Ռուբեն Մանգասարյան. «Անկախության ճանապարհին»

13/10/2011

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) հոկտեմբերի 14-ին կբացվի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Ռուբեն Մանգասարյանը ծնվել է 1960թ. հունիսի 29-ին, Երեւանում: Ֆոտոլրագրողի նկարները պատկերում են Հայաստանի անցած պատմական ճանապարհը, նրա ողբերգական եւ ծանր տարիները` Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան շարժում, պատերազմ, սոցիալական ծանր իրականություն, Հայաստանի անկախացում, հայ-թուրքական հարաբերություններ եւ այլն: Ռ. Մանգասարյանը հեղինակ է մի քանի տասնյակ լուսանկարչական ռեպորտաժների, որոնք տպագրվել են «The Times», «Boston Globe», «Figaro», «The New York Times», «Focus» եւ մի շարք այլ պարբերականներում: Նա համագործակցել է «AP», «Ֆրանս-պրես», «Ռոյթերս», «ԻՏԱՌ-ՏԱՍՍ», «Ռիա-Նովոստի» եւ այլ լրատվական գործակալությունների հետ: Ռուբեն Մանգասարյանը կյանքին վաղաժամ հրաժեշտ է տվել 2009 թվականին:

Ցուցահանդեսի բացումը` հոկտեմբերի 14-ին, ժամը 17։00-ին: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս։ Մուտքն ազատ է: