Ընդդեմ արվեստի սպեկուլյանտների

11/10/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 12-ին «Ժամանակակից արվեստի թանգարանում» տեղի կունենա աբստրակցիոնիստներ` Գարիկ Կարապետյանի, Խաչատուր Մարտիրոսյանի եւ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսը:

«Ճշմարիտ արվեստը Պլատոնի քարանձավում» խորագիրը կրող այս ցուցադրությունը կարող է շրջադարձային լինել, քանի որ այս երեք աբստրակցիոնիստները փորձում են բացահայտել ճշմարիտ արվեստը եւ արվեստում տեղ գտած խարդախությունները: Խարդախությամբ արվեստ «սարքելը» նրանք յուրօրինակ կոռուպցիա են համարում: Օրինակ, եթե նկարիչը խորամանկելով կտավի վրա ավելացնում է թեկուզ աննկատ մի շտրիխ, որը գլամուրային կամ մասսայական է, ուրեմն` խաբեությամբ տիրանում է մարդկանց փողերին, հաճոյանում է, շեղվում է ճշմարիտ ճանապարհից եւ դառնում կոռուպցիոներ կամ աղանդավոր (շեղված): Նրանց կարծիքով` ժամանակակից արվեստն այսօր թաղված է կոռուպցիայի մեջ, քանի որ ստեղծագործությունները հիմնականում հարմարեցվում են հասարակական ճաշակին եւ կոնկրետ մարդկանց համար են ստեղծվում: Այս ցուցադրությունն, ըստ հեղինակների` լինելու է կոռուպցիոն նկարչության հակակշիռը, այսինքն` խաբեության այլընտրանքը` ճշմարտությունը: Նրանք դա կոչում են «ուրիշ»` մաքուր արվեստ, որը միտված չէ պայքարելու, այլ իր «ծնունդով» լույս է սփռելու եւ բացահայտելու է կեղծիքը: Ցուցահանդեսի կոմիսար, արվեստաբան Վարդան Ջալոյանի կարծիքով, օրինակ, Տիգրան Մեծին կամ Գարեգին Նժդեհին նվիրված ցուցահանդեսները կոռուպցիայի տիպիկ օրինակներ են: Գոյություն ունի նաեւ կոռուպցիայի մեկ այլ տեսակ` մասս-կուլտուրան: Ըստ Վ. Ջալոյանի` մասս-կուլտուրայի մեջ ունեցած հաջողությունն ազդում է նկարչի վրա: «Ասում է` մի քիչ գլամուր անեմ, կամ մի երկու դետալ է ավելացնում: Մասս-կուլտուրայի ազդեցությունը բարձր արվեստի վրա անգիտակցական է, բայց խնդիրը նրանում է, որ ամբողջ արվեստն այսօր այս կամ այն ձեւով կոռումպացված է: Այն, ինչ կատարվում է այսօր արվեստի դաշտում` ես կանվանեի բարբարոսություն: Նկարիչն իր փոքրիկ գործողությամբ կարող է հոգեբանական ճնշում գործադրել, ինչը նույնպես կոռուպցիա է: Այսինքն` ստեղծագործելիս ինքը գնում է զիջումների, բայց արվեստում չպիտի լինի կոմպրոմիս հասկացությունը, հակառակ դեպքում` արվեստը փտելու է: Մաքուր արվեստը 100 տարի հետո ավելի թարմ պետք է լինի, քան ստեղծվելու ժամանակ»,- ասում է Վ. Ջալոյանը` մատնանշելով ամերիկյան հայտնի քննադատ Դոնալդ Քասպիտին, ով ասում է` «Արվեստի նշանակությունն այսօր կայանում է նրանում, որ այն փող է սարքում: Հասկանալի չէ, արդյո՞ք փողը ստեղծում է արվեստ: Կարելի է ճշգրիտ ասել, որ այն հովանավորում է արվեստը: Ես նույնիսկ պատրաստ եմ պաշտպանել այն տեսակետը, որ փողը միայն ձգտում է լրացնել էքզիստենցիալ իմաստի դատարկությունը, որը ստեղծել է արվեստը` կորցնելով իր հոգեւոր կոչումը»: Հետաքրքիր է, որ Քասպիտն արվեստի սպեկուլյանտներին համեմատում է ամեն կանաչ բան ամայացնող մորեխների հետ: Այդուհանդերձ, Վ. Ջալոյանը համարում է, որ ժամանակակից արվեստը միակ ձեւն է հասարակությանը բարբարոսությունից պաշտպանելու համար, սակայն մեր օրերում այնպես է ստացվել, որ հասարակությանը ժամանակակից արվեստի «սկուտեղով» բարբարոսություն է մատուցվում:

Պետության զարկերակը խաթարված է

«Ճշմարիտ արվեստը Պլատոնի քարանձավում» խորագրով սկզբունքային եւ անհաշտ արվեստ ներկայացնող ցուցահանդեսի հեղինակները կարծում են, որ այս ճանապարհով կեղծիքի քողը նետելու են` հանրությանը ներկայացնելով չծառայող, չստրկացող արվեստը: Այլ կերպ ասած` ոչ թե բարբարոսությանը ճնշելու միտում կա, այլ` մարդուն բարբարոսությունից ազատագրելու: Նկարիչ Գարիկ Կարապետյանի համոզմամբ` ճշմարիտ արվեստը կոռումպացվածից տարբերելու չափանիշը շատ պարզ է: «Ճշմարիտ է այն արվեստը, որը ներկայացված է ինքն իրենով: Չկա մի ատրիբուտ, որն իրենը չէ: Օրինակ` բնության մեջ ինչպե՞ս է… կենդանիներն ունեն իրենց անունները, ու ոչ ոք չի հարցնում` ինչո՞ւ. մենք ընդունում ենք այնպես, ինչպես կա: Բայց քանի որ արվեստը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է մանիպուլյացիաների` անհրաժեշտություն կա արվեստը նորից վերասեղծելու: Որովհետեւ արվեստի ֆունկցիան հենց նա է, որ ինքը կարողանա ներկայացնել իրեն: Այն պահից սկսած, երբ արվեստը ներկայացնում է ինքն իրեն` մարդը սկսում է ընկալել, որովհետեւ մարդու զգացողության համար ինքը ճանաչելի է: Օրնակ` ցուցահանդեսում մենք կոնկրետ ինքն իրեն ներկայացնելու փաստն ենք արձանագրում եւ այդ իրականության մեջ հայտնված մարդը ճանաչում է` իսկակա՞ն է, թե՞ կեղծիք»,- պարզաբանում է Գ. Կարապետյանը` վստահեցնելով, որ իրենք ցուցահանդեսով ստեղծել են մի փակ տարածություն, որտեղ մարդուն կարող է թվալ, թե այն կապ չունի իրականության հետ, մինչդեռ ճիշտ հակառակը` շատ խորը կապ ունի: Ըստ նրա` արվեստը մարդու հետ փոխհարաբերությունների տարբեր շերտեր ունի, եւ մարդուն խորքային ընկալումների դրդելու համար պետք է ստեղծել իրական, առարկայական այն դաշտը, որտեղ նա մենակ կլինի արվեստի հետ: «Մարդը կարիք ունի որոշ միջամտությունների. արվեստն ինչ-որ առումով այդ միջամտությունն է: Ինչքան մաքուր` այնքան արդյունավետ»,- ասում է Գ. Կարապետյանը` հավելելով, որ արվեստը պետության սրտի դերն է կատարում: Հետեւաբար, եթե ժամանակակից արվեստի հանդեպ կա անտարբերություն, ուրեմն` ունենք զարկերակային խաթարում եւ իրականության զգացողությունը կորցնելու վտանգ: «Միակ ռոմանտիկ դաշտը` հենց արվեստի տարածությունն է, որտեղ կարելի է զարկերակային ստաբիլություն, խաղաղություն գտնել»: Ըստ նրա` մասս-մեդիան եւ քաղաքականությունն ամեն ինչ անում են մարդուն զբաղեցնելու համար, որպեսզի մարդը մոռանա, թե ինքն ով է. «Քեզ թվում է, թե քո համար կոմֆորտ է ստեղծվել, եւ դու հոգս չունես: Դա բերում է մի ուրիշ դժբախտության, մարդն ինքն իրեն մոռանում է: Արվեստի ուժն էլ հենց այն է, որ մարդուն վերադարձնում է իրեն»: Ցուցահանդեսը, Գ. Կարապետյանի համոզմամբ` այն այլընտրանքն է, որտեղ մարդը հնարավորություն կունենա կեղծիքին կամ ճշմարտությանն ապավինելու ընտրություն կատարել:

Վաստակավորի կոչումը թակարդ է

Նկարիչ Խաչատուր Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հայաստանում արվեստագետի իրավունքների տարածությունը խախտված է: Կոռումպացված արվեստը, խանգարող արվեստագետները փակել են իրական արվեստի դաշտը. «Կա նկարիչների մի խումբ, որը իրավունքների փակուղի է ստեղծել: Մեր քաղաքը դարձել է արհեստավորների քաղաք, ոչ թե` արվեստագետների: Հայաստանում ստեղծված կոռումպացված արվեստի դաշտում մենք փորձել ենք մեր էքսպոզիցիան կառուցել իրենց մերժելու գաղափարի վրա: Մեր օրերում իրականացվում են հիմնականում որոշակի կանոնակարգված, տրադիցիոն ցուցահանդեսներ, որոնք կաղապարներ են ստեղծել եւ շատ նման են սովետական ժամանակաշրջանին. 70 տարի նույն ֆորմայի մեջ են: Մենք փորձել ենք ժխտել էդ կաղապարները, բայց ոչ թե` միտումնավոր ենք ինչ-որ բան արել, այլ` մեր գործերի ցուցադրությունն արդեն ընդունված այդ չափանիշները ժխտելու մոտեցում է»: Քանդակագործ Աշոտ Հարությունյանը չի կիսում այն կարծիքը, որ կոռուպցիան միայն կաշառք վերցնելն է, քանի որ` «Կոռումպացված նշանակում է` հասկանալ, թե ինչքանով դու քեզ թույլ կտաս վատ, արատավոր բաների մեջ մխրճվել: Խարդախելու իմաստն է: Եթե սկզբունքների մեջ անզիջում ես, ուրեմն` ազատ ես ու փրկվելու ճանապարհին: Եթե արվեստագետը գնում է զիջումների ինչ-ինչ շահերից ելնելով, ուրեմն` թաղվում է`կոռուպցիա կոչվող արատի մեջ»: Այդուհանդերձ, Ա. Հարությունյանը կարծում է` ցուցահանդեսին ներկա յուրաքանչյուր այցելու ի զորու է ընկալել` արդյո՞ք հեղինակն անզիջում է, թե՞ փորձել է մտքերը հարմարեցնել այս կամ այն շահին: «Էն գույնը կամ հարվածը, որը կատվային փափկությամբ տանում է գլամուրի կամ շոյելու` անպայման դաջվում է ստեղծագործության վրա, եւ անգամ շարքային մարդը, որն արվեստից շատ չի հասկանում` պարտադիր կեղծիքը նկատում է: Ի դեպ, դա էլ բնավորություն է: Մարդը մեկ-երկու անգամ նման բան անում է ու արդեն սողոսկում է ուրիշ դաշտ, որտեղ գալիս են վաստակավոր կոչումների սպասելիքները»,- ասում է Ա. Հարությունյանը` վստահեցնելով, որ վաստակավոր նկարչի կոչումն ինքնին թակարդ է, որը մարդուն տեւականորեն պահում է երանության մեջ, բայց, միեւնույն ժամանակ, հեռացնում է արվեստից: Ի դեպ, հետաքրքիր է, որ հեղինակները թեեւ համարում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վաստակավորի կոչումներ տալու մեջ շռայլ է, այդուհանդերձ, այդ բարեհոգությունը հենց հոգեբանական ճնշում է: Ըստ նրանց` անհրաժեշտ է ոչ թե բարի, այլ` արդար պետական վերաբերմունք: Այս պարագայում նաեւ խախտվում է չզիջելու սահմանը, եւ վաստակավոր նկարիչը դառնում է ընդամենը կատարող: