Դժվար է գտնել 2011 թվականին Հայաստանում հոկտեմբերի 12-21-ն անցկացվող համապետական մարդահամարի տրամաբանությունը: Առավել եւս, եթե, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարի` «Միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ է 2,5 միլիարդ դրամ»: Չի սփոփում անգամ այն, որ ՀՀ կառավարությունից բացի` այդ ծախսերը հոգալու են Իտալիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունները, Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի գրասենյակը: Սակայն արդեն որոշված է` մեզ հաշվելու են: Ընդ որում, հարցաթերթիկը խիստ հագեցած է բազմազան հարցերով: Պետությանը հետաքրքրում է` ի՞նչ սեռի ենք պատկանում (մեր ժամանակներում սա իրո՛ք ակտուալ հարց է եւ, ի դեպ, միակ ինտիմ հարցը` հարցաշարում), քանի՞ տարեկան ենք, ի՞նչ ազգության ենք պատկանում, քանի՞ լեզվի ենք տիրապետում, կրոնական ի՞նչ դավանանք ունենք, աշխատո՞ւմ ենք, որքա՞ն է մեր բնակելի տարածքը, ունե՞նք լոգարան, ցնցուղ, ողողվող զուգարան, համակարգիչ եւ ինտերնետ կապ, վերջին 12 ամիսներին արտասահմանից դրամական միջոցներ ստացե՞լ ենք, թե՞ ոչ… Գյուղացիները պետք է ավելի անկեղծանան եւ, ի թիվս այլ հարցերի` պատասխանեն` քանի՞ ընտանի կենդանի ունեն: Եթե ունեն խոզեր, ապա քանիսը` խոզամայրեր կամ «էգ մատղաշներ»: Ունե՞ն հավեր: Այդ դեպքում թող բարի լինեն եւ նշեն` քանի՞սն են ածան: Պետության համար գրեթե ռազմավարական նշանակություն ունի իմանալ հետեւյալ հարցերի պատասխանը` քանի ճագար եւ… ճահճակուղբ ունեն գյուղացիները: (Սա հումոր չէ):
Իսկ, առհասարակ, ավելի մեծ ժամավաճառություն, ուժերի ու միջոցների անմիտ վատնում, քան մարդահամարի անցկացումն է այսօր` դժվար է պատկերացնել: Մեզնից յուրաքանչյուրը հաշվառված է ծնվելու պահից սկսած: Ընդ որում, հաշվառվում եւ վերահաշվառվում է ողջ կյանքի ընթացքում եւ տարբեր գերատեսչությունների կողմից:
1) Չափահաս յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ստանում է անձնագիր: Անձնագիրը տրամադրվում է Անձնագրային վարչության կողմից, ուր, հասկանալի է, հիշում են` ո՞ւմ եւ ե՞րբ են հանձնել այն:
2) Յուրաքանչյուր քաղաքացի ունի գրանցում այս կամ այն հասցեում: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս են եկել գրանցումից, միեւնույն է, չեն անհետանում. նրանց մասին տեղեկությունը, միեւնույն է, արձանագրվում է:
3) Մեզնից շատերը, չամաչենք այդ փաստից, նաեւ աշխատավարձ են ստանում, որի մոտ 30%-ը համեստորեն գանձում է պետությունը` կենսաթոշակային հիմնադրամի եւ եկամտահարկի տեսքով:
4) Ամուսնության պալատ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն: Այլ կերպ ասած` ԶԱԳՍ: Այստեղով, վաղ թե ուշ, անցնում ենք բոլորս: Այս հիմնարկում ֆիքսվում է ծնունդը, որդեգրումը, հայրության ճանաչումը, ամուսնությունը, ամուսնալուծությունը եւ մահը:
5) Առողջապահության նախարարությունում` բացի այն, որ ծխելը վնաս է առողջությանը, նաեւ գիտեն` ով է հիվանդ, ինչ հիվանդությամբ, քանի հաշմանդամ կա:
6) Սոցիալական ծառայություններին հայտնի է բոլորի սոցիալական վիճակը, ավելի ստույգ` աղքատության աստիճանը:
7) Բանկերում գիտեն` ո՞վ` ի՞նչ գործարք է անում, որքա՞ն վարկ է վերցնում:
8) Նոտարական գրասենյակներում վավերացվում եւ իրավական ուժ են ստանում բոլոր տիպի գործարքները:
9) Օդանավակայանում գիտեն, թե քանի ուղեւոր է հեռանում Հայաստանից եւ քանիսն է վերադառնում:
10) Հանցագործներին դեմքով ճանաչում են ՆԳՆ-ում:
11) Ազգային անվտանգության ծառայությունում գիտեն այլախոհներին եւ նախորդ բոլոր կետերի հարցերի պատասխանները:
Սակայն եթե պետությունը կարող է կասկածել անգամ ԱԱԾ-ի տեղեկատվությանը, կա ավելի բարձր եւ 100-տոկոսանոց ճշմարտության հավակնող այլ աղբյուր եւս` կոալիցիոն կուսակցությունների եւ օլիգարխների նախընտրական շտաբների աշխատակիցները: Այնտեղ ցուցակները կազմված են ոսկերչական ճշգրտությամբ: Քնից արթնացրու օլիգարխների եւ պատգամավորների շտաբի աշխատակցին, եւ նա յուրաքանչյուր ընտրողի մասին կպատասխանի ոչ թե 33, այլ 133 հարցի: Գաղտնի է միայն, թե որքան ընտրակաշառք են տվել:
Ողողվող զուգարանի կամ ցնցուղի մասին գուցեեւ հաշվառվողները պատմելու դժվարություն չունենան, սակայն պետությունն իրո՞ք կարծում է, թե հաշվառվողներն անմիջապես պատմելու են ծրարով ստացած փողերի, վարձով տրվող բնակարանների եւ եկամտի այլ աղբյուրների մասին:
Եվ հետո, դժվար թե շատերը պարտավորված զգան իրենց ժամանակն անցկացնել հաշվարարի հետ: Բավական է փաստը, որ վերջինս ներկայացնում է պետությունը: Սա նշանակում է` անվստահություն անցկացվող ողջ միջոցառման արդարության եւ արդյունքների հանդեպ: Շատերն անգամ դուռը բաց չեն անի` վախենալով, թե հաշվարարի անվան տակ տուն կմտնեն գողերը կամ աղանդավորները: Ի դեպ, հարցաթերթիկում առաջին անգամ զետեղված է հարց` կրոնական ո՞ր դավանանքին ենք պատկանում: Ինչ-որ մեկը կարծում է` մարդիկ անկեղծորեն կխոստովանե՞ն` ես մորմոն եմ, Եհովայի վկա եմ կամ այլ աղանդի ներկայացուցիչ:
Եվս մի դիտարկում` նա, ով թաքցնելու բան ունի, երբեք զրույցի չի բռնվի հաշվառողի հետ: Կամ պատասխաններին խիստ ստեղծագործաբար կմոտենա: Հետեւաբար` խոսել մարդահամարի իրական պատկերի մասին, լուրջ չէ:
Ընդհանրացնել վերոնշյալ գերատեսչությունների ունեցած տեղեկությունները հնարավոր է մեկ օրվա ընթացքում եւ առանց գումար ծախսելու:
Գուցե կարելի է մխիթարվել այն փաստով, որ, ի վերջո, այս ողջ գործընթացում ներգրավված կլինի մոտ 15.634 մարդ` ցուցակագրողների, մարդահամարի տեղամասի վարիչի, մարդահամարի տեղամասի վարիչի օգնականի եւ այլ հաստիքներով: Նրանք աշխատավարձ կստանան: Սակայն համապետական այս ֆիկցիան արժե՞ դրան: Առավել եւս` մարդահամարից ստացած թվերն ու տվյալները, խոշոր հաշվով, ոչնչի չեն ծառայելու: Մարդիկ պետությանը պետք են միայն ընտրությունների ժամանակ: Ընդ որում` ցանկացած վիճակով` ողջ թե մեռած: