Հայաստանում ինչ-որ բան այնպես չէ: Ինչ-որ բան այնպես չէ պետության, իշխանությունների եւ, որ ամենասարսափելին է, հասարակության հետ: Ամեն օր այնպիսի հանցագործություններ են կատարվում, որոնք հանցագործություն են ոչ միայն օրենսդրորեն, այլ մարդ տեսակի չգրված օրենքի տեսանկյունից: Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ միայն երեկվա` պաշտոնապես արձանագրված քրեական քրոնիկային: Նախօրեին ԼՂՀ Պաշտպանության բանակում, Մարտակերտի զորամասերից մեկում մահացել է 1992թ. ծնված` 19-ամյա ժամկետային զինծառայող Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմանում հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել»: Նույն օրը` հոկտեմբերի 9-ին, Գորիսում 20-ամյա որդին վիճաբանության եւ քաշքշուկի ընթացքում խոհանոցային դանակի հարվածներով սպանել է սեփական հորը` 52-ամյա Երվանդ Սայունցին: Որդին ոստիկանական բաժնում ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Հոկտեմբերի 7-ին հայրը վիճաբանության ժամանակ դանակով սպանել է որդուն: Երեւանի «Էրեբունի» բ/կ-ից, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի արյունահոսող վերքով իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Էդգար Խաչատրյանը, ով գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 8-ին, ժամը 00։30-ին, Գ. Նժդեհի փողոցի 32 շենքի մոտից բերման է ենթարկվել 57-ամյա Գառնիկ Խաչատրյանը եւ խոստովանել, որ այդ օրը, ժամը 23։00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է որդուն: Նույն օրը` հոկտեմբերի 8-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից, ժամը 01:35-ին, Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 53-ամյա մի կին եւ հայտնել, որ ամուսինը տանը դանակով սպառնացել է իրեն: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 01:30-ին, 52-ամյա Սամվել Ա.-ն իր մոտ եղած դանակով սպառնացել է սպանել կնոջը: Սա ընդամենը մեկ օրվա ընթացքում պաշտոնապես արձանագրված հանցագործությունների թիվն է, որը, դժբախտաբար, պատահականություն չէ: Գրեթե չկա շաբաթ, որ որեւէ զարհուրելի հանցագործություն չարձանագրվի: Թե որո՞նք են նման սարսափելի իրավիճակը ծնող պատճառները, թերեւս, կարող են ասել հոգեբաններն ու հասարակագետները, սակայն ակնհայտ է, որ մեր հասարակությունը, մեղմ ասած, անառողջ է: Մարդիկ անցել են թույլատրելիի սահմանը եւ առաջնորդվում են գրեթե կենդանական բնազդներով: Նման առանձին վերցված դեպքերն ու դրանց նկատմամբ անտարբերությունն են, որ հնարավոր են դարձնում երեխաների բռնաբարությունն ու, որ ավելի վատ է, բռնաբարված երեխաների ծնողների կողմից բռնաբարողին` Սերոբ Տեր-Պողոսյանին արդարացնելու փորձերը, որ բանակում գրեթե ամեն ամիս սպանություններ են տեղի ունենում, որ հայրը սպանում է սեփական երեխային եւ հակառակը… Սակայն, երբ հիշում ենք, թե ինչ հաղորդումներ ու սերիալներ են ցուցադրվում, ինչպիսի բարքեր են քարոզվում հեռուստաեթերով, մարդկային որ տեսակն է խրախուսվում, որոնք են մեր այսօրվա հերոսները, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ավելին, եթե հիշեք, թե հատկապես ինչը ցնցեց մեր հասարակությանը վերջին մեկ ամսվա ընթացքում, հասարակության դեգրադացիան ավելի պարզորոշ կդառնա. մեր ակտիվ հասարակությունը մեկ ամիս շարունակ քննարկում էր ինչ-որ մի «դերասանուհու» սեքսուալ լուսանկարները, որոնք պտտվում են պատանիների ու չափահաս մարդկանց բջջային հեռախոսներում: