Ժողովրդավարության դիկտատուրան

16/11/2005 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որ պաշտոնանկությունից հետո զբաղված է ընդդիմադիր քաղաքական շարժում ստեղծելով, շաբաթ օրն իր կողմնակիցների հետ բողոքի առաջին ակցիան անցկացրեց: Մի քանի հարյուր մարդ նրա առաջնորդությամբ անցան Թբիլիսիի գլխավոր փողոցներով եւ երթն ավարտեցին խորհրդարանի շենքի մոտակայքում, որտեղ նախկին նախարարը ծաղիկներ դրեց վրաց երկու մեծ բանաստեղծների՝ Իլյա Ճավճավաձեի ու Ակակի Ծերեթելիի հուշարձաններին: Այդպիսով, Սալոմե Զուրաբիշվիլին իր բողոքն արտահայտեց, իր կարծիքով, սոսկալի օրենսդրական փոփոխությունների դեմ, որոնք արդեն մշակվել են խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: «Դա ցատկ է դեպի բոլշեւիզմի ահավոր դարաշրջանը: Գալիս է նեոբոլշեւիզմը»,- կարծում է Զուրաբիշվիլին:

Մշակված փոփոխություններն իրոք վախեցնող են: Խոսքն այն մասին է, որ օրինապահ մարմինները կարող են քրեական գործ հարուցել նույնիսկ անանուն հեռախոսազանգի հիման վրա, կարող են տեղում վերացնել հանցագործին, եթե ձերբակալման պահին նա դիմադրություն ցույց տա, նրանք իրավունք են ստանում արգելելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը դատական պրոցեսներին. վերջիններս կարող են այս կամ այն դատական գործը լուսաբանել միայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո:

Առաջին ուղղումն ինքնին այնքան անհեթեթ է, որ այն քննարկելն անգամ ավելորդ է թվում:

Վրաստանն արդեն երկրորդ շաբաթն է՝ ալեկոծված է այն դեպքից հետո, երբ Ոստիկանությունը սպանել էր բնակարանային գողության մեջ մեղադրվող 19-ամյա մի պատանու: Նրա վրա պարզապես կրակել էին, երբ փորձել էր փախուստի դիմել հանցանքի վայրից: Եվրախորհրդի պահանջով Վրաստանում մահապատիժն արգելված է: Փոխարենը` Ոստիկանությունը պատրաստ է ցանկացած պահի դիմել զենքի՝ ի կատար ածելով իր իսկ սահմանած մահապատիժը: Եվ պատգամավորներն էլ պատրաստ են օրենքի ուժ տալ Ոստիկանության այդ «պատրաստ լինելուն» (ներեցեք բառախաղիս համար): Այն էլ` նախագահ Սահակաշվիլու համաձայնությամբ: Վերջերս Քութաիսի այցի ժամանակ նախագահն, իբր կատակով, ասաց, որ հանցագործները շատ չուրախանան, թե բանտ են նստելու հարմարավետ պայմաններում, չհնազանդվելու դեպքում նրանց տեղում վերացնելու են: Պարզվեց, որ դա կատակ չէր:

Երրորդ ուղղումը, որը սահմանափակում է ԶԼՄ-ների մուտքը դատական նիստերին, ուղղակի խաչ է քաշում դատական պրոցեսների բաց ու թափանցիկ լինելու վրա: Մինչեւ դատավորն ուսումնասիրի այս կամ այն դիմումը նիստը լուսաբանելու վերաբերյալ, բավականին ժամանակ կանցնի, եւ ինֆորմացիան կհնանա: Մի խոսքով, պատկերը լավատեսություն չի ներշնչում:

Ասում են, որ ուղղումների հեղինակներից մեկը ցինիկորեն հայտարարել է, թե իրավագիտությունն իրեն այնքան էլ չի հուզում, իրեն հուզում է իշխանության մեջ որքան հնարավոր է երկար մնալը, եւ ինքը դրա համար պատրաստ է ամեն ինչի: Իրավապաշտպաններն արդեն ահազանգ են հնչեցնում՝ փորձելով գրավել ինչպես հանրության, այնպես էլ արեւմտյան ինստիտուտների ուշադրությունը: Բայց, ինչպես ցույց է տալիս հետհեղափոխական Վրաստանի փորձը, մասնավորապես` խորհրդարանի, կառավարող մեծամասնության համար առանձնապես դժվարություն չի ներկայացնում այս կամ այն օրենքն ընդունելը. ընդդիմադիր փոքրամասնությունն իրոք փոքրամասնություն է եւ ուղղակի ի վիճակի չէ դեմ կանգնելու մեծամասնություն ներկայացնող գործընկերներին: