Տոնկի նամյոկ

08/10/2011

Հոկտեմբերի 7-ին, Երեւանում, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պարգեւատրել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւով` «Պատվո լեգեոնի Մեծ Խաչով»: Ընդ որում, Սարկոզին հարավկովկասյան այցի շրջանակում ամենակարճ կանգառը կատարել է Ադրբեջանում` ընդամենը 2,5 ժամ, որն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ադրբեջանի պատմության մեջ ամենակարճատեւ նախագահական այցն էր: «Սարկոզիի այցը տեւեց մոտ 2,5 ժամ, որի ընթացքում նա հասցրեց դեմ առ դեմ հանդիպում ունենալ Ալիեւի հետ, «Պատվո լեգեոնի» շքանշան շնորհել Մեհրիբան Ալիեւային, մի կտոր հաց ուտել եւ մասնակցել ֆրանսիական դպրոցի հիմնարկեքի արարողությանը»,- գրել է ադրբեջանական կայքերից մեկը: Ակնհայտ է, որ Սարկոզիի` Հայաստան կատարած այցն` ընդհանրապես, եւ Սերժ Սարգսյանին շնորհված պարգեւը` մասնավորապես, դառնալու է առաջիկա ներքաղաքական քննարկումների հիմնական հարցերից մեկը: Ֆրանսիան ուղղակի կամ անուղղակի մշտապես մեծ դերակատարում է ունեցել տարածաշրջանի երկրներում նախագահական ընտրությունների վրա, ինչն ավելի պարզորոշ արտահայտվել է Հայաստանում` այս կամ այն թեկնածուի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքով: Հայաստանում այդպես է եղել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի դեպքում, որոնք, ընդունված կարծիքի համաձայն, նախագահական ընտրություններից առաջ «կնքվում» էին Ֆրանսիայի կողմից: Ի դեպ, որոշակի շրջանակներում կարծիք կա, որ Ալիեւի կնոջն այդ շքանշանով պարգեւատրելը եւս ուղերձ է առ այն, որ հաջորդ նախագահական ընտրություններում Արեւմուտքի համար կարող է նախընտրելի դառնալ Ալիեւներից ավելի գեղեցիկը: