Ազնավուրն իշխանություններին դրել է հիմար վիճակի մեջ

08/10/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական դաշտում գրեթե շոկային վիճակ է առաջացրել ֆրանսահայ մեծանուն շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը` նախօրեին «Les Nouvelles dգArmenie» պարբերականին տված իր հարցազրույցով:

Բանն այն է, որ մեծն շանսոնյեն իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակին, արտագաղթին եւ բավականին կոշտ գնահատականներ է տվել: «Ո՞րն է Հայաստանից արտագաղթի գլխավոր պատճառը: Այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: Ընդհակառակը, մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլեւս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցել մաֆիայի՞ն: Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք: Սակայն դա ձեր երկրում մի արեք, ձեր ժողովրդի դեմ մի արեք»,- ասել է Շ.Ազնավուրը:

Շ.Ազնավուրի այս գնահատականներն, ըստ էության, ուղղված են Հայաստանի իշխանություններին: Ճիշտ է, նա չի կոնկրետացրել, թե «մաֆիա» ասելով` ում նկատի ունի, սակայն գաղտնիք չէ, որ մեր երկրում արտագաղթին նպաստող սոցիալական, տնտեսական ու այլ ոլորտներում տեղի ունեցող անարդարությունները համակարգված բնույթ ունեն, որոնք հովանավորվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Եվ դժվար թե տարիներ շարունակ եւ տարին մի քանի անգամ Հայաստան այցելող ֆրանսահայ մեծ երգիչն այդ մասին չիմանար: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ Շ.Ազնավուրը նաեւ Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ է, այսինքն` նաեւ Հայաստանի պաշտոնյա է: Մեր պաշտոնյաները եւ հատկապես դեսպանները սովորաբար չեն քննադատում Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդրի պատասխանատուներին: Բայց, միեւնույն ժամանակ, այս դեպքում միամիտ կլիներ մտածել, թե Շ.Ազնավուրը մոռացել է դեսպանի իր կարգավիճակի մասին, կամ չի նկատել, որ իր հարցազրույցը հրապարակվելու է Հայաստան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցին: Դժվար թե նրբանկատ եւ նախկինում կոշտ բնութագրումներով աչքի չընկած երգիչը դիվանագիտական այդ նրբությունները չզգար, քննադատեր արտագաղթ ու մաֆիոզ իրավիճակ ստեղծած Հայաստանի իշխանություններին: Ամենայն հավանականությամբ, աշխարհահռչակ երգիչը նպատակադրված է արել ՀՀ ներքին իրավիճակը բնութագրող իր այդ հայտարարությունները:

Ավելացնենք, որ Շ.Ազնավուրն անդրադարձել էր նաեւ Հայոց ցեղասպանությանը եւ ասել, թե` եթե թուրքերը չեն ուզում ընդունել Ցեղասպանությունը, թող ընդունեն հայերի կոտորածները: «Ցեղասպանություն» բառը խանգարում է, եւ պետք է ասեմ, որ ինձ էլ է խանգարում: Եթե թուրքերը ազնվություն ունենան ասելու, թե իրենց խանգարողը «ցեղասպանություն» բառն է, ապա մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն»,- ասել է նա:

Ամեն դեպքում նրա այս բոլոր բնութագրումները երեկ մի կողմից` զարմանք, մյուս կողմից` սպասողական վիճակ էին առաջացրել Հայաստանի քաղաքական դաշտում: Բանն այն է, որ հատկապես ցեղասպանությանը վերաբերող նրա մեկնաբանություններն արդեն դիվանագիտական ոչ միայն սկանդալ, այլ սխալ կարող են համարվել: Նման հայտարարություններ կարող է անել շարքային քաղաքացին կամ աշխարհահռչակ երգիչը, բայց ոչ երբեք` դեսպանը: Այդ հայտարարությունները հակասում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որն ամբողջ աշխարհում ցեղասպանությունը ճանաչելու խնդիր է դրել: Եվ անկախ այն հանգամանքից, թե դեսպանի հայտարարությունն իրականում ճիշտ է, թե ոչ, դա դիվանագիտական սխալ է: Հիշեցնենք, որ նման մի դիվանագիտական սխալի պատճառով պաշտոնից ազատվեց նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք նաեւ, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ընդամենն ընտրակեղծիքների մասին հայտարարության համար Արտաքին գործերի նախարարությունն աշխատանքից ազատեց իր 12 աշխատակիցների, այդ թվում եւ` փոխարտգործնախարարին ու դեսպաններից մեկին: Իսկ Շ.Ազնավուրի հարցազրույցի այս կոշտ բնութագրումներն, արդեն մի քանի օր է, արձագանք չեն ստացել: Շ.Ազնավուրն ինքը երեկ Հայաստանում էր եւ մինչեւ ուշ երեկո որեւէ մեկնաբանություն չտվեց: Ավելին, նրան կարծես թե մեկուսացրել էին հանրությունից եւ լրագրողներից: Երեկ առավոտյան իր իսկ տուն-թանգարանի բացման ժամանակ հայկական լրատվամիջոցները գրեթե հրավիրված չէին: Իշխանությունները հավանաբար մտածել են, թե միգուցե լրագրողներից մեկի մտքով կանցնի եւ հարցազրույցի կոշտ գնահատականների մասին երգիչ-դեսպանից մեկնաբանություն կխնդրի: Ամեն դեպքում, սպասվում է, որ մեկնաբանություն կհնչի: Դա կանի Շ.Ազնավուրն ինքը, թե Արտգործնախարարությունը, պարզ չէ, բայց իշխանությունները չեն կարող առանց պարզաբանումների թողնել նման սկանդալային հարցազրույցը: Երեկ փորձեցինք Արտգործնախարարությունից եւ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից մեկնաբանություններ ստանալ, բայց մեզ չպատասխանեցին: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ գոնե իշխող Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվեց կոնկրետ մեկնաբանություններ տալուց` ասելով, թե` «հանճարեղ մարդկանց չեն վերլուծում»: Սակայն նա չհամաձայնեց ներքին վիճակին տրված կոշտ բնութագրումների հետ: «Այդ կարծիքն ընդհանրապես շատ հեղհեղուկ ենք համարում, չեմ կարծում, որ դա իրական վիճակն է: Հեռվից նայած ինչ տեղեկատվություն են ստանում: Հնարավոր չի պատմություններ լսելով` պատմություն սարքել: Անհրաժեշտ է նման հայտարարության համար խորը ուսումնասիրել, ինչ-որ ժամանակաշրջան Հայաստանում ապրել»,- ասաց Գ.Սահակյանը: Վերջինս վտանգավոր է համարում Շ.Ազնավուրի` ցեղասպանության մասին հայտարարությունները, սակայն չի կարծում, որ դրա համար մեծ երգչից պետք է մեկնաբանություններ պահանջել: «Ես չեմ կարծում, որ նա որպես դեսպան է արել այդ հայտարարությունը: Որպես դեսպան հայտարարեր, կարծում եմ, որ եթե նման խնդիրներ կան, ուրեմն պիտի իշխանական կառույցներում մարդը չաշխատի: Շ.Ազնավուրը դեսպան չի, նա հայ է: Այդ ասպեկտով մենք չենք ուզում պատասխան տալ, կամ քաղաքական վերլուծությունների ենթարկել»,- եզրափակեց Գ.Սահակյանը:

Ընդդիմությունը, սակայն, համաձայն էր Շ.Ազնավուրի այն կոշտ գնահատականներին, որոնք վերաբերում են արտագաղթին ու ներքին խնդիրներին: «Կարծում եմ, որ ՀՀ բնակչության 90 տոկոսը կհամաձայնի մեծ շանսոնյեի հետ: Դրանով Շ.Ազնավուրը ցույց տվեց իր մեծությունը: Եվ գիտակցելով, որ ինքը պետական պաշտոնյա է, Ս.Սարգսյանի կողմից նշանակված դեսպան, այնուամենայնիվ, ճշմարտությունն ասաց»,- ասում է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:

«Ինչ վերաբերում է ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարություններին, թե պետք է ուրիշ բառ օգտագործել, ես չեմ կիսում այդ մոտեցումը: Բայց ինձ ավելի զարմացնում է Արտգործնախարարության լռությունը, քանի որ ՀՀ պաշտոնյան խոսում է մի բանի մասին, որն այսօր հակասում է ՀՀ արտաքին քաղաքականությանը: Թուրքերն ու ադրբեջանցիները միջազգային ատյաններում դա վարպետությամբ կօգտագործեն` հղում կատարելով Շ.Ազնավուրին` ոչ թե որպես երգիչ, այլ որպես ՀՀ դեսպան: Թուրքիան անմիջապես հղում կանի եւ կասի, որ հայերը ցեղասպանության ճանաչում չեն ուզում: Եթե ՀՀ արտգործնախարարությունը լռի, որպես վերջին դիրքորոշում` կմնա Շ.Ազնավուրի ասածը: Կարծում եմ, որ անմիջապես պետք է հետեւի ՀՀ արտգործնախարարության մեկնաբանությունը»,- եզրափակեց Վ.Կարապետյանը: