Վերջ բարոյական հաղթանակներին

08/10/2011

Երեկ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում «Եվրո 2012-ի» նախընտրական փուլի Բ խմբի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Մակեդոնիայի հավաքականին` իրական հաղթանակ ու տոն պարգեւելով ոչ միայն ֆուտբոլասերներին, այլ իսկապես ողջ հայ ժողովրդին: Այլ դեպքերում սրանք ընդամենը վերամբարձ խոսքեր են, սակայն երեկ Երեւանում իսկական տոն էր, մարդիկ իսկապես ցնծում էին ուրախությունից: Խաղի ավարտից հետո ժամեր շարունակ մեր հավաքականի ակտիվ երկրպագուները քայլում էին Երեւանի փողոցներում ամենատարբեր վանկարկումներով, մարդիկ պատշգամբներից միանում էին նրանց, ավտոմեքենաներն ազդանշաններով ձայնակցում էին վանկարկումներին: Մի խոսքով, երեկ մեր ֆուտբոլի հավաքականի տղաները իսկական տոն պարգեւեցին հայ ժողովրդին, ընդ որում, ոչ թե պատահական, այլ որակյալ խաղի արդյունքում ձեռք բերած հաղթանակի շնորհիվ: Այսպիսով, Հայաստանի հավաքականն այժմ ունի 17 միավոր, ինչպես Իռլանդիայի եւ Ռուսաստանի հավաքականները: Երեկ, ավելի ուշ, Բ խմբի թիմերի միջեւ կայանալու էին եւս երկու հանդիպումներ` Իռլանդիա-Անդորրա եւ Սլովակիա-Ռուսաստան: Մեր թիմի համար լավագույն սցենարն այն կլինի, եթե սլովակներին հաջողվի հաղթել ռուսներին: Եվ եթե մեր հավաքականը կարողանա հոկտեմբերի 11-ին հաղթել Իռլանդիայի հավաքականին, ապա Հայաստանի հավաքականը կզբաղեցնի խմբում առաջին տեղը` իրար մեջ անցկացրած խաղերը եւ խփած ու բաց թողնված գնդակների տարբերությունը հաշվի առնելով: Մյուս սցենարի դեպքում մեր հավաքականը կարող է գրավել խմբում նվազագույնը երկրորդ տեղը` հնարավորություն ստանալով լրացուցիչ խաղում պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգրի համար: Այսինքն` մեր հավաքականին մնում է տոնել եւս մեկ հաղթանակ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ` այս շռնդալից հաղթանակները վերջնական արդյունքով ամրագրելու համար: Սակայն, անկախ հետագա զարգացումներից, այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ֆուտբոլը մեծ վերելք է ապրում. բավական է նշել, որ Հայաստանի հավաքականը պատմության մեջ խմբային պայքարում նման միավորներ երբեք չէր վաստակել: Բոլոր դեպքերում, հետագա պայքարը շարունակելու համար մեր ֆուտբոլիստները պետք է հաղթեն իռլանդացիներին: Հաշվի առնելով վերջին հաղթանակները` դա միանգամայն իրատեսական է: