Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի վերջին տարածաշրջան կատարելիք այցի նպատակը հակամարտող կողմերի միջեւ փոխզիջում գտնելն է լինելու: Ըստ նրա` ԼՂ հակամարտության կողմերի միջեւ որոշակի հարցերի շուրջ արդեն պայմանավորվածություն ձեռք է բերվել, սակայն մի քանի կետեր են մնում, որոնք խոչընդոտներ են ստեղծում բանակցային գործընթացում: «Փոխզիջում գտնելու համար բանաձեւ է պետք: Համանախագահների առաջիկա այցն ուղղված է լինելու այդ բանաձեւը գտնելուն»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, թե այժմ գլխավորը «օկուպացված տարածքների» վերադարձն է: «Գլխավորն այս պահին «օկուպացված տարածքների» վերադարձն է: ԼՂ կարգավիճակի հարցը կարող է որոշվել միայն վերջին փուլում»,- ասել է նա: Նրա խոսքով` ներկայիս ստատուս-քվոն չի կարող շարունակվել. «Դա հաստատեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին Բաքու եւ Երեւան կատարած այցերի ժամանակ»: Հակամարտության գոտում խաղաղապահ զորախումբ տեղակայելու վերաբերյալ հարցին ի պատասխան` Մամեդյարովն ասել է. «Բոլորը հասկանում են, որ դա պետք է լինի: Մենք եւ հայերը չենք վստահում միմյանց: Այդ պատճառով լուրջ քննարկումներ են ընթանում հակամարտության գոտում խաղաղապահ զորախումբ տեղակայելու հարցի շուրջ: Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է. որքան շուտ խաղաղության հասնենք, այնքան լավ»: