Ովքե՞ր են պատասխան տալու

11/10/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ, ժամը 10:28-ին Տավուշի մարզում հոկտեմբերի 2-ին ժամը 19:03-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից վերջապես դուրս բերեցին անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սեւ մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել էր 2 դի: Ավտոմեքենայում գտնվել էին 1973 թ. ծնված Արմեն եւ 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը: Երեկ մենք այցելեցինք Սորսումատյանների տուն:

Տան բակում թաքնված խնձորենին, կարծես, լուռ հետեւում էր բակի անցուդարձին: Կանաչ խնձորներին այլեւս ուշադրություն դարձնող չկար: Դեպի տուն տանող նեղլիկ ճանապարհից լսելի էին Մեխակ եւ Արմեն Սորսումատյանների հարազատների խուլ, երբեմն` ուժգին պոռթկումներով ձայները: «Դեպքից րոպեներ առաջ Արմենը զանգել էր Նառային` կնոջը: Ասել էր, որ ճանապարհին մեծ պրոպկա ա, իրենք մի քիչ ուշ տեղ կհասնեն, էն էլ ոչ թե ուշացան, այլ` չեկան…,- աչքերից հորդացող արցունքները մաքրելով` պատմում էր Սորսումատյանների մորաքրոջ աղջիկը` տիկին Դուխիկը` ավելացնելով,- Էդ զանգից 10 րոպե անց Նառան նորից զանգեց Արմենին, որ ասի` չսպասեն, այլ հետ գան երկար ճանապարհով, էն էլ Արմենի հեռախոսն արդեն անհասանելի էր»:

Մեր այցելության ընթացքում տիկին Դուխիկն ինձ ուղեկցեց այն սենյակը, որտեղ գտնվում էր Մեխակ Սորսումատյանի կինը` տիկին Մանուշակը: Կինը թաշկինակով փակել էր բերանը` աչքերը հառելով անորոշ կետի: Աղջիկը հենվել էր մորն ու հուսահատ, ցաքուցրիվ նայում էր շուրջը: Երեխաները դեռ չեն կարողանում հաշտվել հոր կորստի հետ, ով իր զվարթ բնավորությամբ միշտ ոգեւորում էր նրանց: «Հոկտեմբերի 1-ին Մեխակն ու Արմենն իրենց հորը եւ Արմենի տղային տարել էին Ալավերդի: Հորաքույրն էնտեղ էր ապրում, հայրն էլ գնացել էր, որ թզից, հոնից բերի, որ ձմեռվա համար կոմպոտ-մուրաբա սարքեն էրեխեքի համար: Որ հասան Ալավերդի, որոշեցին Վրաստան գնան` էնտեղ շատ հարազատներ ունեն: Դե, մտածում էին` հայրը կմնա մի օր, իրենք էլ հետ դառնալուց կվերցնեն հորը»,- պատմեցին եղբայրների հարազատները: Մարդկային կյանքի անկանխատեսելի վերջաբանի ողբերգությունն ավելի էր ծանրացնում սենյակ-խցիկում առաջացած հեղձուցիչ օդը: Սենյակը, որտեղ հավաքվել էին հարազատները, Մեխակ Սորսումատյանի 7 երեխաների ննջարանն էր:

 

Այն աննկարագրելի փոքր էր` առանց պատուհանների, երկու երկհարկանի մահճակալներով. մեկը` փայտյա աստիճանով, մյուսը` մետաղյա, անկյունում իրար գլխի դարսված կտորե տոպրակները, հնությունից թոշնած լուսամփոփը: Տիկին Դուխիկը, նկատելով իմ զննող հայացքը, անմիջապես ավելացրեց. «Տեսնո՞ւմ ես էս սենյակը: 7 էրեխեքն ապրում են առանց լույսի սենյակում, բայց երբեք չէին դժգոհում: 15 տարեկան աղջիկը քնում է էս փայտյա ձողերով մահճակալում: Հեն ա` դիմացն էլ 17 տարեկան տղան ա քնում` Արմանը, որ անցած տարի սրտի վիրահատություն էր տարել: Էրեխեքը մեծացել են, ու մահճակալների ներքեւի փայտերը հանել-տախտակ են դրել, որ կարողանանք ոտքերը տեղավորել: Գիտեք, անգամ էս պայմաններում ապրելով` էս էրեխեքն էնքան քաղաքավարի են, դաստիարակված: Իսկ դա Մեխակի դաստիարակության արդյունքն էր: Էրեխքին միշտ դուխ էր տալիս»: Իրավիճակի ծանրությունից ու հուզմունքից կուչ էի եկել` լարված լսելով կնոջ բառերը: «7 երեխա ա ապրում էս պուճուր, անպատուհան սենյակում: Էրեխեքից մեկը շուտ-շուտ ստիպված է լինում քնել բարեկամների տներում: Տեղ չկա, ի՞նչ անի,- սենյակի անկյունները մատնացույց անելով` խոսում էր տիկին Դուխիկը,- Երբ որբատներ էին ցույց տալիս, լաց էի լինում, հիմա իմ ախպերների ընտանիքները մնացել են որբ` 10 երեխա մնացել է առանց հայր»: Իրականում մեծ վշտին խառնվել էին մեծ հոգսերը, հուսահատությունն ու անորոշությունը, դատարկությունը:

Հոգսերի ու վշտի միջեւ

Սորսումատյան եղբայրները զբաղվում էին մեքենաների վերանորոգման աշխատանքներով: Հարեւանների պատմելով` երբեւէ չէին լսել նրանց բարձր ձայնը, խաթրով շատ էին աշխատում: Մեքենան, որով այլեւս չվերադարձան` պարտքով էին գնել: Սորսումատյանները երեք եղբայրներ են, ովքեր տարիներ շարունակ ապրել են մեկ տան մեջ: Դեպքից օրեր առաջ նոր տուն էր տեղափոխվել երրորդ եղբայրը` Ավետիքը։ «Բոլորով մի տեղ էին ապրում. Մեխակն` իր 7 երեխաներով, Արմենն` իր 3 երեխաներով, Ավետիքն էլ` իր 3 երեխաներով»,- նկատեցին բակի նստարանին նստած հարազատները, ովքեր հերթով հիշում էին եղբայրների հետ կապված յուրաքանչյուր դրվագը: «Դեպքից հետո մեր Կառավարությունից գոնե մի աշխատող չեկավ տեսնի, թե էս ընտանիքը ո՞նց ա ապրում: Ոչ մեկին պետք չէր, որ գա: Էսքան ժամանակ մենակ «Ժառանգություն» կուսակցությունից Անահիտ Բաշխյանն ու Ստեփան Սաֆարյանն են եկել: Անահիտ Բախշյանը մեզ էնքա՜ն օգնեց»,- ասացին հարազատները: «Երբեք երեխաների ձայնը չէինք լսում, այնքան խելացի էին: Մի կարտոշկան էլ կիսում էին 7 տեղ: Ու գիտեք` էս ընտանիքը երբեւէ օգնություն չի ստացել: Անգամ նպաստ չեն ստացել, այն դեպքում, երբ ընտանիքի երեխաներից 5-ը անչափահաս են»,- նշեց բարեկամներից մեկը` ավելացնելով, թե նպաստ չէին ստանում, քանի որ պապի թոշակը պետությունը ավելացրել էր 1000 դրամով: Ի դեպ, Սորսումատյան երկու եղբայրների 73-ամյա հայրը որդիների կորստից այլեւս կորցրել է գիտակցությունը: «Ինքն իրեն խոսում է, ասում է` ինձ տարեք Ալավերդի, որ Արմենը գա հետ բերի: Ինչի՞ Արմենը չեկավ»,- երեկ պատմում էին տան բակում հավաքվածները: Նրանցից յուրաքանչյուրը, ասես, լուռ մտորում էր երեխաների անորոշ ճակատագրի մասին: Իսկ երեխաները, յուրաքանչյուրը մի անկյունում ծպտված` վշտից ու ցավից գալարվում էին: Բոլոր երեխաները տանն էին, բացի Մեխակ Սորսումատյանի կրտսեր որդի` 6-ամյա Դավթից: «Հաց չի ուտում Դավիթը, ասում ա` բա պապաս ո՞նց ա էդքան օր առանց հացի` հողի տակ մնացել: Երեխան հարցնում ա մեզ, թե ե՞րբ են պապային հանելու հողի տակից: Սպասում ա»,- պատմում էին հարազատները, ովքեր մինչեւ մեր զրույցի վերջին պահն էլ մտածմունքների մեջ էին, թե ինչպե՞ս են այդ փոքրիկ տան մեջ տեղավորելու եղբայրների դագաղները: «Տանն անգամ երկու դագաղ դնելու տեղ չկա: Ծայրահեղ վիճակում են ապրում… Գիտեք, բայց ես վստահ եմ, որ մեր երկրի նախագահը անտարբեր չի մնա այս 10 որբերի ճակատագրով»,- տան բակում ավելացրեց տիկին Դուխիկը` խնդրելով, որ գոնե այս պահին մարդիկ բարեգութ լինեն այս ընտանիքի նկատմամբ: «Դագաղների համար գարաժում մի տեղ էինք դասավորել, մտածում էինք, որ երկուսն իրար կողքի դնենք, բայց բժիշկները թույլ չտվեցին, ասացին, որ դագաղները տուն չեն բերելու: Նրանց կբերեն բակ… 10 րոպե… Սա կլինի նրանց հետ վերջին հանդիպումը»,- արցունքները մաքրելով` ասաց տիկին Դուխիկը, ում հրաժեշտ տալուց հետո ինքս էլ աննկատ մաքրեցի կուտակված արցունքներս` մեծ պատասխանատվություն զգալով այս ընտանիքի ապագայի համար: 6-ամյա Դավթի, որը շարունակում է երազել ընդամենը պատուհաններով տան մասին:

Կառավարության անտարբերությունը

«Շաբաթ օրն այցելեցի Սորսումատյան եղբայրների տուն, որտեղ 10 երեխաները, կանայք ու բոլոր հարազատները անորոշության ու շվարումի մեջ էին` չգիտեին իրենց անելիքն ու ասելիքը: Աննկարագրելի վիճակ էր, չգտա մխիթարանի ու սփոփանքի խոսքեր: Փոխարենը խոր ամոթ զգացի ՀՀ Կառավարության, Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատկան մարմինների` որպես պետության ներկայացուցիչների մարդկային տարրական վերաբերմունքի բացակայության պատճառով»,- երեկ տարածած հաղորդագրության մեջ ասել էր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով շաբաթ օրն այցելել էր Սորսումատյանների տուն: «Հերթական անգամ մեր քաղաքացիների նկատմամբ դրսեւորվել է պետական անտարբերություն: Ճանապարհի սխալ շինարարության, բնական աղետի հետեւանքով երկու եղբայր, երկու ընտանիքի սյուներ զոհվեցին: Անտարբերություն` պետական կառույցներից, հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններից` թաղապետարանից եւ այլ կառույցներից, որտեղ ունենք սոցիալական ապահովության աշխատողներ, ովքեր պարտավոր էին գնալ-տեսնել այդ ընտանիքների պայմանները, մարդկային վերաբերմունքի, կարեկցելու հարց է բարձրացվում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց տիկին Բախշյանը: «Հատկապես շատ ծանր է մեծ եղբոր տան պայմանները: Դագաղը դնելու տեղ չի լինելու: Սա պետության կողմից մեր քաղաքացիների նկատմամբ անթույլատրելի անտարբերության հերթական օրինակն է»,- նշեց Ա. Բախշյանը, ով ՀՀ Առողջապահության նախարարությանը դիմելով` կազմակերպեց Նոյեմբերյանից երկու եղբայրների դիակների տեղափոխումը, ինչպես նաեւ` բուժքրոջ ներկայություն ապահովեց Սորսումատյանների տանը: «Պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել այդ ընտանիքներին օգնելու համար»,- հավելեց «Ժառանգության» պատգամավորը:

Ովքե՞ր են պատասխանատուները

Սողանքի գոտու եռօրյա երկրաբանական ուսումնասիրությունն ավարտվել է, սակայն պաշտոնական եզրակացությունը դեռ պատրաստ չէ: Երեկվա տվյալներով` անհետ կորածների ցուցակում են Նորիկ Միրզոյանը (1939թ. ծնված. Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949թ. ծնված, Վրաստանի քաղաքացի): Չնայած դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, եւ պատկան մարմիններն օրուգիշեր պաշտոնական լրահոսը ողողում են ինֆորմացիայով, թե ինչպիսի տեխնիկա են աշխատեցնում, որքան մարդ է ընդգրկված որոնողական աշխատանքներում, սակայն փաստը մնում է փաստ, որ դեպքից արդեն անցել է 9 օր, սակայն դեռեւս շարունակվում են որոնողական աշխատանքներն անհետ կորածների ուղղությամբ: Այդքան օրերի ընթացքում, բնականաբար, ով էլ դեպքից ժամեր, նույնիսկ 1-2 օր անց ողջ մնացած լիներ` այս ընթացքում հաստատ կենդանի չէր մնա: Ի դեպ, պատմում են, որ դեպքից ժամեր անց հողի տակ մնացածներից ոմանք բջջային հեռախոսներով նույնիսկ զանգահարել են իրենց մտերիմներին` հուշելով իրենց գտնվելու վայրի մասին: Նաեւ խոսակցություններ կան, որ անհետ կորածներն ավելի շատ են, քան ներկայացվում է պաշտոնական լրահոսում: Ի վերջո, ո՞վ է պատասխան տալու այս զոհերի, կատարվածի համար: Արդեն 9 օր է` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) «պայքարում է» սողանքի հետեւանքների դեմ: Փաստորեն Հայաստանը, մասնավորապես` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) ի վիճակի չէ նման դեպքերի ժամանակ արդյունավետ եւ օպերատիվ աշխատել: Արդյոք այս ամենի համար չպե՞տք է առաջին հերթին պատասխանատվություն կրի ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարությունը, ով պարտավոր էր իմանալ վտանգավոր ավտոճանապարհների երկրաբանական վիճակի, հնարավոր վտանգների մասին, կանխարգելիչ գործողություններ նախաձեռներ, զգուշացներ բնակչությանը: Եվ սա` այն դեպքում, երբ հարեւան գյուղերի բնակիչները բազմիցս ահազանգել են այդ ճանապարհի վտանգների մասին, սակայն պետական ատյաններից որեւէ արձագանք չի եղել խնդրին:

Ի դեպ, մեր թերթին տված հարցազրույցում երկրաբան, սողանքագետ Ռուբեն Յադոյանն անդրադառնալով այս աղետալի դեպքին, ասել էր. «Այդ վայրը սողանքային գոտի համարելն անգրագիտության հետեւանք է: Այդ տեղանքը հատկապես ինձ եւ իմ մասնագիտական շրջանակին բավականաչափ ծանոթ է: Նշյալ վայրում սողանքը շատ փոքր է, եւ հիմնականում նշյալ գոտին թափվածքային է: Այսինքն` հողը ոչ թե սողում է, այլ թափվում է: Հիմա պետք է պարզել, թե ինչո՞ւ տեղի ունեցավ նման խոշոր փլուզում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում, որո՞նք էին դրա դրդապատճառները: Այդ հատվածում կատարվել էր ճանապարհաշինություն, ինչպես նաեւ` այդ հատվածի վերեւի մասում ջրատար խողովակներ էին անցկացրել, ինչի արդյունքում առաջացել էին ճաքեր: Սակայն, այդքանով հանդերձ, չեն հետեւել այդ ճաքերին, որոնք, այսպես ասած` փլուզումների պատրաստ էին: Ստեղծված իրավիճակին հավելենք այն, որ դեպքի օրը շրջված բեռնատար մեքենան հանելու համար ծանր վերամբարձ կռունկներ էին կանգնեցրել ճանապարհի մեջտեղում, ընդ որում` այդ ճանապարհը բավական բանուկ է, եւ ցնցումներն էլ կրում են մշտական բնույթ: Ինչեւէ, եթե ճաքերն արդեն առաջացել էին, ուրեմն` պետք է հետեւողական լինեին` ձեռնարկելով համապատասխան միջոցներ: Այլ կերպ ասած` պետք էր փլուզման դեմն առնեին»: Ըստ պաշտոնական վարկածի` աղետին նախորդել էր ավելի փոքր մասշտաբի քարազանգվածի փլուզումը, ինչը համարում էին նախանշան տվյալ աղետի մասին: Ավելին, Վանաձոր-Բագրատաշեն հատվածում կատարվածը պայմանավորեցին` որպես ցնցումների, երկրաշարժի հետեւանք: Ռուբեն Յադոյանն այս կապակցությամբ նշել էր. «Հիմա նման ցանկացած կարծիք կարող են հայտնել` մարդկանց կողմնորոշումը փոխելու, այսպես ասած` իրականությունից հեռացնելու համար: Դեպքի նախորդ օրը պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ որեւէ վտանգ չկա, եւ կարող են շահագործել ճանապարհը: Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ հիմքերով էր արել նման հայտարարություն: …Կանխարգելման միջոցներ կան, միայն թե պետք է լուրջ մոտենալ գործին: Պետք է խելամիտ լինել` գումար տվողն իմանա, թե ի՞նչ նպատակների համար է տալիս, իսկ ծախսողներն էլ մի քիչ ազնիվ գտնվեն եւ կատարեն այն, ինչ պետք է, այլ ոչ թե սպասեն սողանքին եւ փողը ծախսեն դրա հետեւանքների վերացման համար: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է սողանքների հարցը տրված Քաղաքաշինության նախարարությանը, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ դարձել է փրկարար եւ հրշեջ: Ղեկավարները պետք է մտածեն ոչ թե այսօրվա, այլ վաղվա օրվա կանխագուշակմամբ: Այ սա չգիտեն մեզ մոտ…»: Մասնագետը հարցեր է բարձրացնում, որոնց շնորհիվ ուրվագծվում է դեպքի պատասխանատուների ցանկը: