Իռլանդիա-Հայաստան. ռեւանշի սպասելիս

11/10/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այսօր Հայաստանի նորագույն ֆուտբոլային պատմության ամենակարեւոր օրն է։ Առաջին անգամ Հայաստանն իրական շանսեր ունի` պայքարել Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար։

Ախորժակն ուտելիս է բացվում

Եվ սրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Մի ժամանակ մենք ազգային հավաքականի խաղերը դիտում էինք՝ նախատրամադրված լինելով, որ պարտվելու ենք։ Ընդ որում, հաջողություն էինք համարում, եթե պարտությունը խոշոր հաշվով չէր լինում։ Այսօր լրիվ հակառակ պատկերն է. բոլորը սպասում են միայն հաղթանակի, ընդ որում՝ խոշոր հաշվով։ 2010թ. սեպտեմբերի 3-ին՝ ընտրական փուլի առաջին խաղում, սեփական հարկի տակ պարտվեցինք Իռլանդիային։ Այն ժամանակ շատերը մտածեցին, որ դառը օրինաչափությունը կրկնվելու է, եւ լավագույն դեպքում խմբում առաջ կանցնենք Անդորրայից։ Սակայն հաջորդ՝ Մակեդոնիայի հետ խաղում, մեր հավաքականն արդեն սկսեց ատամներ ցույց տալ։ Եվ չնայած այն հանգամանքին, որ վերջին վայրկյաններին շատ անիմաստ գոլով ձեռքից բաց թողեցինք հաղթանակը, արդեն բոլորը սկսեցին խոստովանել, որ մերոնք ցանկության դեպքում կարող են հաղթել։ Դրան հաջորդեց Սլովակիայի նկատմամբ տարած հաղթանակը՝ 3։1 հաշվով։ Հետո Անդորրային հաղթեցինք՝ 4։0 հաշվով։ Ռուսների հետ 2 խաղերից ընդամենը 1 միավոր վաստակեցինք, սակայն խաղով չէինք զիջում ոչ այստեղ, ոչ Ռուսաստանում։

Անդորրայի հետ արտագնա խաղում մեր թիմի հաղթանակին ոչ ոք չէր կասկածում։ Իսկ ահա հաջորդ խաղը՝ սլովակների նկատմամբ տարած փառահեղ հաղթանակը 4-0 հաշվով նրանց իսկ հարկի տակ, արդեն բոլորին ապացուցեց, որ մերոնց հաղթանակները պատահական չեն։ Մակեդոնիայի նկատմամբ տարած 4։1 հաշվով հաղթանակը արդեն վերջնական դարձրեց այս համոզմունքը, եւ այսօր բոլորը հավատում են, որ Հայաստանի հավաքականը կարող է եւ կհաղթի Իռլանդիային՝ ռեւանշ վերցնելով առաջին պարտության համար։ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ նշել է, որ Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս չգալը կդիտվի որպես անհաջողություն։

Վախի գործոնը

Ասել թե իռլանդացիները վախեցած են, չափազանցություն կլինի։ Սակայն, որ զգուշացած են՝ դա փաստ է։ Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ, ճանաչված մասնագետ Ջովանի Տրապատոնին ասել է. «Մեր թիմը բավականին լավ որակներ ունի։ Սակայն դրա հետ մեկտեղ՝ Հայաստանի հավաքականը նույնպես ուժեղ, շատ ուժեղ հավաքական է, որի խաղացողները հանդես են գալիս բավականին ուժեղ ազգային առաջնություններում։ Հենց այդ պատճառով էլ մենք պետք է 100%-ով կենտրոնանանք՝ առաջին հերթին հիմար սխալներից խուսափելու համար»։ Հոկտեմբերի 7-ին՝ Անդորրային հաղթելուց հետո, Իռլանդիայի առաջատարներից Էյդեն ՄակԳիդին ասել է, որ երեքշաբթի օրն իրենց դժվարին խաղ է սպասում, սակայն հիշեցրել է, որ առաջին խաղում իրենք հաղթել են։ Սակայն երկրի ամենահայտնի ֆուտբոլային մեկնաբաններից մեկը Իռլանդիայի երկրորդ ալիքի կազմակերպած թոք-շոուի ժամանակ հեռակա պատասխանել է ՄակԳիդիին՝ ասելով. «Հայաստանի հավաքականը շատ տաղանդավոր եւ երիտասարդ թիմ է։ Եվ երբ մենք ասում ենք, որ հաղթել ենք Հայաստանին, չպետք է մոռանանք, որ այսօր Հայաստանի թիմը շատ ավելի լավ մարզավիճակում է, քան առաջին խաղում»։ Մտահոգությունը չի թաքցրել նաեւ Իռլանդիայի հավաքականի առաջատար խաղացող Ռոբբի Քինը։ «Հայաստանը շատ ուժեղ հավաքական ունի, մեզ շատ դժվար կլինի հաղթել այդ հանդիպմանը։ Եթե անկեղծ լինեմ, ապա ես ընդհանրապես կասկածում եմ, որ մենք կկարողանանք հաղթել: Հայ ֆուտբոլիստները խաղում են ուժեղ լիգաներում, իսկ մեր խաղացողներից ոմանք` առաջին դիվիզիոններում: Մենք պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինենք, անենք ամեն ինչ, որպեսզի սխալներ թույլ չտանք: Մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ կարող ենք տուժել մեկ սխալի պատճառով»,- Քինի խոսքերն է մեջբերել բիտանական «The Guardian»-ը:

Ի դեպ, բրիտանական մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ «The Independent»-ը, նույնպես անդրադարձել է մեր հավաքականին՝ նշելով, որ Վարդան Մինասյանի թիմը, աշխարհի գավաթի համար պայքարն ավարտելով խմբի ամենացածր հորիզոնականում, այսօր դարձել է միասնական գործող, հրաշալի հավաքական։ «Հաշվի առնելով փաստը, որ հավաքականի հիմնական խաղացողները նոր են բոլորել 20 տարին, վստահաբար կարելի է ասել, որ սա նախկին խորհրդային երկրի հավաքականի հաջողության միայն սկիզբն է: Այս թիմում կան մի քանի անուններ, որոնք արժե հիշատակել որպես խաղացողներ, որոնց լավ ապագա է սպասվում: Կարճաժամկետ հեռանկարում նրանք գլխացավանք կդառնան Իռլանդիայի համար, երկարաժամկետ հեռանկարում` ավելի հաճախ կհայտնվեն ձեր էկրաններին եվրոպական առաջնություններում»,- գրել է թերթը։

Մի քանի երնեկից եղավ մեկը

Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլասերները, բացի Հայաստանի հաղթանակից, սպասում էին նաեւ Սլովակիայի հաղթանակին։ Եթե սլովակներին հաջողվեր ռուսներից 3 միավոր «փախցնել», ապա Իռլանդիայի հաղթելու դեպքում Հայաստանը լրացուցիչ ցուցանիշներով կգրավեր առաջին տեղը եւ միանգամից դուրս կգար Եվրո-2012-ի եզրափակիչ։ Ռուսները, սակայն, կարողացան միակ գոլի շնորհիվ հաղթանակ կորզել եւ սեփական հարկի տակ Անդորրայի հետ խաղից առաջ 99%-ով ապահովեցին առաջին տեղը։ Մյուս ցանկությունը պակաս հավանական էր, սակայն թաքուն հույս ունեինք, որ Անդորրան սեփական հարկի տակ գոնե կկարողանա ոչ-ոքի խաղալ Իռլանդիայի հետ։ Այդ դեպքում Իռլանդիայի հետ խաղում մեզ բավական կլիներ անգամ ոչ-ոքին։ Սակայն եղածն արդեն եղել է. պետք չի կենտրոնանալ նախկին խաղերի վրա եւ ափսոսանքով հիշել կորսված միավորները, հատկապես՝ Մակեդոնիայի հետ ավարտած ոչ-ոքին։

Խ -Հ -Ո -Պ -Գ -Մ

Ռուսաստան 9 /6 /2 /1/11-4 /20
Իռլանդիա 9 /5 /3 /1 /13-6 /18
Հայաստան 9 /5 /2 /2 /21-8 /17
Սլովակիա 9 /4 /2 /3 /6-9 /14
Մակեդոնիա 9 /2 /1 /6 /7-13 /7
Անդորրա 9 /0 /0 /9 /1-19 /0

Իռլանդիայի հետ դժվար է լինելու, սակայն, ի տարբերություն մի քանի այլ խմբերում ստեղծված իրավիճակի՝ այստեղ ամեն ինչ կախված է մեզնից, եւ ոչ թե մյուս թիմերի խաղերի արդյունքից։ Կհաղթենք՝ կշարունակենք պայքարը, չենք հաղթի՝ կբավարարվենք երրորդ տեղով։ Ոչ-ոքին հավասարազոր է պարտության, այնպես որ մեր տղաները կորցնելու ոչինչ չունեն։ Կարո՞ղ ենք հաղթել։ Միանշանակ` այո։ Այդ մասին նշում են նաեւ այլազգի մասնագետները։ Բուքմեյքերները, ճիշտ է, առավել բարձր են գնահատում Իռլանդիայի հնարավորությունները. Իռլանդիայի հաղթանակը գնահատվել է 1.7 գործակցով, ոչ-ոքին՝ 3.9, Հայաստանի հաղթանակը՝ 4.25։ Սակայն, ինչպես ցույց տվեց Սլովակիայի հետ խաղը, Հայաստանի դեպքում բուքմեյքերները կարող են սխալվել, եւ այն էլ ինչպես սխալվել. հիշեցնենք, որ այն ժամանակ Հայաստանի հաղթանակը գնահատվում էր 7-8 գործակցով։

Ասում են` ուրիշի դժբախտության վրա ուրախանալը գեղեցիկ չէ, սակայն մեր օգտին է այն, որ հանդիպումը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Իռլանդիայի գլխավոր ռմբարկուն՝ Ռոբբի Քինը։ Այս պահի դրությամբ՝ խմբային փուլում նա խփել է 5 գնդակ։ Նույնքան են խփել նաեւ Հենրիկ Մխիթարյանն ու Գեւորգ Ղազարյանը։ Նրանց մեկական գնդակով զիջում են Մարկոս Պիզելլին եւ Յուրա Մովսիսյանը։

Ընդհանուր առմամբ, մեր հավաքականն այս պահի դրությամբ խմբում առաջատարն է խփած գոլերի թվով (21)։ Մերոնցից գոլ չեն ընդունել առայժմ միայն իռլանդացիները, եւ կարծում ենք՝ եկել է նաեւ նրանց ժամանակը։

Մյուսներն ու մեր հնարավոր մրցակիցները

Ինչ վիճակ է մյուս խմբերում։ Նշենք, որ եզրափակիչի ուղեգիր արդեն իսկ նվաճել են Գերմանիան, Իտալիան, Հոլանդիան, Անգլիան եւ Իսպանիան։

A խումբ.

Գերմանիան արդեն եզրափակիչում է՝ ռեկորդային 27 միավորով։ Թեպետ այս պահին Բելգիան (15 միավոր) 1 միավորով գերազանցում է Թուրքիային, սակայն վիճակը կարող է փոխվել։ Բելգիան այսօր արտագնա խաղում ուժերը չափելու է Հոլանդիայի հետ, եւ երկրորդ տեղը պահպանելու համար նրան միայն հաղթանակ է պետք, ինչը քիչ հավանական է։ Թուրքիան ընդունելու է Ադրբեջանին, եւ դժվար է հավատալ, որ ադրբեջանցիները կարող են իրենց ավագ եղբորը հուսախաբ անել։

C խումբ

Իտալիան ունի 23 միավոր եւ արդեն ձեռք է բերել ուղեգիրը։ Էստոնացիներն ունեն 16 միավոր՝ մեկ միավորով ավելի, քան Սերբիան։ Սակայն էստոնացիներն արդեն ավարտել են իրենց ելույթները։ Նրանց մնում է սպասել եւ աջակցել Սլովենիային։ Եթե Սլովենիան սեփական հարկի տակ կարողանա գոնե չպարտվել, ապա սերբերը հրաժեշտ կտան Եվրո-2012-ին, եւ պայքարը կշարունակի Էստոնիան։

D խումբ

Ամեն ինչ կախված է այսօրվա խաղից. միմյանց հետ մրցելու են առաջատարները՝ Ֆրանսիան (20 միավոր) եւ Բոսնիան (19 միավոր)։ Եթե Ֆրանսիան սեփական հարկի տակ գոնե ոչ-ոքի ավարտի, ապա խմբում կզբաղեցնի առաջին տեղը։ Բոսնիան պայքարը կշարունակի լրացուցիչ խաղերում։

E խումբ

Առաջատարները հայտնի են. առաջին տեղում Հոլանդիան է՝ 27 միավորով, երկրորդ տեղում՝ Շվեդիան՝ 21 միավորով։ Սակայն ինտրիգն ավարտված չէ։ Վերջին խաղում թիմերը մրցելու են միմյանց հետ, Շվեդիայի դաշտում։ Եթե շվեդները կարողանան հաջողության հասնել, ապա կարող են որպես երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն թիմ` միանգամից նվաճել եզրափակչի ուղեգիրը։

F խումբ

Ամենայն հավանականությամբ, առաջին տեղը կզբաղեցնի Հունաստանը (21 միավոր), եթե, իհարկե, արտագնա խաղում չպարտվի Վրաստանին։ Խորվաթիան (19 միավոր) վերջին խաղում սեփական հարկի տակ մրցելու է Լատվիայի հետ։ Խորվաթները ձգտելու են հաղթել` ոչ միայն առաջին տեղը գրավելու համար, այլ՝ որպես երկրորդ տեղի լավագույն թիմ, պայքարը շարունակելու։ Այս առումով Խորվաթիայի մրցակիցը Շվեդիան է։

G խումբ

Այս պահի դրությամբ ամենականխատեսելի խումբն է. անգամ կարող են վերջին տուրը չխաղալ։ Առաջին տեղում 18 միավորով Անգլիան է, որն արդեն ավարտել է ելույթները։ Երկրորդ տեղում 12 միավորով Չեռնոգորիան է, ով հանգիստ խղճով կարող է պարտվել վերջին խաղում. երրորդ տեղում ընթացող Շվեյցարիան ունի 8 միավոր եւ չի կարող հավակնել երկրորդ տեղին։

H խումբ

Առաջին տեղի համար պայքարելու են Դանիան եւ Պորտուգալիան, որոնք ունեն 16-ական միավոր։ Խաղը տեղի է ունենալու Դանիայում, սակայն պորտուգալացիներին ձեռնտու է անգամ ոչ-ոքին, քանի որ սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթանակ են տարել դանիացիների նկատմամբ։ Ինչ վերաբերում է Նորվեգիային, ապա Կիպրոսին հաղթելու դեպքում նրանք կվաստակեն 16 միավոր։ Սակայն Դանիան, անգամ պարտության դեպքում, չի զիջի երկրորդ տեղը, քանի որ առավելություն ունի (Դանիան մեկ անգամ հաղթել է Նորվեգիային, մեկ անգամ` ոչ-ոքի խաղացել)։

I խումբ

Իսպանիայի դեպքում հարցեր չկան. թիմն ունի 21 միավոր։ Իսկ երկրորդ տեղի համար ամեն ինչ դեռ որոշված չէ։ Շոտլանդացիները թեպետ ունեն 11 միավոր (մեկ միավորով առավել, քան Չեխիան), սակայն վերջին տուրում հյուրընկալվելու են Իսպանիայի հզոր թիմին։ Եթե շոտլանդացիներն Իսպանիայի հետ խաղում թեկուզ ոչ-ոքի խաղան, ապա չեխերը Լիտվային հաղթելու դեպքում կգրավեն երկրորդ տեղը։ Հավանական է նաեւ հետեւյալ տարբերակը. Շոտլանդիան պարտվում է, իսկ Չեխիան ոչ-ոքի է ավարտում հանդիպումը՝ միավորներով հավասարվելով շոտլանդացիներին։ Այս դեպքում նույնպես Չեխիան դուրս կգա երկրորդ տեղ, քանի որ մեկ անգամ հաղթել է Շոտլանդիային, մեկ անգամ էլ` խաղացել ոչ-ոքի։ Այնպես որ, շոտլանդացիներին միայն հաղթանակ է պետք՝ երկրորդ տեղը վստահ պահպանելու համար։ Իսկ դա հեշտ չի լինի։

Վերջաբանի փոխարեն

Ասում են` ժամանակից առաջ ընկնելը ճիշտ չէ, սակայն Իռլանդիային հաղթելուց հետո մեր հավաքականը մրցելու է երկրորդ տեղը գրաված թիմերի հետ։ Դրանք են՝ այս պահին Չեռնոգորիան, Շվեդիան, ամենայն հավանականությամբ՝ Բոսնիան, Էստոնիան, Խորվաթիան կամ Թուրքիան եւ այլն։ Սրանք ուժեղ թիմեր են, սակայն ոչ մեկի դեպքում էլ արդեն հնարավոր չի լինի ասել, որ միանշանակ առավելություն ունեն Հայաստանի նկատմամբ։ Այսինքն՝ ցանկացածին էլ հնարավոր է հաղթել, իհարկե, մինչ այդ հաղթելով Իռլանդիային։

Հիշեցնենք, որ լրացուցիչ ֆլեյ-օֆֆ խաղերը որոշվելու են վիճակահանությամբ, որն անցկացվելու է հոկտեմբերի 13-ին, լեհական Կրակով քաղաքում։ Հույս ունենք, որ կրակովյան վիճակահանությանը մենք կհետեւենք շա՜տ մեծ հետաքրքրությամբ։

Ամեն դեպքում, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն, անկախ ամեն ինչից, արդե՛ն արժանի են գովասանքների՝ ցույց տված արդյունքի եւ գեղեցիկ ֆուտբոլի համար։ Մենք նրանց մաղթում ենք առաջին հերթին՝ սառնասրտություն, մնացած ամեն ինչը մերոնք արդեն ունեն։ Այնպես որ, բոլոր շանսերը կան այսօրվա երեկոն եւս իսկական տոնի վերածելու համար։