«Թող ակնկալիքներով չտառապեն, տերտերների մոտ էլ քիչ գնան»,- ասում է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը

13/10/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Պարոն Բերբերյան, ինչպե՞ս կգնահատեք գյուղատնտեսության այս տարվա վիճակը:

– Նախորդ տարվա համեմատ` այս տարի բնակլիմայական պայմաններն ավելի բարենպաստ էին: Չնայած օդերեւութաբանների կանխատեսումներին` այս տարի ցրտահարություն չեղավ: Ինչ վերաբերում է երաշտին, ապա կարող եմ ասել, որ դա հիմնականում ոչ ոռոգելի տարածքներում էր (մեր հիմնական վարելահողերը մշակվում են ոռոգելի տարածքներում)` ամառվա տապին մոտ 40 օր անձրեւ չկար, ինչը լուրջ ազդեցություն ունեցավ կարտոֆիլի բերքատվության վրա, իսկ կարտոֆիլի վեգետացիան կանգ է առնում 27 աստիճան ջերմության ժամանակ: Մնացած ուղղությունները` ինքնահոսի մատնված, բարվոք վիճակում էին: Հատկապես ուզում եմ առանձնացնել ոռոգելի տարածքների հացազգիները, որոնց համար տարին բարեհաջող էր: Դրան առանձնակի նպաստեց Կառավարության կողմից անցյալ տարի ներկրված ցորենի էլիտար դասի սերմացուն: Այդ սերմացուի կարիքը չէինք ունենա, եթե նույն կառավարությունը 7-8 տարի առաջ ցորենի սերմացուի վրա չսահմաներ ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ). Մաքսային ծառայության աշխատակիցները` ի պատասխան մեր հարցման, նշեցին, որ իրենք չեն տարանջատում սերմացուն եւ պարենային ցորենը: Մնում էր զարմանալ տգիտության մակարդակի վրա: Ինչեւէ, այն ժամանակ կառավարությունը ստեղծեց այդ խնդիրը, եւ հանրապետություն սկսեց չներկրվել էլիտար դասի սերմեր, եւ արդյունքում` 7-8 տարի ցորենի սերմաթարմացում համարյա չկատարվեց: Իսկ հիմա կառավարությունը մի կողմից` փորձեց կանոնակարգել այդ հարցը, մյուս կողմից` ցորենը ազատեցին ավելացված արժեքի հարկից: Տվյալ պարագայում ՀՀ գյուղնախարարությունը որեւէ գործ չի ունեցել, այսինքն` հանրապետության նախագահի կազմակերպած գործընթացը ոմանք վերագրում են իրենց: Ընդհանուր առմամբ տարին բարեհաջող էր, բայց այն չարվեց, ինչ պետք էր:

– Իսկ ովքե՞ր պետք է անեին, որ չարեցին:

– Կան բյուջեով նախատեսված ծրագրեր, որոնցից են բույսերի պաշտպանության, կարանտինի խնդիրները, եւ այլն: Վաղ գարնանն ունեցանք խշխշան հիվանդությունը, դաբաղի համաճարակը, որոնք պետք է չլինեին: Ժամանակին չարվեցին ներարկումները, անհասկանալի էին հակակարկտային ծառայությունների աշխատանքները, այլ կերպ ասած` գյուղատնտեսական ոլորտը ինքնահոսի մատնված ոլորտ է: Ցանկություն եղավ ցորենի սերմացուի հարցը լուծել` լուծվեց: Եթե հիշում եք` վաղ գարնանը Գյուղնախարարության աշխատակիցները կուրծք էին ծեծում, թե` տեսեք, շուտով պարարտանյութի գները կիջնեն: Մինչդեռ արդյունքում պարարտանյութի գները 10-15%-ով բարձրացան:

– Բայց նույն այդ Կառավարությունը խաղողագործներին խոստացել էր, որ պարարտանյութը գյուղացիները կստանան 20% զեղչով:

– Դա վերաբերում էր խաղողագործության համար օգտագործվող հեղուկին, որը ոչ էֆեկտիվ էր: Հիմա մենք փորձում ենք այդ հարցով դիմել ՀՀ նախագահին, քանի որ մի քանի գյուղեր ձեռք են բերել դա, եւ այդ գումարը պետք է վերադարձնեն աշնանը:

– Մեր հանրապետությունն ի՞նչ պարարտանյութեր է ներկրում, բացի ազոտական պարարտանյութից:

– Բնագավառի քաջագործները փորձեցին կանոնակարգել այդ շուկան, եւ արդյունքում` պարարտանյութի խոշոր ներկրողները դուրս եկան այդ խաղից, եւ տեղի ունեցավ գների բարձրացում:

– Պարոն Բերբերյան, նկատի ունեմ այսօր փաստացի ներկրվող պարարտանյութերի տեսակները: Մեր երկիրը պարարտանյութի քանի՞ տեսակ է ներկրում: Խորհրդային Միության տարիներին գյուղացին նվազագույնը պարարտանյութի 4 տեսակ էր օգտագործում, այնինչ այսօր, բացի ազոտական պարարտանյութից, որը միայն բույսի սնուցիչ է, այլ բան չի օգտագործվում:

– Ասեմ, թե բանն ինչումն է: Վերջերս խոսեցի մի խոշոր ֆերմերի հետ` նշելով, որ այս տարի կփորձենք համակցված պարարտանյութ ներկրել: Վերջինս ասաց, թե իր հողակտորի 5 հա-ն է սեփականություն, իսկ մնացածն ինքը վարձակալել է, եւ հաջորդ տարի որոշել է փոխել տեղերը: Ըստ նրա` իրեն ձեռնտու չէ ձեռք բերել համակցված պարարտանյութ, քանի որ դրա կալիումական եւ ֆոսֆորական էլեմենտներն ավելի էֆեկտիվ են դառնում հաջորդ տարի: Բացի ազոտական պարարտանյութից, շատ քիչ քանակությամբ կարբամիդ է ներկրվում: Պետությունը պետք է շահագրգռված լինի հողի տեսքերը չփչացնելու համար խթանել կալիումի, ֆոսֆորի օգտագործումը: Եթե բույսին տալիս ենք միակողմանի սնուցում, ապա նույնը ստանում է մարդը: Իսկ կալիումն ու ֆոսֆորը մարդու իմունային համակարգը ամրացնող խթանիչներն են: Արդյունքում` ունենում ենք նիհար-բոյով երիտասարդություն:

– Ինչո՞ւ չենք հողը սնուցում, ի՞նչն է պատճառը:

– Ազոտական միացությունների բազայի արտադրությունը գազի հիմքի վրա է, եւ, բնականաբար, ցնդող նյութերի քանակը շատ է: Իմիջիայլոց, վերջերս մի գիտակ հայտարարել էր, թե դա աղակալման խթանիչ է: Դա ուղղակի ծիծաղելի է: Նրանք ընդամենն ուզում էին իրենց պարարտանյութը վաճառել: Կայուն տնտեսություն ունենալու համար պետք է ունենանք բանիմաց կադրեր:

– ՄԱԿ-ի ծրագրում Հայաստանի հողերը ներառվել են որպես անապատացման վտանգի առաջ կանգնած հողեր:

– Ասենք թե ներառվել են:

– Եվ դա չի՞ վկայում ՀՀ կառավարության կողմից հողերի բարձիթողի վերաբերմունքի մասին: Եվ արդյոք չպե՞տք է շուտափույթ քայլեր ձեռնարկվեն:

– Հողերի աղակալումն ու անապատացումը, առաջին հերթին, պետության խնդիրն է, ոչ թե այսօրվա Գյուղնախարարության, այլ Հայաստանի անկախության տարիներից մինչ օրս բոլոր գյուղնախարարների կողմից դրենաժային ցանցի բարձիթողի վիճակն էր: Կառավարության հատկացրած գումարները կա՛մ էֆեկտիվ չեն օգտագործվել, կա՛մ ընդհանրապես չեն օգտագործվել այդ ուղղությամբ: Արդյունքում դրենաժային ցանցը չի աշխատել, ջրերը չեն հեռացվել` առաջացնելով աղակալում: Սա է գաղտնիքը, թող կուրծք չծեծեն:

– Լավ, պարոն Բերբերյան, իսկ ինչո՞վ էր պայմանավորված այս տարվա մրգի եւ բանջարեղենի աննախադեպ բարձր գները: Արտահանման ծավալները նպաստե՞լ են դրան:

– Արտահանումները հնարավոր են ընդհանուր բերքի` 10, իսկ առավելագույնը` 20%-ի չափով: Մենք խնդիր ունեինք Արմավիրի մարզի կարկտահարությունների եւ Արարատի մարզի միջին եւ միջինից մի փոքր բարձր բերքատվության հետ: Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչո՞ւ են մեր տոմատի մածուկի արտահանումները գրեթե մոտեցել զրոյի: Ինչո՞ւ չենք խոսում այդ մասին: Տոմատի մածուկը հազիվ բավարարում է ներքին շուկան: Իսկ արտահանումը զրոյացվել է, քանի որ «լավ» են աշխատում: Խնդիրն այն է, որ ավելի հեշտ է գրավել ներքին շուկան, եւ դրանով, այսպես ասած` յոլա գնալ: Իսկ դա չի նշանակում, թե պահանջարկ չկա: Տոմատի մածուկի մասին չեն խոսում:

– Իսկ այսօր կա՞ որեւէ հանձնաժողով, կառույց, որ զբաղվում է ներկրվող սերմերի փորձաքննությամբ: Դուք նշում եք, որ էլիտար սերմեր են ներկրվում, իսկ ո՞վ է դրանց որակը եւ մեր հողերին, մեր կլիմայական պայմաններին դրանց համապատասխանելիությունը ստուգում:

– Իհարկե, կա, յուրաքանչյուր սերմ ներկրելուց հետո սերմը պետք է անցնի սորտափորձարկման: Իմիջիայլոց, ես ինքս դեմ եմ դրան, որովհետեւ, եթե մենք գնում ենք Եվրոհամայնք, որտեղ ներկրվող սերմը գրանցված է, մենք փորձում ենք եւս մեկ անգամ գրանցել Հայաստանում: Եթե մնում ենք անկախ երկիր, ապա դա ուրիշ հարց է, բայց Եվրոհամայնքի հետ մենք ունենք միջպետական պայմանագիր, եւ նրանց հիմնական փաստաթղթերն ընդունում ենք որպես մաքսային եւ սերտիֆիկացիոն հիմք, եւ կասկած դնել Իտալիայի, ասենք, լոլիկի սերմի վրա` առնվազն աբսուրդ է: Այլ հարց է, որ չունենք այն պոտենցիալը, որ, ենթադրենք, մեր սերմնարտադրությունը հասցնենք այնպիսի մակարդակի, ինչպիսին Նիդեռլանդներում է: Այլ կերպ ասած` պետք չէ հեծանիվ հորինել: Եվ այսօր մտածել, թե մեքենաշինությամբ կարող ենք հասնել Գերմանիային, ինչը, բնականաբար, ծիծաղելի կհնչի: Մենք էլ պետք է ունենանք երկիրը զարգացնելու մեր ուղղությունները:

– Իսկ ունե՞նք:

– Իհարկե, ունենք, եւ շատ արագ, 2-3 տարվա ընթացքում կարող ենք զարգացնել այդ բնագավառները, այսինքն` մենք պետք է պարզ հասկանանք, թե ի՞նչ է մեզ հարկավոր ներքին եւ արտաքին շուկաների համար, թե որտե՞ղ են սպասում մեզ, եւ որտե՞ղ կարող ենք տեղ ունենալ: Որպես օրինակ` նշեմ, որ հիմա մենք աշխատանք ենք տանում Կրասնոդար երկրամասի հետ, որտեղ անցյալ տարի կարտոֆիլի որոշ քանակություն արտահանեցինք: Հիմա դուք գիտեք` ի՞նչ եք ասում: Ասում եք, թե ռուսներն ինչի՞ են թողնում, որ կարտոֆիլի տնկանյութը գնա Ռուսաստան: Դա աբսուրդ է: Գրանցված սորտեր են` գնում է: Ուրիշ հարց է, որ Պարսկաստանից կամ Թուրքիայից են սերմեր բերում, որոնց վրա պետք է մեծ ուշադրություն սահմանել: Ներկրումները պետք է լինեն մայր ընկերություններից:

– Ի դեպ, այս տարի խաղողի մեծածավալ բերքի ակնկալիքները չարդարացան, ինչը պայմանավորում են սնկային հիվանդությունների տարածմամբ: Ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին հիվանդությունը կանխարգելելու ուղղությամբ:

– Թող ակնկալիքներով չտառապեն, տերտերների մոտ էլ քիչ գնան, իրենց գործով զբաղվեն: Գյուղատնտեսությունը ստույգ գիտություն է, եւ պետք է իմանալ սեփական հնարավորությունը: Այո՛, ասել եմ, որ Կառավարության ղեկավարի, ՀՀ նախագահի օգնությունը շատ մեծ էր հացազգիների խնդրի լուծման համար, չնայած նախորդ կառավարության մեղքն էր դա, այսինքն` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, որ այդ որոշումն ընդունեց: Արհեստական խոչընդոտ էր ստեղծվել: Եթե 5-6 տարի առաջ մեր շուկաները լիքն էին վրացի առեւտրականներով, ովքեր կաղին, մանդարին եւ այլ բաներ էին բերում, իսկ գինն էլ կրկնակի էժան էր, ապա այսօր ոչ մի վրացի չենք տեսնում մեր շուկաներում: Վարչապետը փորձեց ստեղծել ազատ առեւտրի միջանցքը, իսկ թողեցի՞նք. այդպես էլ մնաց թղթի վրա: Դե հիմա, ընկեր գյուղնախարար, ինչո՞ւ չեք զբաղվում դրանով: Ինչ վերաբերում է սնկային հիվանդությունների տարածմանը, ապա պետք է իրականացվեր սրսկում: Ինչեւէ, կարող եմ ասել, որ առաջընթացը տեսնում եմ` հացազգիների, իսկ հետընթացը` պարարտանյութերի պարագայում: Նաեւ կարող եմ ասել, որ մենք երբեւէ խաղողի խնդիր չենք ունենա, որովհետեւ չունենք այն այգիները, որոնք կային, եւ երկրորդ` բուժումները լավ չեն տարվում:

– Գյուղացիները հիասթափվել են:

– Հիասթափություն ասելով` ի՞նչ եք հասկանում:

– Երբ գյուղացին խաղողը բեռնած` բեռնատար ավտոմեքենայով, ժամերով կանգնում է գործարանի մոտ` հնարավորություն չունենալով իր ամիսների տանջանքն իրացնել:

– Դե, որովհետեւ գյուղացիները քանդեցին այգիները: Դա՞ էիք ուզում լսել:

– Քանդեցին, որովհետեւ հայտնվեցին պետության կողմից խաբվածի դերում:

– Լավ կլիներ, որ կառավարությունն ընդհանրապես չխառնվեր ազատ շուկայական հարաբերություններին: Աքիլեսյան գարշապարը տգիտության մեջ է:

– Ի վերջո, այսօր գյուղացիները թողնում-հեռանում են գյուղերից: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչպես ներկայացնում եք, եւ ՀՀ կառավարությունն էլ իր «լավ» աշխատանքով ամեն ինչ անում է վիճակը բարելավելու ուղղությամբ, այդ դեպքում կասե՞ք` ինչո՞վ է պայմանավորված այդ արտագաղթը հատկապես գյուղերից:

– Շատ ծանր հարց եք տալիս: Վաղ գարնանը խոստացած բարեփոխումները չկատարվեցին: Գնում են Համաշխարհային բանկի գումարներով ժողովներ են անում, որոնք չեն աշխատում այստեղ: Պետք է լինի գաղափար, որի շուրջ կհավաքվեն մարդիկ: