Նպատակը բարեկեցիկ գյուղ, համայնք ունենալն է

11/10/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ջերմուկում մասնակցել է գյուղական համայնքների առաջին համաժողովին, որը նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ պետության համար շարունակում է առաջնային մնալ տարածքների համաչափ զարգացման ապահովումը: Այդ նպատակով մշակվել է ՀՀ տարածքների զարգացման հայեցակարգը, որը թույլ է տալու այս կամ այն ծրագրի իրականացումը դիտարկել տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից: Նրա խոսքով, համաչափ զարգացումը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ արդյունավետ գյուղատնտեսության զարգացում: Ս. Սարգսյանի խոսքով, վերջին տարիներին, հատկապես` ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, նկատելի աշխատանքներ են կատարվել: Իրականացվել են ճանապարհաշինական եւ ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բազմաթիվ ծրագրեր, զգալի ջանքեր են գործադրվել գյուղական համայնքների, դրանց տնտեսական հնարավորությունների զարգացման, գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ուղղություններով: Նշելով, որ այդ աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները տարբեր են` դրամաշնորհներ, վարկային միջոցներ, պետության սեփական եկամուտներ, Ս. Սարգսյանը կարեւոր է համարել, որ նշված միջոցներն օգտագործելիս հնարավորինս հաշվի է առնվել հենց շահառուների, ՏԻՄ-երի կարծիքը:

«Այդպիսի լավագույն օրինակներից մեկը «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» ծրագրերի իրականացման աշխատանքն էր, երբ ծրագրի բոլոր բաղադրիչների մասով մենք խորհրդակցեցինք մեր բնակչության հետ եւ կարողացանք ոչ միայն սահմանել առաջնահերթ լուծում պահանջող ամենից կարեւոր խնդիրները, այլ նաեւ հասարակական աջակցություն ապահովել, ինչը նաեւ օգնեց ծրագրի ոռոգման բաղադրիչը մինչեւ վերջ իրականացնել: Դա, բնականաբար, իր մեջ նաեւ հսկողական մեխանիզմներ է պարունակում, եւ պատահական չէ, որ ԱՄՆ այդ հիմնադրամի ղեկավարության կարծիքով, ՀՀ-ում իրականացված ծրագիրը ճանաչվել է լավագույններից մեկը: Ես փոքր-ինչ համեստորեն եմ ասում, որովհետեւ վերջերս մեզ մոտ էր Հիմնադրամի ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը, ով ասաց, որ հայաստանյան ծրագիրն աշխարհում «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» իրականացրած լավագույն ծրագիրն է»,- ասել է նա: Ս. Սարգսյանի խոսքով, հանրապետական նշանակություն ունեցող ծրագրերը, որոնք հիմնականում իրականացվում են նախարարությունների միջոցով, եւս մշակվում եւ իրականացվում են` խորհրդակցելով ՏԻՄ-երի, մարզպետների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ: «Դրանից զատ, մենք նաեւ միջոցներ ենք հատկացնում, որպեսզի հենց տեղում մարզպետները եւ տեղական ինքնակառավարման մարմինները` խորհրդակցելով բնակչության հետ, իրականացնեն իրենց առաջնահերթ ծրագրերը: Եվ միայն այս տարի, գիտեք, որ այդ ծրագրերի համար բյուջեից հատկացրել ենք 20 մլրդ դրամ, որպեսզի կարողանանք լուծում տալ այն հրատապ խնդիրներին, որոնք եղել են, կան եւ տեսանելի ապագայում կլինեն մեր համայնքներում: Այդ ծրագրերի շահառուները 347 գյուղական համայնքներն են, եւ առաջին հերթին միջոցներն ուղղվում են հենց ենթակառուցվածքների բարելավմանը: Մեզ համար առաջնային են նաեւ արդյունավետ գյուղատնտեսության խնդիրները, որոնց լուծումը նպաստելու է գյուղական տարածքների զարգացմանը: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ գյուղ, բարեկեցիկ համայնք ունենալն է` նրա բնակչի համար անհրաժեշտ սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքներով: Մեր հետագա քայլերը եւս ծառայելու են այդ նպատակին: Այսօր կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգի հիմքում գործուն մեխանիզմներ են դրված, եւ հետագա աշխատանքները պետք է ուղղված լինեն դրանց արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բարձրացմանը: Վերջին տարիներին աշխատանքներ են իրականացվել ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործման առումով, տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում սեփական եկամուտների հավաքագրմանը, թեկուզ փոքր ծավալով, բայց տեղերում սեփական միջոցներով առաջնային ծրագրեր են իրականացվում: Համայնքները վերջին տարիներին հրաժարվել են պարտքեր կուտակելու, այսպես ասած, «ավանդույթից»: Հիշում եք, որ ոչ հեռավոր անցյալում, նույնիսկ` 4-5 տարի առաջ, համայնքները կուտակում էին հսկայական պարտքեր, այնուհետեւ մենք ստիպված էինք լինում արդեն 3-4 տարվա ուշացումով այդ պարտքերը մարել: Իմ խորին համոզմամբ, դրանք միջոցների փոշիացում էին, ինչը մենք կարողացանք հաղթահարել եւ ինչի համար մարզպետներին, գյուղապետերին եւ, իհարկե, Տարածքային կառավարման նախարարությանը, անձամբ` փոխվարչապետին, իմ շնորհակալությունն եմ հայտնում: Սա, իհարկե, առաջընթաց է, բայց մեր նպատակն է` ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ եւ արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել հենց տեղերում` ՏԻՄ-երի հետ համագործակցաբար»,- ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, որ պետությունը մշտապես սատար է կանգնելու ՏԻՄ-երին եւ բարձրացնելու է ՏԻՄ դերակատարությունը:

Համաժողովից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի եւ Ջերմուկի քաղաքային իշխանությունների հետ ծանոթացել է Ջերմուկի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող հյուրանոցային նոր համալիրի շինարարության ընթացքին: Հյուրանոցի շինարարությունը սկսվել է 2009թ. եւ նախատեսվում է ավարտել 2013թ.: