պատասխանեցին դատավորները` փորձելով շարունակել նիստը: Այնուհետեւ Ս. Սիմոնյանին խորհուրդ տվեցին ոչ թե բողոքը վարույթ ընդունելու իրենց որոշումը վերլուծել, այլ` իր նկատառումներով ինքնաբացարկը գրավոր ներկայացնել: «Ա՛յ ընկեր, ի՞նչ գրավոր ինքնաբացարկ, եթե…»,- բղավեց Ս. Սիմոնյանը: Դատավորները խորհուրդ տվեցին չվերլուծել դատարանի որոշումը: «Ա՛յ ընկեր չի, դատարանին դիմելու ձեւ կա»,- զայրացած ասացին դատավորները: «Ո՞րն է էդ ձեւը»,- Ս. Սիմոնյանը հարցն ուղղեց դատավորներին: «Պետք է ասեք` հարգելի դատարան»,- փորձեցին քաղաքացուն սովորեցնել դատավորները, որոնց դեմ կրկին ընդվզեց Ս. Սիմոնյանը. «Եթե ես Ձեզ չեմ հարգում, ո՞նց կարող եմ ասել` հարգելի դատարան»: Խայտառակ անհարմար վիճակում հայտնված դատավորները փորձեցին իրավիճակը «ցրել»` կրկին Ս. Սիմոնյանին հորդորելով ինքնաբացարկի վերաբերյալ առարկությունները գրավոր ներկայացնել: «Պրն Սիմոնյան, ասե՛ք որքա՞ն ժամանակ է Ձեզ պետք գրավոր ինքնաբացարկ ներկայացնելու համար, մենք որոշենք, թե դատը մինչեւ երբ հետաձգենք: Կարող եք դահլիճից դուրս գալ եւ միջանցքում գրել»,- ասացին դատավորները: Ս. Սիմոնյանը կրկին արդարացիորեն բորբոքվեց` «Ձեր միջանցքների սեղան-աթոռներին մուր է, մարդ կարո՞ղ է էնտեղ բան գրել: Աթոռներն էնքան փոշոտ են, որ չես կարող անգամ նստել»: Ի դեպ, դատարանի միջանցքների` քաղաքացիների համար նախատեսված սեղանների եւ աթոռների հաստ փոշ ին շատ պարզ վկայում է դատարանի` քաղաքացիների հանդեպ, եւ առհասարակ` իրենց աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Մարդիկ շատ դեպքերում ծնկների վրա են իրենց փաստաթղթերը լրացնում: Ինչեւէ, դատարանը որոշեց նիստը հետաձգել, եւ հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին:
ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի հորեղբորորդու գործունեությունը
Այժմ անդրադառնանք Վերաքննիչ դատարանի բողոքը վարույթ ընդունելու որոշմանը: «Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը ներկայացել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի բացթողումով, խնդրել է հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը եւ վերականգնել այն: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միջնորդությունը պետք է բավարարվի հետեւյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը: Եվ բոլոր այն դեպքերում, երբ ժամկետը բաց է թողնվել բողոք բերողի կամքից անկախ պատճառներով` (անհաղթահարելի ուժ, դատական ակտերի կայացման մասին անտեղյակ լինելը ոչ իր մեղքով եւ այլն), ժամկետի բացթողումը պետք է համարել հարգելի»,- նշված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ, որով պարզաբանվում է «ժամկետանց» բողոքը վարույթ ընդունելու հանգամանքները: Մինչդեռ նշենք, որ ուսումնասիրելով Աշտարակի քաղաքապետ Գ. Թամազյանի ստորագրությամբ վերաքննիչ բողոքը` որեւէ հիշատակում կամ բացատրություն չգտանք մեկամսյա բացթողնման վերաբերյալ: Այսինքն` Աշտարակի քաղաքապետն անգամ ավելորդ է համարել բացթողումը հիմնավորելու պատճառաբանությունները դատարան ներկայացնել: Չնայած դրան` Վերաքննիչ դատարանը այդ բացթողումը հարգելի է համարել առանց որեւէ հիմքի: Պարզապես նպատակահարմար է գտել «աչք փակել» օրենքի վրա եւ բողոքը վարույթ ընդունել: Համենայնդեպս, քաղաքապետի կողմից դատարան ներկայացված 2 էջանոց բողոքի տեքստում որեւէ ակնարկ անգամ չկա ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու վերաբերյալ: Ինչեւէ, Ս. Սիմոնյանը վստահեցնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքելու է պաշտոնական բոլոր մարմիններին, ընդհուպ` մինչեւ անգամ Արդարադատության խորհրդին: «Դատարանի որոշման մեջ գրված է, իբր քաղաքապետարանը խնդրել է հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու բացթողնման ժամկետը եւ վերականգնել այն: Ես ասում եմ` խնդրում եմ, քաղաքապետարանի բերած բողոքի մեջ ինձ ցույց տվեք, որ որեւէ տեղ գրած լինի հարգելի համարելու հիմնավորումները կամ այդ խնդրանքը։ Չկա, գոյություն չունի: Դատարանն իր որոշման մեջ հնարել է, թե իրեն խնդրում են, մինչդեռ քաղաքապետարանի բողոքի մեջ նույնիսկ հարգելի համարելու մասին խնդրանք էլ չկա: Նույնիսկ անդրադարձ չկա ժամկետի բացթողնման վերաբերյալ: Ստացվում է` դատարանը քաղաքապետի անունից ինքն իրենից խնդրում է, հետո էլ իր խնդրանքը բավարարում է: Ծառայություն է մատուցում: Բոլորիս է պարզ դատարանի շահագրգռվածությունը, եւ ես լավ գիտեմ, թե Թամազյան Գագիկն ինչո՞ւ է երեք ամիս անց դիմել Վերաքննիչ դատարան: Փողով ամեն ինչ կարելի է անել, մինչեւ անգամ` օրենքները շրջանցել»,- հայտարարում է Ս. Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հորեղբոր տղան է: Վերջինիս շնորհիվ է նա դարձել քաղաքապետ: Ավելին, Գ. Թամազյանը Ա. Թամազյանի զբաղեցրած դիրքի շնորհիվ իրեն թույլ է տալիս ոչ միայն ապօրինի գործունեություն ծավալել, այլեւ սանձարձակ վերաբերմունք դրսեւորել քաղաքացիների հանդեպ: