«Ես անհավանական եմ համարում պարոն Քոչարյանի վերադարձը, բացի իրենից այդ վերադարձը ոչ մեկի կողմից պահանջված չէ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նա նկատել է, որ անգամ Քոչարյանի համար այդ վերադարձը պահանջված չէ, քանզի մարտավարական առումով` իր համար շահավետ է, որ Սերժ Սարգսյանն ավարտի իր առաջին եւ, գուցե, երկրորդ պաշտոնավարումը:
Ըստ Մելիքյանի` առանց այն էլ Քոչարյանի ազդեցությունը մեծ է հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա, եւ նրա կողմից դրսեւորած ավելի մեծ ճնշումը ռիսկային կլինի հենց Քոչարյանի համար։ «Հենց առաջադրումը նրա համար բավական ռիսկային կլինի, բայց առաջադրվելու դեպքում էլ նա չի ընտրվի»,- ասել է նա` ավելացնելով, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը պահանջված չէ նաեւ արտաքին ուժերի կողմից, քանզի արտաքին ուժային կենտրոններից եւ ոչ մեկին ձեռնտու չէ Հայաստանում հենարան ունենալ այնպիսի մի մարդու, ով կապ ունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ: Մելիքյանը նաեւ բացառել է ռուսական սցենարի կիրառումը Հայաստանում: Խոսելով առաջիկա ընտրություններում իր մասնակցության մասին` Արման Մելիքյանը նշել է, որ դեռեւս մտածում է խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության ձեւաչափի մասին, եւ դեռեւս կայացված որոշում չկա, իսկ որոշումը կկայացվի, եթե հստակ լինի, որ առաջիկա ընտրություններն իրապես արդար կլինեն: «Նախագահական ընտրություններին իմ մասնակցությունն առավել հավանական եմ համարում, քան խորհրդարանականին: Ընտրություններին մասնակցությունն ինձ համար երբեւէ ինքնանպատակ չի եղել, իսկ խորհրդարանական ընտրություններում, եթե լինի մի ուժ, ում գաղափարներն ինձ հարազատ լինեն, հնարավոր է` ես որպես աջակից լինեմ»,- ասել է նա: Ըստ Մելիքյանի` նախընտրական զարգացումների գագաթնակետը լինելու է փետրվար-մարտ ամիսներին, բայց այն ժամանակ չի լինի եռաբեւեռացվածություն, ինչպես այժմ է` Տեր-Պետրոսյան-Ս.Սարգսյան-Ռ.Քոչարյան, այլ կլինի երկբեւեռություն, որովհետեւ բեւեռներից երկուսը կմիավորվեն: «Մինչ այդ Սերժ Սարգսյանը կընտրի, թե ում հետ կհամագործակցի, ես հավանական եմ համարում, որ նա կգերադասի համագործակցել Քոչարյանի հետ, բայց իր առաջադրած պայմաններով»,- կանխատեսել է Մելիքյանը: Այս բեւեռների միավորման հարցում, ըստ նրա, մեկ հանգամանք եւս կա: Մասնավորապես, նրա գնահատմամբ, Ռուսաստանը չի ցանկանա Տեր-Պետրոսյանի ծանրակշիռ վերադարձը խորհրդարան կամ նախագահի պաշտոնում, եւ այդ առումով Ս. Սարգսյանը եւ Ռ. Քոչարյանը կունենան ռուսական աջակցություն` ընդդեմ Տեր-Պետրոսյանի: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա, ըստ Մելիքյանի, դատելով Արեւմուտքի այսօրվա դիրքորոշումից, եւ թե ինչպես են այնտեղ գնահատում Մարտի 1-ի իրադարձությունները, Քոչարյան-Սարգսյան տանդեմը նրանց եւս կգոհացնի:
Անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այցին Ազատության հրապարակ եւ այն հանգամանքին, որ երբ վերջինս էր հացադուլ անում, Տեր-Պետրոսյանը չբարեւեց նրան, Մելիքյանը նկատել է. «Ամեն մեկն իր համար է որոշում կայացնում, սա միջանձնային, մարդկային հարաբերությունների խնդիր է եւ որոշակի կենսափիլիսոփայության դրսեւորում: Դա կարող է ընկալվել նաեւ այնպես, որ պարոն Հովհաննիսյանը քաղաքավարության դաս տվեց պարոն Տեր-Պետրոսյանին»: