Յո՞ տանեք Հայաստան

16/11/2005 Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՀ վերջին տարիների զարգացման մասին համանման գործիչներին լսելիս մեր մարդիկ հաճախ են իրենք իրենց հարցնում. հայի այս տեսակը կո՞ւյր է, թե՞ ամեն ինչից իրոք անտեղյակ: Ասենք, հայաստանյան հանրության մեկ երրորդը կազմող գյուղացիությունն անգամ 2003թ. պաշտոնական վիճակագրությամբ ավելի աղքատ էր, քան 1996-ին, իսկ իրենք հայ գյուղացու կյանքում տեղի ունեցող դրական տեղաշարժերից են խոսում: Գեթ մեկ գյուղի օրինակ բերեք, որի 300 թե 1000 բնակիչների գոնե 10 տոկոսի կյանքում անցած 3 տարիներին ինչ-որ բարելավում է արձանագրվել: Չեք գտնի, քանզի նման զարգացումներ հայ գյուղացու առօրյայում պարզապես չկան: Փոխարենը` նրա կյանքի անբաժանելի ուղեկիցներ են դարձել կիսաքաղց ու տխուր օրերը, զավակներին անորոշ ու հեռու երկրներ ճանապարհելը, տնային վտանգավոր հատուկենտ ծննդաբերություններն ու աճող ինքնասպանությունները, երեխաների մանկապարտեզներ ու դպրոցներ չհաճախելը, հիվանդությունների ու բռնությունների աճը: Վերջերս նախարարը նեղսրտեց, թե չարժե գույներն այդքան խտացնել, չասելով, թե ինչքան է կարելի:

Այսօր հայ գյուղացին ողորմելի վիճակում է առավել, քան մեր պատմության որեւէ շրջանում, քանզի քաղաքացին լինելով անկախություն հռչակած պետության, ումից պատահի կախյալ վիճակում է հայտնվել: Ինչ-որ օգնության, մուրացիկին անգամ անվայել նվիրատվության, ցանածը ջրելու համար իր գետի ջուրը ստանալու, բազում այլ այսօրինակ խնդիրներ լուծելու ընթացքում նա պարտադրված է խնդրողի դերում հանդես գալ ու գլուխ խոնարհել գյուղապետից սկսած` մեկ տասնյակ փոքր ու միջին պաշտոնյաների առջեւ: Եվ այս ամենը` շարքային հարկատուների հաշվին պահվող ուռճացած կառույց ՀՀ Գյուղնախարարության լռելյայն համաձայնության արդյունքում: Ոմանք թերեւս չեն սխալվում, երբ այդ մարմինը կոչում են ՀՀ գյուղացիության աղքատացման նախարարություն: Իրավիճակը ներկայացնենք փաստերով:

2002թ. ՀՀ Գյուղնախարարության 2 բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր նաեւ ՀՀ Գյուղակադեմիայի թղթակից անդամներ են` Հ. Քլոյանն ու Ս. Ավետիսյանը, կազմեցին «ՀՀ պարենային համակարգի հիմնախնդիրները եւ զարգացման ռազմավարությունը» 400 էջանոց համապարփակ փաստաթուղթը: Ծրագրային այս ուսումնասիրության մեջ ՀՀ-ում մանր եղջերավորի գլխաքանակը սահմանափակված է 600 հազարի սահմանում: Չգիտես ինչու, այս թիվը 2003-ին նախարար նշանակված Դ. Լոքյանին դուր չի եկել: Արդյունքում` 2004-ին կազմված «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն» նոր փաստաթղթում, որը հեղինակ չունի, առաջիկա տարիների համար մանր եղջերավորի գլխաքանակի աննախադեպ աճ է նախատեսվել՝ 1,5 մլն գլուխ: Թե ում է ցանկանում հաճոյանալ նախարարությունն իր ղեկավարով, դժվար չէ գուշակել: Ի դեպ, Հ. Քլոյանն արդեն ազատվել է փոխնախարարի պաշտոնից։

Ուր է թե` գյուղատնտեսական քաղաքականության ոլորտի անհեթեթությունը գեթ այս մեկ օրինակով ավարտվեր: 2004-ի հիշատակված ռազմավարությունում, ասենք, տեխնիկական մշակաբույսերի խթանման ուղղությամբ որեւէ նախանշում չկա: Ասել է թե` ՀՀ-ում սպառվող այնպիսի մթերքներ, ինչպիսիք են շաքարավազն ու բուսական յուղերը, մենք պարտադրված ենք լինելու ամբողջ ծավալով ներկրել, այդ նպատակին հատկացնելով արտերկրների մեր հարազատների կողմից ուղարկվող տասնյակ միլիոնավոր դոլարները: Հարցը, թե ինչու դրանց արտադրության համար անհրաժեշտ հումքը՝ շաքարի ճակնդեղը, արեւածաղիկն ու եգիպտացորենը չի կարելի մշակել հայոց հողում, մնում է անպատասխան: Եվ հարցը՝ թե ո՞ւմ շահերի պաշտպանությունն է իրականացվում պետական այրեր հռչակվող պաշտոնյաների կողմից, մնում է օդում կախված: Համենայնդեպս՝ ոչ հայ շարքային քաղաքացու եւ հայոց պետության:

Այլապես հարկ է` հետեւելով արդեն զարգացած եւ այդ ուղին ընտրած երկրների օրինակին, գյուղատնտեսությունում ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե բանջարաբոստանային ու այգեգործական մշակաբույսերի արտադրության վրա, դառնալով այդ առումով զարգացած երկրների պարզունակ կցորդ, այլ` հիմնախնդիր համարել հիմնական սննդատեսակներ անասնապահական մթերքների արտադրությունը: Ներկրվող տասնյակ հազարավոր տոննաներ միս-մսամթերքներից եւ չոր կաթից ստացվող արտադրատեսակների վրա մեր ազգաբնակչությունը ծախսում է 100 միլիարդավոր դրամներ: Խոշոր անասնագլխաքանակի սպանդի գրեթե աննշան թվերի պատճառով` նպատակահարմար չի համարվում կաշվի փոքր քանակները ՀՀ-ում մշակելը. այն արտահանվում է Թուրքիա, իսկ այնտեղից ներկրվում է կաշվե հագուստը: Փաստորեն, աշխարհով մեկ սփռված հայության դեպի Հայաստան ուղարկած արժութային միջոցները մեր կյանքը տնօրինողների անհեռատեսության արդյունքում հայտնվում են անգամ մեր լավը չուզող հարեւանի գրպանում, խթանում նրա տնտեսական գործունեությունը: Եվ սա հայի որոշակի տեսակը դիտարկում է որպես ՀՀ ազգաբնակչության կյանքի բարելավում, որը հարկ է նվազագույնն անամոթություն որակել: Չենք ասում` «Մերսեդես» ավտոմեքենա կամ «Բոշ» սառնարան արտադրենք. ընդամենը խնդրում ենք հայոց բարեբեր ու ջերմաշատ հողում եգիպտացորենի 500 հազար տոննա հատիկի արտադրություն իրականացնել, կալորիական այդ կերով հզոր անասնապահական տնտեսություն կազմավորել, մսի ու կաթի սեփական արտադրություն ունենալ, կաշվի վերամշակումը վերականգնել, այն կիրառել մարզական, կենցաղային, հագուստի ոլորտներում: Իսկ եգիպտացորենի կողրերի ու ցողունի վերամշակումից, այլ երկրների օրինակով, արտադրել թուղթ ու լինոլեում, սոսինձներ ու արհեստական թելեր, խցաններ ու կինոժապավեն: Իսկ եթե այդ մշակաբույսի արտադրությունը հասցնենք 1 մլն տոննայի, կարելի է Չինաստանի, Բրազիլիայի եւ այլ երկրների օրինակով նաեւ տեխնիկական սպիրտ ստանալ եւ օգտագործել ավտոմեքենաներում: Վերջին այս թիվը Գյուղնախարարության պաշտոնյաներին թե զարմացնում, թե զայրացնում է, քանզի իրենց նեղություն չեն տալիս` ծանոթանալ բարեկեցիկ կյանքով ապրող երկրների զարգացումներին: Երբ տեղեկացվում են թվերին, տեղնուտեղը մեկ բառ են արտաբերում՝ ճիշտ է: Նրանցից մեկը, օրինակ, ոգեւորությամբ է հիշում Չինաստան իր այցը, փաստելով, որ ավտոմեքենայով 650 կմ ճանապարհ անցնելիս` միայն եգիպտացորենի դաշտեր է տեսել: Չգիտեմ ով` ինչպես, քանզի ՀՀ տնտեսագիտական միտքը երբեւէ որեւէ կոնկրետ ուղղություն չի առանձնացրել Չինաստանի զարգացման վերաբերյալ, տողերիս հեղինակն այն կարծիքին է, որ 1,3 մլրդ բնակչությամբ այդ երկիրը զարգանալ սկսեց, երբ շուրջ 2 տասնամյակ առաջ կարգավորեց իր պարենային անվտանգության խնդիրը, լուծելով կաթնամսատու անասնագլխաքանակի եւ այն պահելու համար անհրաժեշտ կերային բազայի հարցերը: ՀՀ իշխանությունը, հանձին իր կոալիցիոն կառավարման սկզբունքի, իր յուրօրինակ քաղաքականությունն է իրագործում, որի տխուր արդյունքներն էլ տեսնում է մեր հանրությունը:

ՀՀ գյուղոլորտում թափ առնող անհասկանալի գործընթացներն ամեն օր են խփում հողագործի առանց այն էլ տխուր կենցաղին: Ապացույցներից հերթականն առնչվում է ՀՀ-ում հացահատիկի արտադրությանը: Ոլորտի պաշտոնյաները, որերորդ շաբաթն է, արդեն նշում են այս տարվա ցորենի 1 կգ-ի դիմաց առաջարկվող 70 դրամ ցածր գինը, նախորդ տարվա 130 դրամի փոխարեն: Արդարանալու միջոց է ընտրվել համաշխարհային շուկայում ցորենի գնի շուրջ ինչ-ինչ ընդհանուր դատողություններ ասպարեզ նետելը, երբ համանման որեւէ գործընթաց պարզապես գոյություն չունի: Ասենք, ՌԴ-ում ցորենի բերքառատ տարիներին 1 տոննայի գինն իջել է մինչեւ 60 դոլար, իսկ առավելագույնը կազմել է 100 դոլար, եվրոպական շուկաներում մոտ 140 դոլար: Իսկ ինչքա՞ն էր 2004-ին ցորենի գին սահմանել հայ գյուղացին, հետեւելով նախարարի հայտնի խորհրդին. 250 դոլար: Ինչ-որ քանակներ վաճառել, իհարկե, հաջողվեց, սակայն մթերող կազմակերպություններն այնքան էլ չոգեւորվեցին հայ գյուղացուն թիկունք լինելու դիմաց սեփական շահույթներ չստանալուց: Եվ բնական է, որ նրանք 2005-ի համար կնքեցին այլ շահութաբեր պայմանագրեր: Գործընթացի անկառավարելիությունն այն աստիճանի է հասնում, որ անտեսվում է հայկական 2-րդ պետության շահը. ԼՂՀ-ում ամեն տարի 40-50 հազար տոննա հացահատիկի ավելցուկ է առաջանում, որի իրացումն իր հերթին գների տատանման եւ հողագործի աշխատանքի անարդյունավետության է հանգեցնում: Օրերս ԼՂՀ-ում եղած հայաստանցի լրագրողը թերթերից մեկում գրել էր, որ սպասվող վնասներից խուսափելու նպատակով գյուղացիները չեն ցանկանում հնձել հասունացած ցորենի արտը: Անցյալ տարի համանման վիճակ էր առաջացել կարտոֆիլի հարցում:

Չտեսնելու տալով ահագնացող այս վիճակը, մեր պաշտոնյաները տրվում են ՀՀ-ում պարենային ապահովության մասին առասպելների տարածմանը, իրենց նեղություն չտալով նկատել, որ արդեն հիշատակված հիմնական մի քանի սննդատեսակների ամբողջ ծավալներով ներկրումների կողքին, ըստ երշիկեղեն ու մսամթերքներ արտադրողների հավաստիացումների, ներկրված մսի հաշվին է նաեւ իրենց արտադրանքի նվազագույնը 70 տոկոսը: Իրողություն է նաեւ, որ տեղական մսի շարունակական թանկացումների արդյունքում այն սեղանին ունենալը շռայլություն է դարձել ՀՀ 100-հազարավոր ընտանիքների համար: Հավելենք. բացառությամբ ՀՀ տարածքում չաճող 1-2 մշակաբույսերի, գրեթե 100 տոկոսով ներկրվում են մեր սպառած բոլոր հատիկաընդեղենները, անգամ` խաղողի ու խնձորի, լոլիկի ու վարունգի, սոխ ու սխտորի ոչ քիչ ծավալներ: Եվ սա` մի երկրում, ուր 1 բնակչի հաշվով միայն վարելահողը կազմում է 1700 քառակուսի մետր (չհաշված ԼՂՀ-ն), աշխարհի շատ առավել բարգավաճ երկրների 500-1000 քառակուսի մետրերի դիմաց:

Թե ինչպես է հաջողվում նման ցուցանիշներ ձեռք բերել արտերկրների հողագործներին եւ նրանց գործունեությունը կառավարողներին, եւ ինչու նման արդյունքների չեն հասնում ՀՀ գյուղատնտեսությունում, մեկ անգամ չէ, որ համաշխարհային զարգացումների փաստարկմամբ ներկայացվել է ոլորտի ղեկավարներին: Բայց այստեղ առաջնորդվում են միայն խնդիրներ ստեղծելու տրամաբանությամբ, որն այլ արդյունքի չի հանգեցնում, բացի գյուղական աղքատության խորացումից: